«Դոմիկը լրիվ փտել է, մկներն ու առնետներն են վխտում»
Asparez.am-ըգրում է. Քաղաքի կենտրոնում՝ Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հետնամասում, 1988թ-ի երկրաշարժի հետո ձեւավորված տնակային «ավանի» բնակիչներից մեկն է Կատուշ Չախոյանը: Գյումրու Մուսայելյան փողոցի 38-րդ շենքում 3 սենյականոց բնակարանը կորցնելուց հետո Կ.Չախոյանը իր մոր եւ որդու հետ բնակություն է հաստատում Ֆուրմանով փողոցի 110/086 տնակում, իսկ եղբոր ընտանիքը՝ հարակից՝ 110/084 տնակում: Կ.Չախոյանի մոր՝ Էմմա Սարգսյանի 8 անձից բաղկացած ընտանիքը, որոնց թվում նաեւ Կ.Չախոյանը՝ Գյումրու քաղաքապետարանի կողմից 2008թ-ի նոյեմբերի 1-ի դրությամբ հաստատված բնակարան ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում ընդգրկված է լինում, բայց երբ գալիս է բնակարան ստանալու պահը՝ Կ.Չախոյանի եղբայրը հրաժարվում է բնակարանից: Նշենք, որ նշված հերթացուցակում հաշվառված են եղել այն անձինք, ովքեր երկրաշարժի հետեւանքով կորցրել են մեկ բնակարան եւ դիտարկվել որպես մեկ ընտանիք:
-2008-ին բնակարան են տվել, բայց եղբայրը հրաժարվել է, պատճառաբանելով, որ չի ուզում քրոջ հետ նույն հարկի տակ ապրել: Կատուշին չեն հարցրել՝ ուզու՞մ է բնակարան ստանալ, թե ոչ, կամ հրաժարվում է բնակարանից,-պատմում է Ստյոպան, ով ներկայանում է որպես Կ.Չախոյանի մորեղբոր որդի:
Առանձին մեկ սենյականոց բնակարան ստանալու համար Կ.Չախոյանը դեռ 2013-ին դիմել է քաղաքաշինության նախարարություն, որտեղից պատասխանել են, թե այդ հարցը պետք է լուծի քաղաքապետարանը: Այսինքն՝ 1 սենյականոց բնակարան ստանալու համար Կ.Չախոյանը դուրս պիտի գա 8 հոգանոց ընտանիքի կազմից ու հաշվառվի առանձին.«Տնակն ամբողջությամբ քայքայված է եւ պիտանի չէ բնակության համար: Քաղաքաշինության նախարարությունը դիմել էր քաղաքապետարան՝ տնակ հատկացնելու խնդրանքով, բայց քաղաքապետարանը մերժել է, ասելով որ իր ֆոնդում տնակ չունի: Անընդհատ գնում եմ քաղաքապետարան՝ Դավթյան Արտյոմի մոտ, ինքն էլ ասում է, ես չգիտեմ, դիմեք քաղաքաշինության նախարարություն»,-ասում է Ստյոպան:
Կ.Չախոյանի տեղեկացմամբ՝ 8 հոգանոց այդ ընտանիքից այսօր արդեն 4-ը մահացած են՝ Կ.Չախոյանի որդին, որ նույնպես հաշվառված է եղել, հայրը, մայրը, եղբայրը: «Եղբոր ընտանիքն, ասում է, թե իր տնակի վրա է հաշվառված, բայց ես եմ հետաքրքրվել, փաստացի գրանցված են 110/086 հասցեում: Իրանք այլ տնակում են ապրում, ընչի՞ են գրանցված էս տնակի վրա, օրենքի խախտում է»,-ավելացնում է մորեղբոր որդին:
60-ամյա տիկնոջ՝ Կատուշի ապրուստի միակ միջոցն այսօր ընտանեկան նպաստն է «Սոցիալական ծանր պայմանների մեջ եմ, տնակս լրիվ քայքայված է: Տնակիս տակից ջուր է գնում ու օր-օրի էլ ավելի է քայքայվում, էլ հնարավոր չէ ստեղ ապրել»,-նշեց Կ.Չախոյանը:
Կ.Չախոյանը բնակարանային խնդիրը կարգավորելու, բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկվելու համար այս տարվա հոկտեմբերին դիմել է մարդու իրավունքների պաշտպանին: Այստեղից ստացել են պատասխան, որում նաեւ անդրադարձ է կատարվել հերթացուցակ ընդգրկելու հարցին.
«Տեղեկացվում է, որ աղետի գոտու քաղաքային բնակավայրում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման հետ կապված հարցերը կարգավորող՝ ՀՀ կառավարության 1999թ-ի հունիսի 10-ի համար 432 որոշմամբ հաստատված կարգի դրույթների համաձայն՝ քաղաքացիներին հերթացուցակում հաշվառելու եւ հաշվառումից հանելու իրավասությունը վերապահված է համապատասխան համայնքի ղեկավարին, տվյալ դեպքում՝ Գյումրու քաղաքապետին»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: