Քաղաքակիրթ ամուսնալուծության հետևանքները

Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի միանալու գործընթացների շրջանակներում Հայ Հեղափոխական դաշնակցությունը «հաղթաթուղթ» է գտել` ընդդեմ Հայ ազգային կոնգրեսի նախկին ՀՀՇ-ականների ու ամեն առիթով մատնացույց է անում այն: ՀԱԿ-ական նախկին իշխանավորներն էլ փորձում են պայմանագրի նշանակությունը ներկայացնել որպես երկրորդական, իբրև թե այն անհետևանք մի փաստաթուղթ է: Թե՛ Ազգային ժողովում պայմանագրի քննարկումների, թե՛ երեկ ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչները բազմիցս հիշատակեցին 1993 թ. կնքված և 1994 թ. ՀՀ Գերագույն խորհրդում վավերացված «Տնտեսական միության ստեղծման մասին» պայմանագիրը:
«Մենք բացահայտեցինք, որ սա (ԵՏՄ պայմանագիրը.- Գ.Խ.) նոր բան չէ:

1994 թվականից մենք ուժի մեջ մտած պայմանագիր ունենք՝ Տնտեսական միության ստեղծման մասին: Չեմ հասկանում պարզապես, թե էդ ճամբարի որոշ լրատվամիջոցներ ինչո՞ւ են ընկել ջղաձգումների մեջ` ՀՅԴ-ի հետ կապված, երբ մենք ասում ենք՝ ճիշտ եք արել, մենք չենք ասում՝ սխալ է 1994 թ.: Մենք դրա դեմ չենք խոսում, մենք ասում ենք պարզապես՝ եկեք հասկանանք մեր կատարած քայլերի տրամաբանությունը, որտեղից է սկսում, ուր է գնում»,- երեկ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ 1994թ. պայմանագրով շատ ավելի խիստ պայմաններ են սահմանվում հենց ինքնիշխանության և մնացած հարցերի հետ կապված, քան ներկայիս ԵՏՄ պայմանագրով:

«Եթե այդ տրամաբանությամբ այդ քննարկումները կատարվեին, շատ ավելի օբյեկտիվ դաշտում կհայտնվեինք, ո՛չ էմոցիոնալ դաշտում: Այն մարդիկ, որոնք այն ժամանակ դրա դեմ չեն ըմբոստացել, ինտրիգներ չեն արել, չեն դուրս եկել ճաղերի առաջ կանգնել, «դավաճան» ասել, երբ նույն բանն է եղել, հիմա ի՞նչ իրավունքով և ի՞նչ տրամաբանությամբ են անում: Սա թող իրենք պատասխանեն: Իսկ ՀՅԴ-ի մոտեցումը նույն է եղել: 1994 թվականին ընդդիմություն ենք եղել, բայց այս հարցի հետ կապված հակառակ տեսակետ չենք հայտնել»,- հավելեց Ա. Ռուստամյանը:

«Տնտեսական միության ստեղծման մասին» պայմանագրի տեքստն առկա է Հայաստանի իրավաբանական տեղեկատվական համակարգում (arlis.am): Այն ստորագրվել է 1993 թ. սեպտեմբերի 24-ին, Մոսկվայում: Ուժի մեջ է մտել 1994 թ. հուլիսի 26-ից և գործում է մինչ օրս:

Փաստաթղթում նշվում է, որ Տնտեսական միության նպատակն է՝ շուկայական հարաբերությունների հիման վրա ընդհանուր տնտեսական տարածքի փուլային ստեղծում, միությունը ենթադրում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ, համաձայնեցված դրամավարկային, բյուջետային, հարկային, գնային, արտաքին տնտեսական, մաքսային և արժութային քաղաքականություն և այլն:

«Պայմանավորվող կողմերը համաձայնել են, որ Տնտեսական միությունը ստեղծվում է ինտեգրացիայի փուլային խորացման, տնտեսական բարեփոխումների իրականացման գործում գործողությունների համակարգման միջոցով. ազատ առևտրի միջպետական (բազմակողմ) ասոցիացիայի, մաքսային միության, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ընդհանուր շուկայի, արժութային (դրամային) միության:
Ինտեգրացիայի յուրաքանչյուր ձևի համար նախատեսվում է փոխկապակցված միջոցառումների համալիր, որոնք պետք է ընդունվեն և իրականացվեն առանձին համաձայնագրերին համապատասխան»,- ասված է փաստաթղթի 4-րդ գլխում:

Ստացվում է, որ գուցե մի քիչ ուշացած, բայց այնուամենայնիվ Մաքսային միությունը կամ հաջորդ տարվանից` Եվրասիական տնտեսական միությունն ինքնին այս տասնամյա պայմանագրի «փուլային խորացումն» է, որին անխուսափելիորեն հետևելու է նաև արժութային միության ստեղծումը (ինչն, ի դեպ, առայժմ փորձում են հերքել ՀՀ ներկայիս իշխանության ներկայացուցիչները):

«Միայն մի բանով է տարբերվում՝ «եվրասիական» բառը չկա, եթե գումարես, կդառնա նույնը՝ շատ ավելի խիստ տոներով: Մաքսային միության մասին խոսվում է՝ ընդհանուր ֆինանսական քաղաքականություն, առևտրատնտեսական քաղաքականություն… ամեն ինչ համակարգված է, անգամ ռուբլու գոտու ստեղծման մասին է արձանագրված»,- 1994թ. և 2014թ. պայմանագրերը համեմատելով` նշել է Ա.Ռուստամյանն ու կոչ արել զուր տեղը քաղաքական շահարկումների հարց չսարքել:

Դաշնակցության «բացահայտումը» ՀԱԿ-ը բնորոշում է «պեղել» բառով: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ հայտարարեց, թե Գերագույն խորհրդում այդ պայմանագրի քվեարկության արձանագրությունն են հանել ու պարզել, որ 127 պատգամավոր միաձայն կողմ է եղել դրա վավերացմանը:

Երեկ այս հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ:

– Պարոն Զուրաբյան, 1994 թ. պայմանագիրն ինչպե՞ս է ընդունվել:

– Դե, գիտե՞ք ինչ, նախ՝ ԱՊՀ-ի գագաթաժողովները, որոնք շատ հաճախ էին այն ժամանակ, էդպես, ամեն մի գագաթաժողով մի 10 փաստաթուղթ ընդունում էր: Էն ժամանակ մի էդպիսի գործընթաց էր, ԱՊՀ-ն, ըստ էության, ամուսնալուծության, այսպես ասած, քաղաքակիրթ մի տարբերակ էր: Այսինքն` անկախ պետությունների համագործակցություն էր, և մշակվում էին այն մեխանիզմները, որ մի կողմից` պետությունների անկախությունը երաշխավորվեր, մյուս կողմից՝ չկտրվեին նրանց միջև եղած տնտեսական, մշակութային և այլ կապերը: Եվ ԱՊՀ-ն այն ժամանակ նման բազմաթիվ որոշումներ է ընդունել, և այն ժամանակ ոչ ոք, նորից եմ ասում, չի նայել դրա վրա` որպես անկախության վրա ոտնձգություն, և չէր էլ կարող նայել:

– Այսինքն՝ ի թիվս այլ փաստաթղթերի` «շտամպովկայի» նմա՞ն են ընդունել: Բազմիցս շեշտվեց, որ այն շատ ավելի խիստ պայմաններ է սահմանում:

– Հիմա լիքը փաստաթղթեր են ընդունել: Անունը կարող եք դնել «շտամպովկա», կարող եք չդնել, դրանից ոչինչ չի փոխվի: Ես ասում եմ՝ այն ժամանակ կար ԱՊՀ պետությունների ղեկավարների կամք՝ այնպիսի մի գործընթաց անցկացնել, որ մի կողմից` բոլորն իրենց անկախությունը կառուցեին, ձևավորեին, կայացնեին, մյուս կողմից՝ պահպանեին բոլոր օգտակար կապերը: Դրա համար այդ բազմաթիվ փաստաթղթերը, պայմանագրերն ընդունվել են, և այն ժամանակ ոչ ոք դրան չի ընդդիմացել, ոչ ոք չի համարել դա ոտնձգություն անկախության վրա:

– Իսկ ինչո՞ւ չի գործել պայմանագիրը:

– Չի գործել, որովհետև բազմաթիվ այլ, աշխարհաքաղաքական պրոցեսներ գնացին, օրինակ՝ Արդբեջանը, Վրաստանը, Ուզբեկստանը և Մոլդովան ՎՈՒԱՄ կազմեցին, եթե հիշում եք, սկսեցին տապալել ԱՊՀ որոշումների իրականացումը, հետո ՎՈՒՄԱ-ն էլ տապալվեց: Բազմաթիվ պրոցեսներ էին գնում այն ժամանակ: Հիմա ոչ ոք չէր կարող երաշխավորել այդ գործընթացներում, որ հետո դա կիրականացվի բոլորի կողմից:

– Ըստ Ձեզ՝ Վ.Պուտինի այս նախագիծը դրա տրամաբանական շարունակությո՞ւնն է:

– Ես այդպես չեմ համարի, որովհետև դրանից հետո բազմաթիվ իրողություններ են փոխվել, բազմաթիվ: Ո՞նց կարող է դրա շարունակությունը լինել: Իհարկե, գաղափարը միշտ էլ եղել է. քանի որ նախկին Խորհրդային Միության հանրապետությունները եղել են մի միասնական տնտեսական տարածքում, իրար հետ ունեցել են լրջագույն կապեր, որ նման մի միության ստեղծումն օգտակար գաղափար էր: Եղել է դա և միշտ էլ քննարկվել է: Փորձեր են եղել այդ ամեն ինչն անել: Հիմա մի հատ հերթական փորձ է: Չեմ կապի մեկը մյուսի հետ:

Հերթական փորձ է, հիմա մի քիչ էլ քաղաքականացված փորձ է, որովհետև այն տեղի է ունենում արդեն Արևմուտքի և Ռուսաստանի առճակատման պայմաններում: Առաջ դա չկար, և նույն Ռուսաստանն այդ հարցն ավելի կոշտ է դնում՝ ելնելով նորից այս առճակատման վիճակից և ելնելով նրանից, որ ինքն ընկալում է, օրինակ, եվրոասոցիացման պայմանագիրը կամ նման այլ նախաձեռնություններն Արևմուտքի կողմից` որպես ոտնձգություն իր ազգային շահերի նկատմամբ:

Լուսանկարը՝ Անի Գևորգյանի

Տեսանյութեր

Լրահոս