Ջոն Քերին, Սերգեյ Լավրովն ու Հառլեմ Դեսիրը հայտարարություն են տարածել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ` ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որում նշված է.

«Մենք` ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետքարտուղար Հառլեմ Դեսիրը, նախկինի նման ամուր հավատարիմ ենք Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Գոյություն չունի խնդրի ռազմական կարգավորում, կողմերին կոչ ենք հրաժարվել բռնությունից ու ակտիվորեն աշխատել ամուր կարգավորմանը հասնելու համար: Մենք ցավում ենք անցնող տարում շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բռնությունների գրանցման կապակցությամբ:

Հուլիսին ու օգոստոսին գրանցված ռազմական գործողությունները հանգեցրին զգալի թվով զոհերի, լարվածության աճի ու խորացրին կողմերի միջև անվստահությունը: Կողմերը պետք է ձեռնարկեն հավելյալ միջոցներ` 1994 թվականի հրադադարի ռեժիմը ամրագրելու և խաղաղության բանակցությունների առաջխաղացման նպատակով ավելի բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար:

Նոյեմբերի 12-ին շփման գծի երկայնքով մարտական ուղղաթիռի խոցումն այնպիսի աղետ էր, որից կարելի էր խուսափել, ինչն էլ ընդգծեց կողմերի կողմից միջոցների ձեռնարկման կարևորությունը` նվազեցնելու համար լարվածությունը, վերականգնելու համար վստահությունը և ապագայում խուսափելու համար այդօրինակ միջադեպերից:

Մենք դիմում ենք բոլոր կողմերին` ցուցաբերելու համար զսպվածություն, որպեսզի կանխվի հետագա էսկալացիան: Մենք նաև նրանց կոչ ենք անում հումանիտար խնդիրները լուծել 2010 թվականի հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների արած հայտարարության ոգուն համապատասխան:

2014 թվականին Սոչիում, Նյուպորտում ու Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների երեք հանդիպումներն աշխուժացրին կողմերի միջև հաղորդակցության առավել կարևոր կապուղին: Մենք ողջունում ենք Փարիզում նախագահների համաձայնագիրը` ինտենսիվացնելու համար երկխոսությունը եկող տարում:

Դա ժամանակ է կողմերի համար, որպեսզի նրանք հաղթահարեն տարաձայնությունները, վերականգնեն վստահությունն ու կատարեն իրենց պարտավորությունները` մտնելու համար բանակցային գործընթացի մեջ, որը կարող է հանգեցնել կարգավորմանը:

Նրանք պետք է գիտակցեն, որ համապարփակ կարգավորման հիմքում ընկած են այն սկզբունքներն ու տարրերը, որոնք առկա են Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում, և հատկապես նրանք, որոնք քննարկվել են Փարիզի վերջին գագաթաժողովում: Համանախագահող երկրների հովանու ներքո համապարփակ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է սկսվեն հնարավորինս արագ:

Մենք նախկինի նման պատրաստ ենք սերտորեն աշխատել կողմերի հետ` տևական կարգավորմանը հասնելու համար և բացելու համար խաղաղության նոր գլուխ, սակայն ընդգծում ենք, որ Ղարաբաղյան հակամարտությանը վերջ դնելու հիմնական պատասխանատվությունը դրված է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների վրա:

Տեսանյութեր

Լրահոս