Ինչպիսի՞ թանկացումներ են եղել վերջին մեկ շաբաթվա ընթացքում
«Ինֆլյացիան ընդհանրապես առաջանում է երկու պատճառներով. կա՛մ տեղի է ունենում պահանջարկի մեծացում, կա՛մ հակառակը՝ ապրանքների դեֆիցիտ: Բայց այսօր Հայաստանում ինֆլյացիան առաջացել է ոչ այդ պատճառներով, այլ դրամի արժեզրկման հետևանքով: Դա էլ բերել է նրան, որ ապրանքների գները դրամով արտահայտված բարձրացել են: Այս պարագայում պետությունը պետք է միջոցառումներ ձեռնարկի՝ հետևանքները կանխելու համար»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նման դիտարկում կատարեց տնտեսագետ Եղիշե Սողոմոնյանը:
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում տնտեսագետներն առաջարկում են երկու լուծման տարբերակ. նախ՝ դրամարկային քաղաքականությունը, այսինքն՝ Կենտրոնական բանկի գլխավոր խնդիրն է գների կայունության ապահովումը, որպեսզի նվազեցնի ինֆլացիայի բացասական հետևանքները. «Այս դեպքում ԿԲ-ն էլի կարող էր դրամի փոխարժեքը պահպանել, բայց դա երկար չէր կարող տևել. արդյունքում բավականին պետական պահուստներ կկրճատվեին: Այդ իսկ պատճառով այլ բան չէր մնում, քան թողնեին, որ շուկայում տեղի ունենար դրամի արժեզրկում: Պարզապես ԿԲ-ն պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի և այդ հետևանքները մեղմացնի:
Լուծման հաջորդ ուղին Կառավարության ձեռքում է: Պետք է Կառավարությունը միջոցներ ձեռնարկի իր հարկային քաղաքականության, պետական ծախսերի միջոցով, փորձի նվազեցնել ինֆլացիոն հետևանքները: Առաջին ամենամեծ խնդիրը եկամուտները հավասարակշռելն է»:
Խոսելով այն մասին, թե ինչպիսի թանկացումներ են եղել վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ Ե. Սողոմոնյանն ասաց, որ ըստ իր ունեցած վիճակագրության՝ կաթնամթերքի գինը թանկացել է 5-10 տոկոսով, ձուն՝ 4 դրամով, ձեթը, բրինձը՝ 8 տոկոսով, հնդկաձավարը՝ 15 տոկոսով, ալյուրը՝ 8, շաքարավազը՝ 5-6, բենզինը՝ 10 դրամով, հացամթերքը՝ 10 դրամով, այսինքն՝ ընդհանուր առմամբ ապրանքների գները թանկացել են 8-10 տոկոսով: