Ընտանեկան բռնությունները բացասական ազդեցություն են թողնում նաև երկրի տնտեսության վրա. Ջոն Հեֆերն
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի նախագահ Պերճուհի Կաժոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Հենրիետ Արենսը եւ Հայաստանում ԱՄՆ դեպսան Ջոն Հեֆերնն այսօր համատեղ մամուլի ասուլիս ունեցան՝ նվիրված Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակին:
Համաձայն ՀՀ ոստիկանության հաշվետվությունների` 2014թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում մոտ 1,500 կին ենթարկվել է բռնության: Խնդիրն այն է, որ Հայաստանում դեռևս չկա ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենք, որն ըստ որոշ մասնագետների նպաստում է ընտանեկան բռնությունների թվի մեծացմանը: 2015թ. Հայաստանը Ժնևում ներկայացնելու է զեկույց, որտեղ հաշվետու է լինելու 2010-14թթ. ստանձնած իր պարտավորույթուններին, որոնց մեջ է մտնում նաև Ընտանեկան բռնության մասին օրենքի մշակումն ու ընդունումը, որը 2013թ. մերժվեց ՀՀ օրենսդրի կողմից: Ոստիկանությունում ստեղծվել է հատուկ բաժին, որը զբաղվում է խնդրով, սակայն որքանո՞վ է դա էֆեկտիվ աշխատում և որքանո՞վ է ուղղված կանխարգելմանը, երբ բացակայում է օրենսդրական բազան:
Պերճուհի Կաժոյանն ասաց, որ խնդիրները բազում են, բայց իրենց կոալիցիան այս տարվա 16 օրյակի շրջանակներում կազմակերպեց տարբեր ակցիաներ, քննարկումներ, ֆիլմերի դիտումներ և այլն: Ըստ նրա` իրազեկումը, ձայն բարձրացնելն առաջին քայլերը պետք է լինեն:
Նա նշեց, որ մերժումից հետո իրենք վերանայել են օրենքի նախագիծը և այս տարի բուռն տեմպերով փորձում են օրենքն անցկացնել: Օրենքի չընդունումը նա պայմանավորում է մի քանի գործոններով. «Նախ քաղաքական գործիչների քաղաքական կարգի պակասը: Մենք սա միշտ ենք ասել և շատ քիչ է շարժն այդ ոլորտում դեպի դրականը: ԱԺ պատգամավորներն այս հարցին միգուցե այնքան էլ կարևորություն չեն տալիս, ինչը իրազեկման ցածր մակարդակի ու քաղաքական կամքի պակասի հետ է կապված»:
ՄԱԿ-ն այս առիթով հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես կոչ է արվում բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ` կառավարությանը, միջազգային հանրությանը և քաղաքացիական հասարակությանը, լրատվության միջոցներին և հանրությանը, միավորելու իրենց ջանքերը` ուղղված ընտանեկան բռնությանը վերջ տալուն և կանանց նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում չհանդուրժող քաղաքականության պահպանմանը:
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ասաց, որ նման հարցերի համար իրազեկումը անչափ կարևորվում է. «Սոցիալական գովազդների պատրաստումը, քաղաքի կենտրոնում և ամբողջ երկրով մեկ միջոցառումների անցկացումը, առանցքային գործոն են խնդրի տարածվածության մասին հասարակությանն իրազեկելու և իրազեկվածությունը բարձրացնելու համար: Եթե ընտանիքներում խնդիրներ կան, ապա թող չվարանեն զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներով»:
Դեսպանը դրական գնահատեց ոստիկանությունում նոր ստարաբաժանում ստեղծելը և ասաց, որ թե’ ԱՄՆ դեսպանատունը, թե’ ՄԱԿ-ը աշխատում են ոստիկանության նոր ստորաբաժանման հետ. «Նախորդ ամիս այդ ստորաբաժանման 7 աշխատակիցների ուղարկեցինք ԱՄՆ, որտեղ նրանք առիթ ունեցան աշխատել տեղի ոստիկանների հետ և այս ոլորտում իրենց հմտություններն ու գիտելիքները զարգացնել:
Բազմակողմանի մոտեցման անհրաժեշտությունը հատուկ է ընտանեկան բռնության հարցերին: Դրա համար հարկավոր է լայն գործընկերություն այս խնդրի շուրջ: Կարևորվում է նաև Ընտանեկան բռնության մասին օրենքի առկայությունը, որտեղ ներառված կլինեն բոլոր կարևոր բաղադրիչները` քրեական հետապնդում, պաշտպանություն, կանխարգելում: Գոյություն ունեցող օրենքներում ներառված չեն պաշտպանության և աջակցության, տուժողներին ծառայություններ մատուցելու բաղադրիչները:
Ընտանեկան բռնությունները բացասական ազդեցություն են թողնում նաև երկրի տնտեսության վրա. կան կորսված աշխատավարձեր, կատարվում են առողջապահական ծախսեր և այլն: Օրինակ` ԱՄՆ-ում` 1994թ., համապատասխան օրենքն ընդունելուց հետո արձանագրել ենք, որ հնարավոր է նաև միլիարդավոր դոլարների հարկատուների միջոցներ խնայել»,-ասաց նա: