«Հայաստանի անկախությունն այսօր դրվում է հարվածի տակ»

ՀՀ Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի շուրջ քննարկումները մտել են վերջնական փուլ: Այսօր պատգամավորների ելույթները կշարունակվեն, որից հետո տեղի կունենա քվեարկությունը, որի ելքը դժվար չէ կանխատեսել: Երեկ պատգամավորների հնչեցրած բոցաշունչ ելույթներից արդեն պարզ էր, թե ինչպիսի տրամադրվածություն ունեն և ինչպես են քվեարկելու: Իհարկե, եղան նաև մի քանի դեմ ելույթներ:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանի անկախությունը դրվում է հարվածի տակ: Ըստ նրա՝ իրավիճակը կապված չէ միայն Ռուսաստանի քաղաքականության հետ, այլ այս պայմանագրով ընդամենը փաստվում է իրերի առկա դրությունը: Նա նշեց, որ քիչ չեն քաղաքական գործիչները, որոնք հովանավորություն են փնտրել ՌԴ-ում, կամ ԱՄՆ-ում, կամ Եվրոպայում, ինչպես Իսրայել Օրին էր հայերի համար հովանավորներ փնտրում Արևմտյան Եվրոպայում, բայց, ի վերջո, գտավ Ռուսաստանում. «Խնդիրն այն չէ, թե Օրին ճի՞շտ էր, թե՞ սխալ, այլ այն, որ անկախության հռչակումից 23 տարի անց կանգնած ենք այդ անկախությունը մսխելու ու քաղաքական ամուլ իշխանություն ունենալու փաստի առաջ: Այս պայմանագիրն ընդամենն արձանագրում է իրողությունը, որ քաղաքական էլիտան կամք չունի իշխանություն ունենալու համար»:

Նրա կարծիքով՝ մի մեծ սուտ կա ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու պայմանագրի մասին. «Իշխանությունն ասում է, թե սա ինտեգրացիոն պրոցես, է, բայց սա մեկուսացման պրոցես է:

Մեր անկախության օրից Թուրքիան և Ադրբեջանը վարել են մեկուսացնելու քաղաքականություն, ՀՀ-ն մեկուսացրել են հարավից ու արևմուտքից, իսկ ԵՏՄ-ն` հյուսիս ու արևելքից է մեկուսացնելու: Այս պայմանագրով վերանում են բոլոր հնարավորությունները` խորացնելու մեր հարաբերությունները Իրանի և Վրաստանի հետ»: Ըստ նրա՝ ԵՏՄ-ին անդամակցելով` ՀՀ-ն կորցնում է իր հեռանկարները՝ դառնալով ԵՏՄ մի խղճուկ տնվոր, որ օտարները գալու են ՀՀ, իսկ հայաստանցիները հեռանալու են՝ իրենց «վերմակ-դոշակով, արտադրամասերով ու աշխատողներով»: «Ես դեմ եմ քվեարկելու ԵՏՄ պայմանագրին ոչ թե, որ չեմ սիրում Ռուսաստանին, այլ հավատում եմ Հայաստանի ինքնիշխան ապագային»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ՝ ԵՏՄ-ն ԽՍՀՄ-ի վերաստեղծման փորձ է և անընդունելի է մեր երկրի համար և հղի շատ ծանր հետևանքներով: Ըստ նրա՝ ճգնաժամի հաղթահարման հույսեր գոյություն չունեն ՌԴ-ում, անգամ ՌԴ ֆինանսների նախարարը դիմել է ժողովրդին՝ ասելով, թե պետք է ձգեն գոտիները և սովորեն ապրել առկա պարադիգմայում, որ ՌԴ-ն միլիարդավոր դոլարներ կկորցնի, հաջորդ տարվա բյուջեի կրճատումն անխուսափելի է, և ՌԴ-ն գտնվում է ծանր վիճակում: Նա նշեց, որ ԵՏՄ-ն, դեռ չկայացած, կարող է փլուզվել, և հիշեցրեց, թե ինչպես «Ռոսսելխոզնադզորն» արգելեց Բելառուսից մթերքի ներկրումը և էմբարգո դրեց` այդպիսով ՌԴ-ն կրկին ապացուցեց, որ առաջնորդվում է իր կամքով, այլ ոչ թե միջազգային պայմանագրերով ու միակողմանի որոշումներ է կայացնում ԵՏՄ-ի փոխարեն:

Ա.Արզումանյանը պատմության մեջ չի տեսել դեպք, որ մի ժողովրդի տանեն զրկանքների՝ ազատությունից հրաժարվելու համար։ «Ազատությունը պայմանագրով, օրենքով ձեռք չես բերի, կարելի է պայմանագրերով սուվերենություն զիջել, բայց ազատության ոգին մեր ժողովրդի մեջ է: Այսօր քվեարկելով՝ սպանում ենք մեր ժողովրդի ազատության ոգին»,- ասաց Ա.Արզումանյանը՝ կոչ անելով վերջին պահին կոճակը սեղմելուց առաջ ականջալուր լինել սեփական սրտի ազատության ձայնին:

