«Հատուցումն առջևում է». Մովսես Հակոբյան
hayzinvor.am-ի հարցազրույցը ԼՂՀ պաշտպանության նախարար- ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ
– Պարոն Հակոբյան, ԼՂՀ զինված ուժերի ուղղաթիռի դավադիր խոցմանն ի պատասխան փայլուն իրականացված հատուկ գործողությունը թերևս կարելի է իբրև այդ ցավալի միջադեպի հանգուցալուծում դիտարկել, որի շուրջ տարբեր կարծիքներ, մեկնաբանություններ հնչեցին, սակայն կասկածից վեր է, որ կատարվածի մասին ամենասպառիչ տեղեկատվությունն ու գնահատականը կարող եք տալ միայն Դուք` որպես ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար: Ի՞նչ եք կարծում` հնարավո՞ր է, որ 70 մետր բարձրությամբ իր դիրքային տարածքում ուսումնավարժական թռիչք կատարող անզեն ուղղաթիռը հակառակորդի կողմից ընկալվեր որպես սպառնալիք կամ հարձակում իրենց դիրքերի վրա, ինչպես պնդում են իրենք:
– Ո՛չ: Մենք նախապես հայտարարել էինք առաջիկա անցկացվելիք զորավարժության մասին և ասել էինք, որ զորավարժությանը ուղղաթիռներ են մասնակցելու: Հայկական ուսումնավարժական ուղղաթիռի խոցումը ադրբեջանցիների կողմից նախապես ծրագրված գործողություն էր, և հակառակորդը օգտագործեց պատեհ առիթը: Ակնհայտ է` մեծ ցանկության դեպքում անգամ կասկածելի մտավոր ընդունակությունների տեր ադրբեջանցի շարքային զինվորականը չէր կարող մեր ուղղաթիռի թռիչքը ընկալել որպես սպառնալիք:
– Այնուամենայնիվ, ո՞րն է Ձեր վարկածը. ինչո՞ւ, ի՞նչ նպատակով խփվեց հայկական ուղղաթիռը: Նկատի առնելով հայ քնած կուրսանտին կացնահարած Սաֆարովին հերոսացնելու ադրբեջանական խելահեղությունը` կարելի՞ է մտածել, որ ադրբեջանական կողմը ցանկացել է ևս մի «հերոսի» հրամցնել սեփական ժողովրդին: Մյուս կողմից` ադրբեջանցիները չէին կարող չհասկանալ, որ անզեն ուղղաթիռ խոցելու աներևակայելի ստորությունը կսասանի իրենց հեղինակությունը միջազգային ասպարեզում:
– Երբ խոսքը վերաբերում է ադրբեջանցիներին, պիտի փորձես իրերն ու երևույթները դիտարկել ոչ թե առողջ տրամաբանությամբ, այլ նրանց յուրահատուկ մտածողության և հոգեկերտվածքի տեսանկյունից: Քնած հային կացնահարելը հերոսություն համարող ազգի համար հայկական ուղղաթիռ խոցելը (թեկուզ անզեն, թեկուզ ուսումնավարժական թռիչք իրականացնող) մեծ հերոսություն է: Հիշեք` ամիսներ առաջ ինչպես ադրբեջանական կողմը արհեստականորեն սրեց լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և ինչպիսի դաս ստացավ… Հայկական ուղղաթիռ խոցելը սեփական ժողովրդի ու բանակի վախի ախտանիշը մեղմելուն ուղղված քայլ էր:
– Եղե՞լ են իրավիճակներ, երբ մենք կարող էինք խոցել ադրբեջանական ուղղաթիռները:
– Ճիշտ նման իրավիճակներ չեն եղել: Բայց այլ դեպքերում մենք բազմիցս կարող էինք խոցել ադրբեջանական ուղղաթիռները: Ու այժմ էլ կարող ենք:
– Ինչո՞ւ չենք խոցել: Ինչո՞ւ չենք խոցում:
– Որովհետև մենք ադրբեջանցի չենք: Մենք հայ ենք: Մենք չենք խոցում իր տարածքում ուսումնական թռիչք կատարող օդուժը:
– Ձեր կարծիքով` միջազգային ատյանների արձագանքը համարժե՞ք էր կատարվածին:
– Ո՛չ, համարժեք չէր: Ադրբեջանական և հայկական կողմին հավասարապես ուղղված հորդորները, մեղմ ասած, համարժեք չէին կատարվածին: Եվ պիտի ասեմ, որ թացը չորին խառնելու` միջազգային որոշ կառույցների համահարթեցման գործելակերպը կանաչ լույս է վառում Ադրբեջանի ռազմատենչ նկրտումների առաջ:
– Ինչո՞ւ է զոհված օդաչուների մարմինն ու մասունքները և ուղղաթիռի բեկորները տարհանելու հատուկ գործողությունը ռազմագետների կողմից որակվում իբրև բացառիկ:
– Այդ գործողությունը բացառիկ էր նախ և առաջ իր գաղտնիությամբ: Գործողությունը տևել է 10 օր` ծրագրելու և նախապատրաստական աշխատանքներով հանդերձ: Գործողությունը բացառիկ էր նաև իր բարդությամբ: Հայկական ուղղաթիռի անկման վայրը ավելի մոտ էր ադրբեջանական դիրքին: Տարածքը ականապատված էր և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմից: Ադրբեջանցիները հնարավոր ամեն բան արել էին գործողությունը խափանելու համար, և հակազդեցությունը շատ մեծ էր: Գործողությունը կատարվեց եղանակային շատ վատ պայմաններում, երբ նույնիսկ տեսանելիության սարքերը չէին աշխատում:
– Ճի՞շտ է, որ ադրբեջանցիները 7-10 զոհ են տվել:
– Ի տարբերություն ադրբեջանցիների, մենք չենք կարող չճշտված լուրեր հրապարակել: Գործողության ժամանակ ադրբեջանական հակազդեցությունը չեզոքացվել է, պարզ ասած` կրակակետերը լռեցվել են: Մի քանի հոգի ադրբեջանական կողմից հաստատ խոցվել են, հնարավոր է նաև` 7-10 հոգի. ստույգ թիվ չեմ կարող հրապարակել:
– Այդ փառահեղ գործողությունը ԼՂՀ զինուժի բարոյական և ռազմական հաղթանակն էր ադրբեջանական զինուժի նկատմամբ: Շատերն այն համարում են ռազմական անօրինակ սխրանք:
– Եթե նկատել եք` ես խուսափում եմ բարձրագոչ խոսքերից: Այսպես կասեմ` բարդ առաջադրանք էր տրված մեր տղաներին, և նրանք պատվով կատարեցին առաջադրանքը:
– …Եվ առանց զոհերի ու կորուստների: Ափսոս, որ գործողությանը մասնակցած զինվորականների անունները չեն հրապարակվում: Նրանք հերոսներ են, եզակի քաջեր:
– Ո՛չ եզակի: Ում առաջադրանքը տրվել է, նա էլ կատարել է: ԼՂՀ բանակում նման քաջեր շատ կան: Մենք, եթե անհրաժեշտ լինի, էլի ու էլի ենք ռազմական բարդ ու հաջող գործողություններ իրականացնելու` բազմաթիվ ուրիշ քաջերով:
– Հատուկ գործողությունը ադրբեջանցիներին խոստացած հատուցո՞ւմն է, թե՞…
– Այդ գործողությունը մեր օդաչուների մարմինն ու մասունքները և ուղղաթիռի բեկորները տարհանելու գործողություն էր: Հատուցումն առջևում է: Կրկին ուզում եմ ցավակցել մեր ժողովրդին և զոհված օդաչուների հարազատներին:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