«Եթե Երևանում ուժգին երկրաշարժ լինի, ապա ավերածությունները մոտ 10 անգամ ավելի կլինեն, քան Սպիտակի երկրաշարժի ժամանակ եղան». Մկրտիչ Մինասյան

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը չի կասկածում, որ եթե Երևանում ուժգին երկրաշարժ լինի, ապա ավերածությունները մոտ 10 անգամ ավելի կլինեն, քան Սպիտակի երկրաշարժի ժամանակ եղան. «Մեզ մոտ սովետական շրջանում կառուցված շենքեր են, և եթե նույնիսկ լավ կառուցված լինեին, միևնույն է, հիմա արդեն հաստատ կորցրել են իրենց նախկին որակը, քանի որ մեզ մոտ շենքերն առանց հսկողության օգտագործվում են այնքան ժամանակ, մինչև դրանք ուժասպառ են լինում և քայքայվում»:

Ամենավտանգավորը Մ. Մինասյանի կարծքով այն է, որ մենք բոլոր հարթակները վերացրել ենք, որտեղ մարդիկ պետք է պատսպարվեին հնարավոր երկրաշարժերի ժամանակ, ազատ տարածություն չկա. «Մենք բոլոր հնարավոր բակերը, հարթակները խտացրել ենք և լցրել կառույցներով: Եթե հանկարծ երկրաշարժ լինի, օրինակ՝ Հյուսիսային պողոտայում մարդկանց տարհանելու տեղ ընդհանրապես չկա, քանի որ այնտեղի շենքերը չափազանց խիտ են կառուցված, որքան էլ որ սեյսմակայուն լինեն»:

Մ. Մինասյանի խոսքով՝ անհանդուրժելի է հատկապես այն հանգամանքը, որ Գյումրիում շատերը երկրաշարժից 26 տարի անց դեռևս բնակարաններ չեն ստացել. «Գյումրին չպիտի թողնվեր այս աստիճանի, որ մոտ 1500-2000 ընտանիք դեռ ոչ մի բնակարան չի ստացել: Դա ուղղակի անհանդուրժելի է: Քառորդ դար է անցել, և այդ տնակներում մեծացել է մի ամբողջ սերունդ: Մենք էլ ենք երևի մեղավոր, որ այդքանից հետո բոլոր նախատեսված և չնախատեսված գումարները փոշիացել են և մտել որոշ մարդկանց գրպանները»:

«Մարդիկ պարզապես պետք է իրենց ձեռքով իրենց տները չքանդեն,- իր խոսքում նշեց Մկրտիչ Մինասյանը,- Ոչ մի ճապոնացու չես տեսնի, որ դիմի քաղաքապետարանին՝ իր տան պատուհանը, օրինակ, դուռ դարձնելու համար, շենքի տակ նկուղ կառուցելու համար, շենքի վրա ձեղնահարկ կառուցելու համար, տան հիմնական սյուները քանդելու և այլն, քանի որ դրանից ամբողջ շենքը թուլանում է: Բայց մեզ մոտ դրանք հիմնական հայտերն են: Մարդիկ անցել են այդ ամենի միջով և նորից չեն վախենում»:

 

Տեսանյութեր

Լրահոս