«Ղարաբաղ Կարպետ»-ը մասնաճյուղ կունենա նաև Կովսականում

2015-ին «Ղարաբաղ Կարպետը» Կովսականում կբացի իր՝ թվով 5-րդ մասնաճյուղը:

Իր 2-ամյա գործունեության ընթացքում գորգագործարանը մասնաճյուղեր է բացել Ճարտարում, Հադրութում, Շուշիում եւ Բերձորում:

«Մենք որոշել էինք Արցախի ամեն վարչական տարածքում ունենալ մասնաճյուղ, սակայն նկատի ունենալով Քաշաթաղի նշանակությունն Արցախի համար, որոշեցինք այնտեղ բացել երկրորդ մասնաճյուղը` այդպիսով Կովսականում ունենալով մասնաճյուղ եւ որոշակիորեն հոգալով աշխատատեղերի խնդիրը»,- պատմում է ընկերության տնօրեն Սեւակ Խաչատրյանը:

Ի սկզբանե լինելով սոցիալական պրոյեկտ ընկերությունն իր առաջ նպատակ է դրել վերականգնել այժմ գողացվող ազգային նախշազարդերը, վերականգնել հայկական գորգի անունն աշխարհում , ինչպես նաեւ որքան հնարավոր է աշխատատեղ բացել` սովորեցնելով այդ հին արհեստը 21-րդ դարի կնոջը:

Շուրջ 160 կանայք են աշխատում հիմա ընկերությունում. ոմանք նախկին գորգագործներ են, իսկ մեծ մասը մի քանի ամիս առաջ է սկսել իր առաջին քայլերն անել այս ասպարեզում:

Գործարանն, ըստ տնօրենի, լուծում է նաեւ մի նուրբ խնդիր. այստեղ աշխատում են նաեւ ֆիզիկական սահմանափակ կարողությունների տեր թվով 6 հոգի, ովքեր նախկինում խոչընդոտների են հանդիպել աշխատանք գտնելու հարցում:

Այստեղ նրանք կարողանում են լիարժեք դրսեւորել իրենց կարողությունները՝ նույն արագաշարժությամբ գործելով գորգեր: Ի դեպ, նրանցից մեկին մեր կայքն անդրադարձել է շուրջ մեկ տարի առաջ:

Բազմագույն թելեր միահյուսելու, բարդ եւ գունագեղ պատկերներ ստանալու համար աշխատողները աշխատավարձ ստանում են կատարած աշխատանքի դիմաց: 1 քառակուսի մետրի համար սահմանված է 58 300 դրամ:

Ինչպես վստահեցնում է ընկերության տնօրենը՝ աշխատողների միջին տոկոսը անցնում է 1,5 ք/մ-ի շեմը, գործում մինչեւ 2 ք/մ:

Գտնելով, որ գորգ գործելը բավականին ծանր աշխատանք է, տնօրենն այնուամենայնիվ չգիտի, թե երբ է գալու այն օրը, որ աշխատողներն ավելի բարձր վարձատրվեն: Նշում է, որ աշխատավարձ մի անգամ բարձրացրել են, երբ եկամտահարկն է բարձրացել՝ որպեսզի նշված բարձրացումը աշխատողների գրպանի հաշվին չլինի:

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս