Արարատ Զուրաբյան. «Կուզեի հարցնել Տեր-Պետրոսյանին և իր շրջապատին…»
«Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի կործանման սկիզբն է», – այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:
Որպես ազատական կուսակցություն` Հայոց համազգային շարժումը դեմ է այդ անդամակցությանը և կարծում է, որ Հայաստանը 2013 թ. սեպտեմբերի 3-ից սկսած հետ է շպրտվել զարգացման ուղուց, և այս գործընթացը խիստ բացասական կարող է ազդել Հայաստանի վրա` հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում:
Թեև իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանը միանում է տնտեսական միության, բայց ՀՀՇ-ի ներկայացուցիչը համոզված է` այստեղ կա քաղաքական ենթատեքստ, և սա տնտեսաքաղաքական միություն է, իսկ Հայաստանը հուժկու քայլերով «վազում է» դեպի Ռուսաստանի առաջնորդած այդ միությունը այն դեպքում, երբ Ռուսաստանի տնտեսությունն օր-օրի թուլանում է, և բացառված չէ, որ այն փլուզվի:
«Նույն ռուս տնտեսագետներն են հայտարարում, որ եթե նավթի գների անկումը շարունակվի, Ռուսաստանին սպասվում է տնտեսական փլուզում` ռեցեսիա, և հիմա Հայաստանը հուժկու քայլերով վազում է դեպի Ռուսաստանի ռեցեսիա: Հավանաբար Ռուսաստանին հաճույք է պատճառում Հայաստանը կրիտիկական վիճակի մեջ մտցնելը»,- նշեց քաղաքական գործիչը:
Ըստ Զուրաբյանի` եթե Ռուսաստանը մարտահրավեր էր համարում Եվրամիության ազդեցության ավելացումը Հայաստանում, ապա կարելի էր գոնե գտնել միջին տարբերակ, օրինակ` կասեցնել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը, բայց ոչ մի դեպքում չհամաձայնել ԵՏՄ-ին անդամակցելուն.
«Բայց ես նայում եմ ոչ իշխանական քաղաքական ուժերին, նայում եմ իշխանությանը. երկուսն էլ Ռուսաստանի իշխանությունների նկատմամբ ռեվերանսներ անելու համար պատրաստ են Հայաստանը տանել կործանման: Ես սա համարում եմ կործանման սկիզբ: Իհարկե, տա Աստված, չիրականանա այս սցենարը, և փոխվի իրավիճակը»:
Արարատ Զուրաբյանը դրական է համարում ցանկացած բողոքի ակցիա` ԵՏՄ-ի դեմ, այդ թվում երեկվա և այսօրվա ցույցերը ԱԺ շենքի դիմաց, սակայն միաժամանակ նկատում է` մեր հասարակությունն այս հարցում որոշակի նիրհի մեջ է և այնքան էլ լավ չի պատկերացնում իրավիճակը:
Ուրեմն այնքա՞ն էլ հիմնազուրկ չէր Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որ Հայաստանում ԵՏՄ-ին դեմ են ընդամենը «երկու-երեք տասնյակ անհատներ», թե՞ քաղաքացիները պարզապես լավ չի պատկերացնում ԵՏՄ-ի հնարավոր վտանգները, այդ պատճառով չեն բողոքում դրա դեմ:
Մեր հարցադրմանը Լևոն Տեր-Պետրոսյանի երկար տարիների քաղաքական զինակիցն այսպես արձագանքեց.
«Կուզեի հարցնել Տեր-Պետրոսյանին ու իր շրջապատին և բոլոր նրանց, ովքեր ջատագովն են ԵՏՄ-ի և նրա, որ Հայաստանը դառնա մասնիկն այս միավորի: Ինչու եմ ասում` մասնիկը, որովհետև այդ միությունից Հայաստանը ստանալու է, եթե չեմ սխալվում, 1,13 տոկոս եկամուտ: Կուզեի հարցնել` որտե՞ղ են նրանք ուղարկում իրենց երեխաներին սովորելու, որտե՞ղ են իրենց թոռներին պատկերացնում ուսում ստանալիս, որտե՞ղ կուզենային իրենց ծնողներին, եթե հանկարծ վատ բան լիներ, բուժման ուղարկել:
Ընդհանրապես, իրենց կարծիքով` որտե՞ղ է քաղաքակրթության կենտրոնը: Եթե մարդիկ կարծում են, որ քաղաքակրթության կենտրոնն այնտեղ է, որտեղ իրենք պատկերացնում են, ապա ես այդ կարծիքին չեմ: Չգիտեմ `ինչ վիճակագրական տվյալներով է առաջնորդվել Տեր-Պետրոսյանը, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի հազարավոր քաղաքացիներ գտնում են, որ Հայաստանի զարգացումը և քաղաքակրթական ընտրությունն այնտեղ չէ, ուր հիմա գնում է Հայաստանը»:
Արարատ Զուրաբյանը ցավով է արձանագրում` այսօր չկա հուժկու գործընթաց ԵՏՄ-ին անդամակցելու դեմ, որովհետև այն քաղաքական ուժերը, որոնք պետք է իրենց վրա վերցնեին այդ առաքելությունը, հայտնվել են դաշտի մյուս կողմում և իշխանությունների հետ միասին Հայաստանը տանում են դեպի ԵՏՄ:
Նա համամիտ չէ նաև այն տեսակետի հետ, թե Հայաստանի անդամակցությունը տվյալ կառույցին անշրջելի կամ անդառնալի է. «Նման պրոցեսներ չեն, որ փոփոխության են ենթարկվել: Ես այդ պրոցեսի անդառնալի լինելու բոլոր ջատագովներին հավաստիացնում եմ, որ նրանք սխալվում են, և պատմությունը կտա իր գնահատականը: Լույսը թաքցնել հնարավոր չէ. ցանկացած պարագայում այն ներթափանցելու է»:
Այս թեմայով ՀՀՇ վարչության նախագահի եզակացությունը մեկն է. «Ցանկալի կլիներ, որ Հայաստանում հնարավորինս շուտ լյուստրացիա իրականացվեր, որովհետև դրա բացակայությունը շատ է խանգարում մեր երկրին: Մարդիկ վստահ են, որ իրենց գործողությունների համար պատասխանատվություն չեն կրելու»: