Վարդան Այվազյանը՝ Ալեքսանդր Արզումանյանին. «Ընչի՞ ա կորեացի վանականը իրա տելեվիզորը գառդերոբի վրա դնում»
«Արևմտյան երկրները էմբարգո են հայտարարել Ռուսաստանին, իսկ Բելառուսը որպես շատ պրագմատիկ պետություն, որոշել է առիթից օգտվել և մենք էլ դա պետք է անենք, եթե հնարավորություն ունենանք և արևմտյան ապրանքները փաթեթավորենք, փորձենք մտցնենք ռուսական շուկա»»,- այսօր ԱԺ նիստում ԵՏՄ պայմանագրի հարցի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ բռնվել-չբռնվելը որակելով որպես «շուստրիություն»:
Նշելով, որ ՀՀ-ն ստանալու է տարեկան 250 մլն դոլար, Ա.Արզումանյանը հարցադրում արեց, թե ինչպե՞ս է, որ Ղրղըզստանը ԵՏՄ-ին անդամակցելու դիմաց ստանալու է 1.2 մլրդ` որպես հատուցում դյուրացնելու համար գործընթացը, 200 մլն դոլար ճաապարհային քարտեզի համար և 493 մլն դոլար պարտքը Ռուսաստանը ներում է:
«Դուք խոսում էիք, ես գրառում էի, հիա մեկումեջ էլ Դուք իմ ասածները գրառեք, կարող ա ես էլ մի խելացի բան ասեմ,- պատասխանեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ու հավելեց,- Դուք ասում եք ժուլիկություն անենք, կարող ա էն մարդը բռնում ա: Հիմա, որ ես «Մերսեդես» կլասի ավտոմեքենա տանեմ, կհավատա՞ն, որ ես եմ արտադրել»:
Դիտարկմանը, որ Հայաստանը ծիրան է վաճառում, Այվազյանը հայտարարեց, որ Բելառուսը Բուլղարիայի վարունգի «բիրկեքը դաժե» չի պոկում. «Էնքան են հավեսի ընկել, որ էդ բիրկան էլ չեն պոկում»:
Ղրղըզստանի վերաբերյալ հարցին Վ.Այվազյանն ինքը հարցով հակադարձեց. «Ընչի՞ ա կորեացի վանականը իր տելեվիզորը գառդերոբի վրա դնում»: Ապա շտապեց ինքն էլ պատասխանել.
«Իր տելեվիզորը, իր գառդերոբը, որտեղ կուզի, ընտեղ էլ կդնի, այ քեզի բան: Հիմա ես ի՞նչ իմանամ Ռուսաստանն ընչի ա Ղրղըզստանին փող տալիս, իրանք` իրենց հարաբերությունները:
Ես ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահն եմ: Մարդ հանկարծ ավելի խոսի… ինքը մի անգամ ա ստանալու, ես՝ ամեն տարի»:
Նշելով, որ ցանկացած մարդ իր ցանկությամբ է հեռուստացույցը դնում ցանկացած տեղում և կարող է անգամ գլխին դնել, որ հարևանները նայեն, Ա.Արզումանյանը շեշտեց, որ հարցն այլ հարթության վրա էր: Նա նշեց, որ ինքը հարցնում էր, թե ինչպե՞ս է պատահում, որ մեկը նորմալ բանակցում է, մյուսը քուչայականով է բանակցում՝ «հոպար փող ա պետք», և պարզվում է, որ գողական տարբերակն ավելի լավ է ստացվում: Ա.Արզումանյանը հիշեցրեց, որ «գույք պարտքի դիմաց»-ով Ռուսաստանը 100 մլն-ի դիմաց ՀՀ գույքը ստացավ, և հիմա 400 մլն նվիրում են, դեռ մի բան էլ ասում են՝ «էլի կտանք, եթե քեզ կարգին պահես»: