Վարդան Պետրոսյանը պաշտապնեց մեղադրողին. «Բալոյանը ավելի շատ դատախազ էր դատական պրոցեսում, քանի ինքը՝ դատախազը, մեղադրողը: Կարելի է ասել դատախազ два»
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոյանի գործի քննութան ընթացքում տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց գործով մեղադրող Արթուր Սարգսյանին: Ռուբեն Բալոյանն ասաց, որ դատաքննության ընթացքում պարզվել է, որ Վարդան Պետրոսյանի խմածության վերաբերյալ նախաքննության մարմնի կողմից ձեռք բերված փաստաթղթերում առկա են բազմաթիվ հակասություններ: Փաստաբանն ասաց, որ քրեական հետապնդումն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել բոոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունն ու անմեղությունը հաստատող, պատասխանատվությունը ծանրացնող և մեմացնող հանգամանքները:
«Նախաքննության փուլում քրեական գործը վերահսկող դատախազին հայտնի պետք է դարձած լիներ, որ Վարդան Պետրոսյանի վերաբերյալ կազմված հիվանդության պատմության նկարագրի էջերը ենթարկվել են փոփոխության, մինչդեռ քրեական գործը վերահսկող դատախազը, որը պատասխանատու է նախաքննության օրինականության պահպանման համար, որևէ միջոց չի ձեռնարկել՝ քրեական գործում առկա բացերը վերացնելու ուղղությամբ»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Բացի դա՝ նա նշեց, որ նախաքննության մարմինը չի սպառել բոլոր եղանակները դեպքի օրը Վարդան Պետրոսյանի սթափության վիճակը պարզելու համար: Ըստ Ռուբեն Բալոյանի՝ այսօր էլ դատախազն առարկում է օրենքով սահմանված կարգով գործում առկա բացերը, թերությունները վերացնելու ուղղությաւմբ տուժող կողմի կատարած քայլերին:
«Մեղադրողի վերը նշված գործողությունները ողջամիտ կասկած են հարուցում սույն գործով նրա անկողմնակալության մեջ, ուստի և նա այլևս չի կարող մասնակցել սույն քրեական գործով վարույթին»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն ասաց, որ միջնորդությունը հիմնականում վերաբերում էր նախաքննության ընթացքին, սակայն, չգիտես ինչու, այն ներկայացվում է նախաքննությունից վեց-յոթ ամիս անց այն դեպքում, երբ ինքն առարկել է տուժող կողմի միջնորդության դեմ:
«Ընդ որում՝ բոլորի համար ակնհայտ է, որ եթե ես չառարկեի, ինչ էր լինելու այս տպագրված միջնորդության վերջը: Ես որևէ կողմնակալ կարծիք չունեմ, քավ լիցի, որևէ մեկին ի սկզբանե մեղադրելու կամ չմեղադրելու: Ի պաշտոնե հանդիսանում եմ մեղադրող, մեղադրանքի կողմ և համարել եմ, որ բավարար ապացույցներ կան Վարդան Պետրոսյանին մեղադրանքով գործը դատարան ուղարկելու վերաբերյալ»,- ասաց մեղադրողը՝ նշելով, որ ինքը որպես անձ այն կարծիքին է, որ պետք է մերժվի միջնորդությունը:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ չի ցանկանում որևէ մեկին վիրավորել, սակայն չի հավատում մեղադրողի խոսքերին, քանի որ իր մոտ տպավորություն է, որ նախօրոք համաձայնեցված է այս սցենարը, ինչը պայմանավորված է նրանով, որ նախորդ դատական նիստի ընթացքում մերժել է մի միջնորդություն, որը չի կարծում, որ այլ դատավոր այլ դատական նիստի ընթացքում կարող էր մերժել.
«Ըմբռնվել է, որ հանրային կարծիք կարող է ձևավորվել նրա վերաբերյալ, որ ֆրանսիացի մասնագետը ներկայացրել է, որ փաստաթղթի կամ կեղծիք, անզեն աչքով էլ երևում է, իսկ դատարանները փորձում են թաքցնել: Ինչ անենք, բերեք հակակշիռ ստեղծենք, թող Բալոյանը միջնորդույթյուն անի, ես կառարկեմ, դատարանը կմերժի, հետո Բալոյանը բացարկ կհայտնի: Ես տքեստը նայում եմ: Ինչի՞ց պետք է Բալոյանը ենթադրեր, որ այսօր դատախազը պետք է գա, նման առարկություն ներկայացնի: Այսինքն՝ եթե նախապես չի իմացել, որ առարկություն պետք է ներկայացնի, նման տեքստ չէր կարող գրել»:
«Սա նախապես պլանավորված սցենար է: Որ ասում է՝ վճռաբեկ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը: Նայում ես, ասում ես՝ առաջին ատյանի դատարանն ինչպես նման որոշում կայացրեց, որ վճռաբեկը բեկանեց: Գիտենք՝ ինչպես է աշխատում համակարգը: Նախապես համաձայնեցրած է լինում: Նախապես համաձայնեցված է: Ես էլ հաստատապես ասում եմ՝ Դուք գնալու եք խորհրդակցական սենյակ (նկատի ունի դատավորին:- Օ. Հ.), վերադառնաք, մերժեք այդ միջնորդությունը: Հետևաբար՝ չեմ կարծում, որ իմաստ ունի այս միջնորդությունը քննարկման դնել»,- ավելացրեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Վարդան Պետրոսյանն էլ ասաց, թե այն, ինչ պետք է ասի, կարող է զավեշտալի թվալ. «Ամեն դեպքում հազվագյուտ բան է դատական պրակտիկայում, երբ ամբաստանյալը պաշտպանում է իրեն մեղադրողին: Սովորաբար մեղադրողը ամբաստայալին մեղադրում է և ես պետք է նրան պաշտպանեմ: Ես չգիտեմ՝ ինչ կա: Ես իրավունք չունեմ, ինձ իրավունքներ չեմ վերապահում մտածելու անգամ ինչ-որ նախնական պայմանավորվածությունների մասին: Ես չգիտեմ՝ ինչպես է անցել նախաքննությունը, ես դրա մասին ունեմ իմ կարծիքը, այդ մասին կխոսեմ, ինչպես ասացի, վերջին խոսքում: Դատական պրոցեսում ես՝ հանձինս դատախազի, ինձ մեղադրողի տեսել եմ պրոֆեսիոնալ, զուսպ մարդու: Ինձ մի բան ավելի զարմանալի է թվում՝ այն, որ տուժածների ներկայացուցիչ քաղաքացի Բալոյանը ավելի շատ դատախազ էր դատական պրոցեսում, քանի ինքը՝ դատախազը, մեղադրողը: Կարելի է ասել դատախազ два: Ես նրա մեջ եմ տեսնում ավելի շատ դատախազի: Բայց դա նրա անձնական գործն է, նրա անձնական վերաբերմունքը»:
Նա դատարանի հայեցողությանը թողեց միջնորդության լուծումը՝ ասելով՝ «Ինքս կանգնելով պաշտպան ինձ մեղադրողին»:
Դատարանը մերժեց միջնորդությունը: