Ճշմարիտյանի հորդորը՝ ոսկեգործներին. Որևէ խոչընդոտի դեպքում զանգեք, անմիջապես ասեք
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այսօր կազմակերպվել է ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտների խնդիրներին նվիրված քննարկում՝ ոլորտի ավելի քան 20 ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Վաղարշակ և որդիներ» ընկերության ղեկավար Վաղարշ Աբրահամյանը հույս հայտնեց, որ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո դրությունը կլավանա: Ըստ նրա՝ եթե ոսկեգործները շահութահարկով կարողանան աշխատել, նաև բյուջեի մուտքերը կավելանան: Աբրահամյանի խոսքով՝ ներկայումս ոլորտի կազմակերպությունների 70-80%-ը դաշտից դուրս է աշխատում:
Ոսկեգործները բողոքեցին հարկային դաշտից:
«Լևանդ» ՍՊԸ-ի ղեկավար Անդրանիկ Բադալյանի խոսքով՝ ԱԱՀ-ով աշխատելը գրեթե անհնարին է: Ընկերությունը զարդերի տուփեր է արտադրում, ունի մոտ 18 աշխատող, 220 հազար դրամ միջին աշխատավարձով:
«ԱԱՀ-ն մեծ խնդիր է, մտածում ենք ինչ անել»,- ասաց Ա.Բադալյանը:
Նախարար Կարեն Ճշմարիտյանը հետաքրքրվեց՝ «էդ որ մտածում եք, մտածում եք կիսե՞ք ընկերությունը, թե՞ չէ»: Ստանալով բացասական պատասխան՝ նախարարը հարցրեց. «Ենթադրենք՝ աշխատում եք ԱԱՀ-ով, վաճառքի ո՞ր ծավալի դեպքում է, որ կարող եք նորմալ աշխաատել, հարկերը վճարեք, փոքր ներդրումներ անեք ու զարգանաք»:
«Եթե Եվրոպա դուրս գանք»,- եղավ Բադալյանի պատասխանը:
Իսկ թե ինչ է պետք Եվրոպա դուրս գալու համար, տնտեսվարողը չկարողացավ հստակ պատասխանել ու միայն նշեց. «Մեծ արտադրություն է պետք կազմակերպել, հումքը գտնելը խնդիր է, խանգարող հանգամանքները շատ են: Պարզեցված հարկով շատ լավ աշխատում էինք ու աճում էինք, իսկ հիմա պատվերները պակասել են և մեր իրացումն էլ ու արտադրանքն էլ պակասել են»:
Երևան ոսկերչական գործարանի փոխտնօրեն Աբգար Մկրտչյանն ուշադրություն հրավիրեց ոսկու մշակումը վտանգավոր թափոնների ցանկից հանելու անհրաժեշտության վրա:
Կ.Ճշմարիտյանը նշեց, որ դա Բազելյան կոնվենցիայով ստանձնած պարտավորություն է և միգուցե սնդիկ կա, միգուցե այլ վտանգավոր տարր կա: Նա կոչ արեց չվիճել, բայց եթե վարչարարության խնդիր կա, պատրաստակամություն հայտնեց աջակցելու:
Երևանի ոսկերչական գործարանի ներկայացուցիչ Գագիկ Աֆյանը հայտարարեց, որ այլ թափոնների մասին է խոսքը և քննարկման կարիք կա:
Ոլորտի կազմակերպությունների ղեկավարները դժգոհեցին նաև մաքսային վարչարարությունից: «Շողակն» ընկերության ղեկավար Սերգեյ Գասպարյանի խոսքով՝ մաքսային տեսուչները կամայական գալիս են, կասկածում են, թուղթ են գրում, հումքի վրա կալանք են դնում, ասում են՝ գնա դատարան պարզի: «6 դատ եղավ, իսկ ներդրողը չի սպասում, հրաժարվում է համագործակցությունից: Դատերից հետո էլ հարկադիրը ոչինչ չի անում»,- ասաց նա:
«Արևակն» ընկերության ղեկավար Վարդան Անդրեասյանը նշեց, որ դատարանը ՊԵԿ-ի ակտերը չեղյալ է համարել, բայց ոչ մի հետևանք չի եղել. «ՊԵԿ-ի մոտեցումն է՝ մենք իրավունք չունենք ԱԱՀ հետ ստանալ: Սարքավորումների ներկրում է և այլն, մոտ 20 մլն է կազմել, չեն տալիս»:
«Հարկային վարչարարության խնդիր է: Շրջանառու միջոցների սառեցում է գնում»,- փաստեց Կ.Ճշմարիտյանը և խնդրեց նման խնդիր լինելու դեպքում գրավոր դիմեն իրենց, որպեսզի փորձեն համալիր լուծում տալ:
«Որևէ խոչընդոտի դեպքում զանգեք, անմիջապես ասեք: Եգանյանը, Քոչարյանը ձեր տրամադրության տակ են, եթե խոշոր խնդիր է, ես էլ կզբաղվեմ: Ինտերակտիվ, օնլայն աշխատեք մերոնց հետ»,- հորդորեց Կ.Ճշմարիտյանը:
Ի դեպ, այս տարի կարատով ներմուծումը քիչ է, բայց գումարային 30%-ով ավելի է, նկատեց նախարարը, և նշեց, որ ստացվում է, որ ՀՀ մասնագետները որակի վրա են սկսել ավելի շատ աշխատել: