Ցավոք, այս անգամ էլ միջազգային կառույցներին դիմելը դրական արդյունք չտվեց. ԼՂՀ Օմբուդսմեն
Նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված հայկական ուղղաթիռի և դրան հետևած ադրբեջանական կողմի դրսևորած վարքի վերաբերյալ, ինչպես նաև ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացող այս տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավարության մասին «Արցխպրես»-ը բացառիկ հարցազրույց է ունեցել ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի հետ:
-Պրն Հայրապետյան, խախտելով միջազգային հումանիտար բոլոր նորմերը և անտեսելով միջազգային կազմակերպությունների հորդորները, պաշտոնական Բաքուն ամեն կերպ խոչնդոտում էր նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված հայկական ուղղաթիռի անկման վայրին հայկական կողմին մոտենալուն: Ինչպիսի՞նն է Օմբուդսմենի արձագանքը, իրավական առումով ինչպե՞ս եք որակում նման իրավիճակը:
– Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերն օրեր շարունակ կրակի տակ պահելը ոչ միայն լիովին հակասում էր միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին, այլեւ ոտնահարում տարրական բարոյականության ու խղճի սկզբունքները, ինչն խիստ դատապարտման արժանի է ողջ քաղաքակիրթ հասարակության կողմից: Նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու համար ԼՂՀ և ՀՀ իշխանությունները դիմել են ԵԱՀԿ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, իսկ ՀՀ Օմբուդսմանը` Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին: Ցավոք, այս անգամ էլ միջազգային կառույցներին դիմելը դրական արդյունք չտվեց և խնդիրը լուծվեց միմիայն ԼՂՀ ՊԲ հատուկ նշանակության գործողությունների շնորհիվ:
– Պրն Հայրապետյան, ադրբեջանական կողմի մեկ այլ սադրիչ գործողության արդյունքում այս օրերին Ստեփանակերտում ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից քննվում է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի քրեական գործը: Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթը, բնականաբար, ազգություն չի ճանաչում, ավելին, դեմ է ազգային թշնամանքին: Հետևաբար հետաքրքիր է` ինչքանո՞վ եք հետևում այդ դատավարությանը: Արդյո՞ք մարդու իրավունքների պաշտպանն անելիք ունի այնտեղ:
-«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի համաձայն` Պաշտպանն իրավասու չէ միջամտել դատական վարույթին, սակայն, Ձեր կողմից նշված դատավարության հենց սկզբից մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մեկ աշխատակից մշտապես ներկա է գտնվում դատական նիստերին:
Այն հիմնականում երկու նպատակ է հետապնդում: Չնայած Պաշտպանն իրավասություն չունի միջամտել դատական վարույթին՝ այնդուհանդերձ, որևէ օրենք չի արգելում նրան դիտարկել այս կամ այն դատավարությունը և գնահատել, թե որքանով են պահպանվում ամբաստանյալների, տուժողների, դատավարության այլ մասնակիցների իրավունքները, և նշված դատավարությունը նույնպես բացառություն չէ: Երկրորդ խնդիրը երկրի դատարանների գործունեության վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելն է:
Ակնհայտ խախտումներ հայտնաբերելու դեպքում Պաշտպանը, նպատակ ունենալով իր իրավասությունների շրջանակում աջակցել դատարանների արդյունավետ գործունեությանն ու արդարադատության որակի բարձրացմանը, իր գնահատականներն արտահայտում է տարեկան և արտահերթ զեկույցներում:
– Հատկանշական է, որ անկախ Արցախի պատմության մեջ առաջին անգամ դատում են Ադրբեջանի քաղաքացիների: Հետաքրքիր է` ձեր կողմից անցկացվող մոնիթորինգի համաձայն` ինչքանո՞վ են պաշտպանված ամբաստանյալների իրավունքները, որոնք սահմանված են ԼՂՀ օրենսդրությամբ և միջազգային իրավունքով:
– Դիտարկումները ցույց են տալիս, որ դատավարությունն ընթանում է ԼՂՀ օրենսդրությանն ու միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին և սկզբունքներին համապատասխան։ Ամբաստանյալների բոլոր իրավունքները պահպանվում են. նրանք ունեն փաստաբաններ, թարգմանիչ, ազատորեն հանդես են գալիս հայտարարություններով ու տարբեր միջնորդություններով, որոնք դատարանի կողմից քննարկվում և ընթացք են ստանում, օգտվում են ամբաստանյալի կարգավիճակից բխող այլ իրավունքներից եւս:
-Ադրբեջանում հատկապես վերջին տարիներին նկատում ենք մարդու իրավունքների հանդեպ ոտնձգության դեպքերի ահագնացում՝ ընդհուպ մինչև լրագրողների և իրավապաշտպանների հետապնդումներ, որոնք միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից որակվում են՝ որպես անօրինական գործողություններ: Այդ համատեքստում, ի՞նչ եք կարծում, նույն երկրի քաղաքացիների՝ ավելի քաղաքակիրթ և իրավական դատավարության դեպքը մեկ այլ երկրում՝ Արցախում, ինչ գնահատական կստանա միջազգային այդ կառույցների կողմից:
– Իհարկե, ցանկացած դատավարություն իրականացնելիս մեր նպատակը ոչ թե այս կամ այն միջազգային կառույցի կողմից դրական գնահատականի արժանանալն է, այլ՝ երկրում մարդու իրավունքների լիարժեք ու արդյունավետ պաշտպանությունը: Իմ խորին համոզմամբ, ցանկացած երկրում առկա արդարադատության որակն անմիջապես կապված է տվյալ երկրում պետականության զարգացման աստիճանի հետ:
Ակնհայտ է, որ թույլ պետականություն ունեցող երկրում դատարանի գործունեությունը չի կարող ձերբազատված լինել կամայականություններից ու անօրինականություններից և հակառակ դրան` ժողովրդավարական, իրավական, զարգացած ավանդույթները խթանում են անաչառ ու արդյունավետ դատարանների կայացմանը: Այնուամենայնիվ, միջազգային կառույցների կողմից դրական գնահատականի արժանանալը ցանկալի է, քանի որ դա, իսկապես, կհամապատասխանի իրականությանը, իսկ այս և նման օրինակները կնպաստեն համամարդկային արժեքներ որդեգրած Լեռնային Ղարաբաղի` որպես ինքնիշխան պետության ճանաչմանը:
Այդ համատեքստում ես պարզապես կցանկանայի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել մի կարևոր փաստի վրա: Ադրբեջանում դատում են այդ երկրի իրավապաշտպան քաղաքացիների, որոնց զրկում են փաստաբան ունենալու իրավունքից կամ հետապնդում են նրանց փաստաբաններին ևս, ինչը մարդու իրավունքների կոպիտ խախտում է, իսկ Արցախում հակամարտության պայմաններում փաստաբաններ են տրամադրել Ադրբեջանի քաղաքացիներին, ովքեր ապօրինաբար մտել են Արցախի տարածք:
Որպես իրավաբան՝ ուշագրավ կհամարեի նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանում իրավապաշտպանին դատում են ճաղավանդակների մեջ, այն դեպքում, երբ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մի շարք ծանր հանցագործություններ մեջ մեղադրվող ամբաստանյալներ Դ.Ասկերովին և Շ.Գուլիևին ոչ միայն ճաղավանդակներում չեն նստեցնում, այլև դատարանի դահլիճում նրանք գտնվում են առանց ձեռնաշղթաների:
Ցավոք, ներկայումս աշխարհում տիրող իրողությունները լի են տարբեր պետությունների կողմից դե ֆակտո անկախ երկրների նկատմամբ երկակի ստանդարտների կիրառման արատավոր պրակտիկայով: Ոչ բոլոր պետություններն են (նամանավանդ` գերտերությունները) շահագրգռված ընդունել և ըստ արժանավույն գնահատել նշվածը: Այդ իսկ պատճառով ներկայացված մոտեցումների վերաբեևյալ որևէ արմատական փոփոխություններ չեմ սպասում, սակայն համոզված եմ` նման օրինակներն ի վերջո չեն կարող առանց դրական հետևանքների մնալ:
Հենց այդ նպատակով, ինչպես նաև` նշված դատավարության վերաբերյալ ադրբեջանական քարոզչամեքենայի՝ արդեն ավանդական դարձած սուտ, մտացածին, ապատեղեկատվական հայտարարությունները հերքելու և իրականությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար օրերս նամակ եմ հղել իմ գործընկերներին՝ Օմբուդսմանի Եվրոպական Ինստիտուտի թվով 150 անդամներին, Մարդու իրավունքների ՄԱԿ-ի և Եվրախորհրդի հանձնակատարներին, Եվրոպայի օմբուդսմանին և միջազգային մի շարք պաշտոնական և ոչ կառավարական կազմակերպություններին, ինչպես նաև Հայաստանում գտնվող մի քանի տասնյակ պետությունների դեսպանություններին, այսինքն՝ թվով ավելի քան 300 հասցեատերերի: