Արտակ Ղուկասյանի գործով հարցաքննվում են վկաները

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Արտակ Ղուկասյանի գործով դատական նիստը. նա մեղադրվում է խարդախության, յուրացման, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ. նա գիտությունների թեկնածու է, աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում:

Այսօրվա դատական նիստում հարցաքննվեցին երկու վկաներ, որոնք աշխատել էին ամբաստանյալի գրավատներում: Նրանցից առաջինն ասաց, որ աշխատել է գրավատանը, որը նորմալ աշխատել է մինչև 2012թ. մոտավորապես մայիս ամիս: Վկան ասաց, որ իրենց ոչ ոք չի ասել, թե ինչ է կատարվում, չի չգիտի, թե ինչի հետևանքով է գրավատունը հայտնվել աննորմալ վիճակում, սակայն գրավատունը գումարային և այլ խնդիրներ է ունեցել: Մեղադրողի հարցին՝ արդյոք վկան զրուցե՞լ է իր ղեկավարի հետ և վերջինս հայտնե՞լ է, թե ինչու է նման իրավիճակ առաջացել, վկան պատասխանեց.

«Լավ կլինի, ասում էր»:

Ամբաստանյալ Արտակ Ղուկասյանն ասաց, որ վկան իրեն հաղորդագրություն է ուղարկել՝ նշելով, թե հասեք, գրավատունը տակնուվրա են անում: Վկան, սակայն, ասաց, որ չի կարող հիշել, եթե նույնիսկ ուղարկած լինի: Վկան հայտնեց, որ եղել են դեպքեր, երբ գրավատանը շատ մարդիկ են հավաքվել, աղմկել, մնացել մինչև ուշ երեկո, իրենք նույնիսկ վախեցել են ստեղծված իրավիճակից: Դատարանում վկան ասաց, որ մի օր սովորականի նման եկել է աշխատանքի, սակայն տեսել է, որ գրավատունը փակ է:

Դատարանում մյուս վկան էլ ասաց, որ այն ժամանակվանից, երբ ինքն աշխատանիք է անցել, գրավատունը նորմալ չի աշխատել, գումար չի եղել, ունեցել են պորտֆել, աշխատել դրա հիման վրա: Որոշ ժամանակ անց, նրա խոսքով, ամեն ինչ խառնվել է, երբ բունկերի ոսկիները տարել է հաշվապահը: Մեղադրող դատախազը հետաքրքրվեց՝ արդյոք նա ճանաչո՞ւմ է Վահրամ Մկրտչյան անունով անձի: Խոսքը ՀՀԿ-ական պատգամավորի մասին է, ով այս քրեական գործով ճանաչվել է որպես տուժող: Վկան ասաց, որ նրան մի քանի անգամ է տեսել, Արտակը նրան ներկայացրել է որպես բաժնետեր:  Վկան հիշեց նաև, որ իրենց ներկայությամբ Արտակ Ղուկասյանը, Վահրամ Մկրտչյանը և այլ անձինք, եկել են գրավատուն, բացել բունկերը, տեսել, որ ոսկի չկա և գնացել:

 

Տեսանյութեր

Լրահոս