Պուտինից հետո Ռուսաստանում կարող է իշխանության գալ ավելի վտանգավոր ռեժիմ. Bloomberg
Bloomberg-ի խմբագրակազմը դեկտեմբերի 3-ին հրապարակել է «Պուտինից հետո կարող է գալ ավելի վատ ռեժիմ» խորագրով հոդվածը, որում նշված է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է` չափազանց մտահոգված չէ Արևմուտքի հետ իր դիմակայության տնտեսական հետևանքներով, սակայն մնացյալ ողջ աշխարհը պետք է զգոն լինի. ռուսական առաջնորդը իր երկիրը տանում է այն ուղով, որը կարող է հանգեցնել էլ ավելի վատթար ռեժիմի, քան` պուտինյանը:
Արևմտյան պատժամիջոցները, նավթի գնանկումը կտրականապես վատթարացրել են ռուսական էկոնոմիկայի համար կանխատեսումը, որը (տնտեսություն) արդեն իսկ թևակոխել է պայքարի ժամանակաշրջան` Ուկրաինա ռուսական զորքերի մտնելու պահից սկսած:
Ռուբլին կտրուկ արժեզրկվում է, Ռուսաստանի կառավարությունը միլիարդավոր դոլարներ է ծախսում` աջակցելու համար բանկերին ու առավել կարևոր նախագծերին: Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի տնտեսությանը հաջորդ տարվա առաջին եռամսյակում սպասվում է լայնամասշտաբ անկում: Կարճաժամկետ հեռանկարում Պուտինն ունի բավականաչափ գործիքներ, որպեսզի հաղթահարի այդ ամենը:
Պուտինի ռազմական գործողությունները` ուղեկցվող քարոզչության հետ միասին, նրա վարկանիշը բարձրացրին մինչև նոր մաքսիմումների: Անգամ պատժամիջոցները որոշակի առումով ձեռնտու են նրան` հնարավորություն տալով «տնտեսական տառապանքների» համար մեղադրել Արևմուտքին և ոչ թե ռուս առաջնորդին մեղադրել թերի կառավարման մեջ:
Ձեռքի մեկ շարժումով Պուտինը վերաշարադրել է Ռուսաստանի հասարակական դատավճիռը, որը նախատեսել է իշխանությունների խստացված վերահսկողություն` ռուսաստանցիների բարգավաճման դիմաց: Այժմ այդ (բարգավաճման) պայմանագրի պայմաններից մեկը դարձավ ազգայնական հպարտությունը:
Սակայն երկարաժամկետ հեռանկարում Պուտինի դիրքորոշումը դառնում է անկայուն: Զինվորականներին, պետծառայողներին ու թոշակառուներին հանգստացնելու նրա ունակությունը, ինչպես նաև համակիրների միջև միլիարդանոց պայմանագրերի բաշխումը զգալիորեն կախված է լինելու նավթի ու գազի վաճառքից ստացվող եկամուտներից, որոնք կազմում են դաշնային բյուջեի մոտ կեսը:
Եթե հետագայում նույնպես բարդ լինի փոխառություններ ստանալը, ապա Պուտինը կբախվի քաղաքական բարդ առաջադրանքի. ծախսերի կրճատման կամ հարկերի բարձրացման անհրաժեշտություն, որպեսզի կարողանա ծայրը ծայրին հասցնել:
«Սառը պատերազմի» քաղաքականությանը Պուտինի կողմից վերադարձ կատարելը միայն նվազեցնում է նավթային կախվածությունից երկրի դուրս գալու հնարավորությունները:
Ժամանակակից, լավ կրթված անձինք սովորաբար չեն ցանկանում ապրել մեկուսացված երկրում, ուր նրանք չեն կարող խոսել ազատորեն կամ ընտրել իրենց առաջնորդներին, ուր թալանում են կոռումպացված պաշտոնյաները:
Դրա հետ մեկտեղ Պուտինը խրախուսում է ազգայնականության վտանգավոր տեսակ, որը հնարավոր է` նա չի կարող վերահսկել: Որքան երկար Ռուսաստանում տևի տնտեսական անկումը, այնքան մեծ կլինի նրա հավանականությունը, որ Պուտինի ընդդիմությունը կվերածվի ավելի վտանգավոր բանի:
Եթե էլիտայից որևէ մեկին չհաջողվի տապալել Պուտինին ու անցկացնել ազատ ու արդար ընտրություններ, ապա վարչակարգի փոխարինումը կիրականացվի հեղափոխության միջոցով»: