Ռուսաստանը որոշել է հրաժարվել «Հարավային հոսք» գազատարի կառուցումից

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը որոշել է հրաժարվել «Հարավային հոսք» գազատարի կառուցումից՝ կապված նախագծի իրագործմանը խոչընդոտող Եվրահանձնաժողովի դիրքորոշման ու Բուլղարիայի կողմից թույլտվության բացակայության հետ:

Սակայն Եվրոպան չի մնա առանց ռուսական գազի. «Գազպրոմը» և թուրքական «Բոթաշը» հուշագիր են ստորագրել Սև ծովով նոր խողովակաշար անցկացնելու մասին, որով տարեկան կմատակարարվի 63 միլիարդ խորանարդ մետր գազ: Փաստացիորեն «Հարավային հոսքը» կուղղվի Թուրքիա, իսկ նախորդ նախագծի վրա Ռուսաստանի կատարած ծախսերը զուր չեն անցնի:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում բանակցությունների ժամանակ երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը ներկայիս պայմաններով չի կարող շարունակել «Հարավային հոսքի» իրագործումը, քանի որ Բուլղարիան չի թույլատրում կառուցել գազատարի ցամաքային հատվածը, և բացի այդ, ԵՄ-ն ապակառուցողական դիրքորոշում է որդեգրել այդ հարցում:

Ավելի ուշ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը մանրամասնել է, որ Սև ծովի հատակով դեպի Թուրքիա կառուցվելիք նոր գազատարով կմատակարվի 63 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 14 միլիարդ խորանարդ մետր գազը նախատեսված կլինի Թուրքիայի համար, իսկ մնացյալ մոտ 50 միլիարդ խորանարդ մետրը կհասնի Թուրքիայի ու Հունաստանի սահման:

Տեսանյութեր

Լրահոս