Արցախում ամուսնությունների թվի ռեկորդային աճ է գրանցվել
Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Արցախում ծնվել է 2103 երեխա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` աճել է 61-ով կամ 3 տոկոսով։
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ ըստ շրջանների, անցած տարվա համեմատ, ծնունդների աճ է գրանցվել Քաշաթաղում և մայրաքաղաք Ստեփանակերտում։
Նշված ժամանակաշրջանում հանրապետությունում մահացածների թիվը կազմել է 1104 մարդ, որը 2013թ-ի հունվար-հոկտեմբերի համեմատ` նվազել է 20-ով կամ 1.8 տոկոսով։
Բնակչության բնական հավելաճը ընթացիկ տարվա 10 ամիսներին կազմել է 999 մարդ, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` ավելացել է 8.2 տոկոսով կամ 81 մարդով։
Աղբյուրի տեղեկացմամբ, ԼՂՀ-ում պաշտոնապես հաշվառված եկողների թվաքանակը կազմել է 842 մարդ, իսկ մեկնողների թվաքանակը՝ 488 մարդ՝ մեխանիկական աճը կազմելով 354 մարդ։
ԼՂՀ ԱՎԾ տվյալներով, նշված ժամանակամիջոցում հանրապետությունում գրանցվել է 1162 ամուսնություն՝ նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ աճելով 463-ով կամ 66.2 տոկոսով, իսկ ամուսնալուծությունները՝ 176՝ նախորդ տարվա 158-ի փոխարեն։
Ամուսնությունների նման ռեկորդային աճն, ըստ ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ժողովրդագրական քաղաքականության բաժնի պետ Նունե Ավանեսյանի, նախ և առաջ պայմանավորված է դեռևս անցած տարվանից հասարակության մեջ տարածված Արցախում սպասվելիք նոր Մեծ հարսանիքի լուրերով, որի պատճառով շատ ամուսնական զույգեր իրենց ամուսնություններն անցած տարում չեն գրանցել ՔԿԱԳԲ-ում: «Սակայն պետք է ասեմ, որ այն մեծապես պայմանավորված է նաև վերջին տարիներին երկրում իրականացվող ժողովրդագրական քաղաքականությամբ, որի արդյունքում տարեցտարի նկատելի կերպով աճել են ինչպես ամուսնությունների, այնպես էլ ծնունդների թիվը»,- ասաց Նունե Ավանեսյանը: