Այս պահին գերակա հարցադրումը՝ ԵՏՄ-ին անդամակցության օգուտների դիտարկումն է. Հ. Նաղդալյան

Ազգային ժողովում այսօր շարունակվեցին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի շուրջ քննարկումները: Մի շարք մանրամասների վերաբերյալ իր տեսակետն է արտահատում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը

– Տիկին Նաղդալյան, մեր հանրությանը հատկապես մտահոգում է, թե ԵՏՄ-ին անդամակցելով ի՞նչ ապրանքատեսակներ կթանկանան և առհասարակ կցանկանայինք ճշտել Ձեր վերաբերմունքը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ:

– Կարծում եմ՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշմանը պետք է մոտենալ շատ ավելի լայն տեսլականի իմաստով, քան լոկ սպառողական շուկաներում հնարավոր փոփոխությունների տեսակետից: Սպառողական շուկաները ենթարկվում են բազմաթիվ ազդեցությունների տարբեր կողմերից, ուստի կենտրոնանալ զուտ մեկ հարցի վրա՝ գները կթանկանան թե կէժանանան՝ գլոբալ ռազմավարական խնդրին սահմանափակ հատվածային մոտեցման ձև է: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ գերակա հարցադրում եմ համարում՝ ինչ օգուտներ կարող ենք ունենալ ԵՏՄ-ին անդամակցելով, ինչ հնարավորություններ են մեզ համար բացվում ինտեգրացիոն այդ միությունում և ինչ պետք է անենք, ինչ քաղաքականություն վարենք , որպեսզի կարողանանք օգտագործել այդ հնարավորություններն ու կանխատեսումները  և ակնկալիքները շոշափելի իրականություն դառնան: Սա առանցքային մոտեցում է և այս պահին գլխավոր հարցն է, կարծում եմ:

Որքան արագ, օպերատիվ և արդյունավետ ձևերով մենք կարողանանք այս հարցերին պատասխանել և այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել ՝ արտադրություններ ընդլայնելով, նոր՝ ԵՏՄ անդամ երկրների շուկաներում սպառվող ապրանքատեսակների արտադրություններ հիմնելով, կոոպերացիաներ հիմնադրելով և կայացնելով, այնքան ավելի շուտ մենք կունենանք ռեալ արտադրության և արտահանման աճ, տնտեսվարողների մոտ շահութաբերության աճ, աշխատանքի վարձատրության աճ և ի վերջո բարեկեցության բարձրացում:

Բայց և այնպես, ես հասկանում եմ նաև մեր սպառողական շուկաներում գների բարձրացման վտանգի վերաբերյալ մտավախությունը, որը հնչեցվում էր քննարկումների ժամանակ, սակայն ուզում եմ ընդգծել, որ բնականաբար, այդ բոլոր վերլուծությունները կատարվել են պետական կառավարման համապատասխան մարմինների կողմից: Եվ շուրջ մեկ տարվա այս նախապատրաստական աշխատանքների և բանակցությունների նպատակներից մեկը եղել է նաև սպառողի համար այդ հնարավոր վտանգների չեզոքացումը, այդ ուղղությամբ բանակցվել և համաձայնեցվել է՝ երկուսից մինչև ութ տարով մի շարք ապրանքատեսակների համար բացառումներ, որպեսզի մաքսատուրքերի փոփոխությունների արդյունքում չառաջանա գների աճ:

Բացի այդ, չպետք է մոռանալ արդեն իսկ Ռուսաստանի կողմից գազի, նավթամթերքների, այսինքն՝ համակարգաստեղծ  ապրանքատեսակների՝ ՀՀ-ի համար  սահմանած արտոնյալ գները, որոնք  պայման են սպառողական շուկաներում գների զսպվածության համար:

Տեսանյութեր

Լրահոս