Պատգամավոր Հրանտ Բագրատյանը միանշանակ հերքեց, թե ԵՏՄ-ի սկիզբը դրվել է դեռ 1993-94թթ.՝ տնտեսական հուշագրով: Նա շեշտեց, որ այն ժամանակ ինքը ռուսներին նորմալ բացատրել է, ու հասկացել են. «Ասել եմ՝ մենք չենք ստորագրում, փոխհատուցեք մեզ: Հիմա ասում եք՝ եթե չստորագրենք, պետականությունը կկորցնենք, բայց ստորագրելով եք կորցնում: Չեք կարողանում իշխանությունը պահեք, տվեք մեզ»: Նրա հաշվարկներով՝ ԵՏՄ-ին անդամակցելու պարագայում Հայաստանը զիջում է ինքնիշխանության 1/3-ը, մինչդեռ 2013-ին Սերժ Սարգսյանն ընտրվել է եվրոինտեգրման խոստումների վրա. «Հիմա ոչ միայն չենք եվրոինտեգրվում, այլև զիջում ենք մեր ինքնիշխանությունը: Դա հնարավոր է, բայց պետք է դիմել ժողովրդին: Հանրաքվե անցկացրեք: Սրանից հետո մենք արտաքին տնտեսական քաղաքականություն չենք վարելու, վարելու է մի մարմին, որում ներկայություն ունենք: Ոչ մի պատգամավոր չի կարող սրան քվեարկել»:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը վստահ է, որ ԵՏՄ պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որովհետև այս պայմանագրով լինելու է տնտեսական մարմին, որի որոշումները երկրների համար պարտադիր են, մինչդեռ Սահմանադրությամբ փաստվում է, որ հարկերը և պարտադիր վճարները կատարվում են ՀՀ օրենքներով, որը չի լինելու այս դեպքում: Նա նաև վստահություն հայտնեց, որ ՌԴ-ն ՀՀ-ի անվտանգությունը չի ապահովելու. «Օգոստոսը, ուղղաթիռի հետ կապված դեպքերըգ մի՞թե պարզ չէ, որ ՌԴ-ն անվտանգության խնդիր չի լուծելու: Ասում եք՝ գործարանային գներով 5 մլրդ-իի զենք ենք գնում, բայց պատկերացրեք՝ մեկին տանկ են տալիս, մյուսին՝ 2 կալաշնիկով, դա հա՞րց է լուծում: ՀԱՊԿ-ի կողմից ի՞նչ տեսանք ուղղաթիռի դեպքի, օգոստոսի գրեթե պատերազմական վիճակի հետ կապված»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ԵՏՄ-ի մինուսներն արդարացրեց դրա պլյուսներով՝ 180 մլն-անոց շուկա, «էժան» գազ, զինամթերք գործարանային գներով: Շարմազանովը համաձայնեց, որ այն ժողովուրդը, որ ազատությունը մի կողմ է դնում, արժանի չէ ո՛չ ազատության, ո՛չ անվտանգության, բայց հավելեց, թե չկա մի պետություն, որ որևէ միության մեջ ազատության կորուստ չունենա, օրինակ՝ ՆԱՏՕ-ի անդամները: Ըստ նրա` ԵՄ դեսպաններն ասում են, որ պատրաստ են շարունակել ՀՀ-ի հետ համագործակցությունը, և Եվրոպան դռները Հայաստանի դեմ չի փակում: «Այսօր մենք ունենք ազատություն, որ ոչ մեկը չի նվիրել: Խոսում են Արցախի մասին: Էդ մեզնի՞ց եք Արցախը պաշտպանում: Մեր խնդիրն է Արցախի միջազգային ճանաչումը: Արցախն իրավական առումով ՀՀ-ի մաս չի, և մեր պարտականությունն է` պաշտպանել Արցախի իրավունքը»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հիշեցրեց հայ-թուրքական արձանագրությունները՝ նշելով, թե պատմությունը սովորություն ունի կրկնվելու, և հույս հայտնեց, որ ԵՏՄ պայմանագրի դեպքում էլ այն կկրկնվի: «Կախվածությունն ամենավատ երևույթն է: Ես կերազեմ այն Հայաստանի մասին, որտեղ քաղաքացին կկարողանա վճարել գազի դիմաց 400 դոլար ու կախված չի լինի: Երազում եմ Հայաստանի մասին, որին մարդիկ օրինակ կբերեն` որպես մի երկիր, որտեղ իրենք կցանկանային ապրել: Այս պատկերացման մեջ ԵՏՄ-ն չի տեղավորվում»,- ասաց Թ.Պողոսյանը՝ խորհուրդ տալով մտածել թոռների ու որդիների մասին, որ պետք է ապրեն ապագա Հայաստանում:

Ելույթ ունեցող ընդդիմադիրներից թերևս միայն ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն է պատրաստ «թևերը քշտած» աշխատել՝ ԵՏՄ պայմանագրից օգտվելու համար. «Հնարավորությունները ոչինչ չեն տալիս, եթե չպահանջենք պրակտիկ քայլեր, այդ թվում` երկաթուղու բացման ուղղությամբ»:
ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս