Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը, ռուսական անեկդոտներն ու ազդեցությունը Հայաստանի վրա

Ռուսաստանում ռուբլու արժեզրկման, շարունակվող գնաճի և երկրի տնտեսական վիճակի վատթարացմանը զուգընթաց ծագել են թեմայի հետ կապված մի շարք անեկդոտներ, ինչպես օրինակ` «Ռուսաստանի ոսկերչական սրահներում արդեն սկսել են վաճառել հնդկացորեն», կամ` «միաժամանակ չես կարող ունենալ և´ թանկագին Վլադիմիր Վլադիմիրովիչ և´ թանկարժեք նավթ»:

Այս անեկդոտներն այսօրվա ասուլիսում մեջբերեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը`բնորոշելով Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը և անդրադառնալով Հայաստանի վրա դրա ազդեցությանը:

Նա հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները կարող էին գոնե չխաբել քաղաքացիներին` վերահսկվող հեռուստաալիքներով հանրությանը ներշնչելով, թե միանալով Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ)` Հայաստանը լուծում է անվտանգության և Հայաստանի տնտեսական բարգավաճման խնդիրը:

«Տնտեսական բարգավաճման պատրանքն ուղղակի փլուզվեց աչքերիս առաջ, իսկ անվտանգության խնդիրը փլուզվեց` հայկական ուղղաթիռը խփելով»,- ասաց «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչը:

Կարդացեք նաև

Անուշ Սեդրակյանին զարմացնում է այն, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին ծավալուն փաստաթուղթը, որը կազմում է շուրջ 1400 էջ, կարելի է խորհրդարանում քննարկել այդքան կարճ ժամանակում: Ըստ նրա`դրանից առաջ Հայաստանում պետք է լինեին  մասնագիտական տնտեսագիտական բանավեճեր, պետք է հրապարակվեին մասնագետների գնատականները, որից հետո պայմանագիրը կմտներ Ազգային ժողով: «Չֆիքսվեց այն փաստը, որ այժմ ԵՏՄ-ի գլխավոր հենարանը և սյունը` Ռուսաստանը, գտնվում է շատ ծանր տնտեսական վիճակում,- ասաց Անուշ Սեդրակյանը` շեշտելով,-Ես ոչ մի օգուտ չեմ տեսնում, իսկ վնասները բոլորս ենք տեսնում»:

Արձագանքելով Անուշ Սեդրակյանին` իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Դավթյանն ասաց, որ բանավեճեր եղել են, Հայաստանն էլ չի փայլում տնտեսագիտական մտքով, և անիմաստ կլիներ քննարկել քննարկելու համար:

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահը քննադատորեն հիշեց անկախության շարժման տարիներին մարդկանց հայտարարությունները, որ մեզ ազատություն է պետք, Արևմուտքն էլ մեզ կօգնի և մենք ոտքի կկանգնենք:

Արտակ Դավթյանը դժգոհ է, որ ԱՄՆ-ը և Եվրոպան լավ չեն օգնել Հայաստանին, նրան թույլ չեն տվել մտնել գլոբալ շուկա, այդ պատճառով էլ մեր երկիրն այսօր ծանր տնտեսական վիճակում է:

«Եթե մենք այն ժամանակ մեր իրատեսության զգացումը չկորցնեինք, և պահպանեինք տնտեսական միությունը և տնտեսական կապերը, որովհետև այսօր էլ, այն ժամանակ էլ ամեն ինչ պայմանավորված է գլոբալ շուկայի պահանջներով: Գլոբալ շուկա, որն Արևմուտքն է ստեղծել, որի ամբողջական տերը հենց Արևմուտքն է և մուտքը այդ շուկա որևէ մեկին ուղղակի արտոնված չէ, այդ թվում այնպիսի աղքատ բարեկամի կարգավիճակ ունեցող երկրի, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է: Եվ անցած 23 տարիները հենց դա ապացուցեցին: Ազատություն, առանց որևէ բարեկեցության, առանց մրցունակ լինելու հեռանկարի, հանգեցրեց այսօրվա իրավիճակին»,- հայտարարեց Արտակ Դավթանը:

ՀՀԿ ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ, օրինակ, Հունգարիան, Բուլղարիան, Ռումինիան, միանալով Եվրամիությանը, տնտեսական որևէ օգուտ չեն ստացել այդ անդամակցությունից, բայց նաև ավելացրեց. «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին չի նշանակում, որ մենք ամբողջովին հրաժարվում ենք Արևմուտքի հետ երկխոսությունից կամ նրանց հետ համագործակցությունից»:

Անուշ Սեդրակյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանը մտնում է մի տարածք, որը փաստացի գոյություն չունի, որովհետև Ռուսաստանը մաքսային արգելքներ է կիրառում Մաքսային միության անդամ Բելառուսի նկատմամբ` մաքսակետ դնելով վերջինիս սահմանին. «Եթե մի տեղ դրվում է մաքսակետ, դա ազատ տնտեսական տարածք չի»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս