Հայ լոբբիստը՝ Լուիզիանայում

Հարցազրույց ԱՄՆ Լուիզիանա նահանգի ամենահայտնի հայի՝ Վազգեն Գալտակչյանի հետ

Այս տարի ԱՄՆ Լուիզիանա նահանգի Սենատը միաձայն ընդունեց բանաձև, որով դատապարտեց Ադրբեջանի հակահայկական ծրագրերը և կոչ արեց ԱՄՆ կառավարությանը՝ ստիպել պաշտոնական Բաքվին` պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Սա եղավ նման բովանդակությամբ առաջին բանաձևն ԱՄՆ-ում, որ վավերացվում է պետական կառույցի կողմից: 2013 թվականին մեկ այլ բանաձևով Լուիզիանայի Սենատը ճանաչեց ԼՂՀ անկախությունը՝ դառնալով ԱՄՆ չորրորդ նահանգը, որ ճանաչել է ԼՂՀ անկախությունը:

Լոբբիստական այս հսկա աշխատանքի հետևում կանգնած է Լուիզիանայում բնակվող մեր հայրենակից Վազգեն Գալտակչյանը (Vasken Kaltakdjian), որ նահանգի ճանաչված դեմքերից է և մեծ վստահություն է վայելում սենատոր Էդուարդ Մյուրելի և նահանգի այլ պաշտոնյաների կողմից: Վազգեն Գալտակչյանն այս օրերին Երևանում է. ՀՀ նախագահի կողմից նա ակնառու պետական և հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով: Պարգևատրվել է նաև ԼՂՀ «Երախտագիտության մեդալով»:

– Պարոն Գալտակչյան, ինչպե՞ս է Ձեզ հաջողվել հասնել նման արդյունքների:

– Երկու բանաձևերի հաջողությունը տարիների աշխատանքի արդյունք է: Նախ, այս ամենը չէր լինի, եթե չլինեին իմ անձնական կապերը նահանգի ղեկավարության, պաշտոնյաների, ազդեցիկ գործիչների հետ: Իսկ այդ կապերը հաստատվել են տարիների ընթացքում: 1977-ին, երբ մեր ընտանիքը Դամասկոսից տեղափոխվեց ԱՄՆ Լուիզիանա նահանգ, մենք ոչինչ չգիտեինք ո՛չ այդտեղի բնակչության, ո՛չ սովորությունների մասին, լեզուն էլ կարգին չգիտեինք:

Vazgen (2)

Շատ-շատ դժվարություններ հաղթահարեցինք, մինչև հաստատվեցինք: Մի քանի տարի հետո հիմնեցինք ռեստորանային բիզնես, և այսօր Լուիզիանայի մայրաքաղաք Բաթոն-Ռուժում հայկական անունով յոթ ռեստորան ունենք (այն կոչվում է հորս անունով՝ «Սերոբ»): Հենց մեր ռեստորաններում էլ ես ծանոթացել եմ նահանգի ազդեցիկ մարդկանց հետ: Նրանք սկզբում պարզ մարդիկ էին կամ սովորական փաստաբաններ, հետո դարձան դատախազներ, անվանի փաստաբաններ, ղեկավարներ: Տարիներով պատմել եմ հայերի, մեր ժողովրդի անցած ճանապարհի մասին, բազմաթիվ նյութեր, գրքեր եմ տվել կարդալու, հարյուրավոր հանդիպումներ եմ ունեցել:

Ես Լուիզիանա նահանգում ներկայացնում եմ Հայ-Ամերիկյան խորհուրդը, որ ՍԴՀԿ քաղաքական կառույցին մաս կազմող լոբբիստական մարմին է: Իմ ամենօրյա աշխատանքը տարիներով նրանց աչքի առջև էր: Այդ պայմաններում էր, որ մեր առաջարկած երկու բանաձևերը հաջողությամբ ընդունվեցին:

– Ինչպիսի՞ն է եղել երկու դեպքում ադրբեջանական լոբբինգի հակազդեցությունը:

– 2013թ. ադրբեջանական լոբբինգը բավականին ջանք թափեց, որ ԼՂՀ անկախությունը ճանաչելու բանաձևը չընդունվի, բայց հաջողության չհասավ, որովհետև իրենք սենատորի հանդեպ շատ հարձակողական մոտեցում դրսևորեցին, իրենց ձևը սովորաբար հարձակողական է, ինչը, բնականաբար, վանում է: Անցյալ տարվա բանաձևն անձամբ սենատորը ներկայացրեց, ինչն ի նպաստ մեզ եղավ:

Բանաձևով ոչ միայն Լուիզիանան ճանաչեց ԼՂՀ անկախությունը, այլ միաժամանակ Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին կոչ արվեց օժանդակել զարգացող ժողովրդավարական պետության ինքնորոշմանը և ժողովրդավարական անկախությանը: Իսկ այս տարի, երբ մենք ներկայացրինք Սումգայիթի և Բաքվի դեպքերը դատապարտող բանաձևը, Ադրբեջանը հենց նույն ժամանակ մի այլ բանաձև ներկայացրեց, որը միտված էր Լուիզիանա նահանգի և Ադրբեջանի Հանրապետության կապերի զարգացմանը:

Vazgen (6)

Մենք ոչ միայն Ադրբեջանի կառավարությանը դատապարտող մեր բանաձևը կարողացանք հաջողեցնել, այլ հասանք նրան, որ իրենց բանաձևը դուրս գա քննարկումից: Այսօր սենատորը շատ լավ տեղյակ է հայ ժողովրդի պատմությունից: Նա սևամորթ է, ժամանակին հայերի մասին չէր էլ լսել: Շնորհիվ իր հետ իմ բազմաթիվ հանդիպումների՝ արդեն շատ լավ պատկերացնում է, թե ինչո՞ւ ենք մենք բնակվում Լուիզիանայում և ոչ թե` մեր հայրերի ծննդավայրում՝ Արևմտյան Հայաստանում, գիտե՝ ինչո՞ւ են հայերը ցրված աշխարհով մեկ, տեսնում է, որ հենց մենք ենք այդ ցեղասպանվածների թոռները: Մենք նրան նաև ներկայացնում ենք այն հայերի մասին, որոնք ԱՄՆ-ում տարբեր ոլորտներում մեծ դերակատարում են ունեցել, իսկ դրանց թիվը քիչ չէ:

– Ի՞նչ կարևոր առանձնահատկություն ունի լոբբիստական գործունեությունը:

– Պետք է կարողանաս հաստատած կապերդ, ծանոթություններդ ճիշտ օգտագործել, և դա պետք է անես ոչ թե մարդկանց մտերմությունը չարաշահելու օգտին, այլ հասնես նրան, որ դիմացինդ անձամբ համոզվի այն հարցում, որին նպաստելու է: Ամենակարևոր գործոնը վստահությունն է: Եթե վստահություն չունեցար, ոչնչի չես հասնի: Սենատորն իմ հանդեպ վստահության արդյունքում միայն այդպիսի քաղաքական համարձակ բովանդակությամբ բանաձև ներկայացրեց և ներկայացրեց անձամբ: Բայց միայն մի սենատորով չէ, կապերդ շատ պիտի լինեն, մյուս բոլոր պաշտոնյաների հետ էլ պիտի կարողանաս մի ինչ-որ կապ հաստատել: Քաղաքական գործիչների հետ ավելի հեշտ է շփվել և աշխատել ոչ թե` պաշտոնական վայրերում, այլ՝ աշխատանքից դուրս, ինչն էլ իմ գործի բերումով ինձ հաջողվում է:

Vazgen (3)– Ինչպե՞ս է կյանքը Լուիզիանայում, հայերն ինչո՞վ են զբաղվում այնտեղ:

– ԱՄՆ-ի հայերի մասին խոսելիս շատերին թվում է, որ հայերը հիմնականում միայն Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Բոստոնում և խոշոր կենտրոններում են: Բայց այդպես չէ. ես կարող եմ ասել, որ ԱՄՆ բոլոր նահանգներում էլ հայություն կա: Կոնկրետ մեր նահանգում քիչ է հայության թիվը. 3,5 միլիոնանոց նահանգում 125 հայ ընտանիք կա: Բաթոն-Ռուժում 30 հայ ընտանիք կա, որոնցից 14-ը մենք ենք, մեր գերդաստանն է: Մյուսները ցրված են տարբեր քաղաքներում: Բայց քիչ լինելով՝ մենք ուժեղ ենք, որովհետև համախմբված ենք: Որևէ հայկական հարցի շուրջ համայնքն անմիջապես համախմբվում է, ունենք Հայ Առաքելական եկեղեցին, եկեղեցուն կից սրահ և գերեզմանատուն: Լուիզիանայում հայերը հիմնականում սպասարկման ոլորտում են ընդգրկված՝ ռեստորանային բիզնեսում, նաև՝ ոսկերչության, մեքենաների առքուվաճառքի մեջ:

– Հայախո՞ս են:

– Մեր սերունդը՝ այո, նոր սերունդն էլ հայախոս է, բայց հայերեն գրել-կարդալ չգիտի: Ցավոք, հայկական դպրոց չունենք: Երբ նոր էինք հաստատվում նահանգում, ամեն ինչ անծանոթ էր, մեր ամենօրյա աշխատանքով, դժվարություններ հաղթահարելով, օրենքներին ծանոթանալով էինք զբաղված, և կարծես երեխաների հետ անցկացնելու ժամանակ չէր մնում: Բայց Լուիզիանայի բոլոր հայ երեխաներն էլ հայախոս են, հայկական ոգի են կրում, քանի որ ընտանիքներում հայերեն են խոսում: Լուիզիանայի հայերը երբեք իրենց հայկական դիմագիծը չեն կորցրել: Հույս ունենք, որ հայերեն լեզուն մեր զավակները կփոխանցեն իրենց զավակներին:

Vazgen (5)

– Իսկ Հայաստան տեղափոխվելու մտադրություններ չկա՞ն:

– Ճիշտն ասած՝ մշտական ապրելու համար՝ ոչ: Բոլորն էլ արդեն արմատավորված, իրենց տունն ու տեղը, գործը հաստատած մարդիկ են, շատ դժվար կլինի Հայաստան տեղափոխվելը, բայց կապը միշտ կա Հայաստանի հետ: Հայաստանին առնչվող որևէ հարցի դեպքում անմիջապես մեր կողմից աջակցություն է լինում:

– Հայաստանցիներ կա՞ն Լուիզիանայում:

– Քիչ են, չորս ընտանիք կա ընդամենը, որից մեկը պրոֆեսոր ամուսիններ են, համալսարանում են աշխատում, բայց Բաքվից տեղահանված շատ հայեր կան: Համայնքում ընդհանրապես սիրիահայերն ու լիբանանահայերն են գերակշռում:

– Իսկ բացի սպասարկման ոլորտից, տեղական կառավարման մարմիններում ինչո՞ւ չեն ընդգրկվում. Ձեր օրինակը ցույց է տվել, որ վստահություն կա հայերի հանդեպ:

– Մեծ վստահություն կա հայերի հանդեպ և քաջալերանք՝ տեղացի ժողովրդի կողմից: Լուիզիանան և ընդհանրապես` հարավը, հայտնի է հյուրասեր, ազնիվ, ջերմ բնակիչներով, որոնք հիմնականում բնիկներ են: 36 տարի է՝ այնտեղ եմ ապրում և որևէ խնդիր չեմ տեսել հայերի հանդեպ: Նրանք շատ են գնահատում մեր բոլոր ջանքերը:

Պարզապես մեր սերունդը, որ առաջին սերունդն էր, չկարողացավ քաղաքական կենսագրություն ձևավորել, քանի որ, ինչպես ասացի, զբաղված էինք հաստատվելով, դժվարություններ հաղթահարելով, անձնական գործեր հիմնելով: Հայերը, ինչպես գիտեք, շատ հպարտ են, չեն ուզում որևէ մեկի մոտ աշխատել, և բոլորն էլ իրենց սեփական գործերը հիմնեցին՝ ավելի երկար աշխատելով օրվա մեջ: Բայց նոր սերունդն ազատ է, կարող է ընդգրկվել քաղաքական որևէ պրոցեսում, լեզուն էլ լավ գիտի, մանավանդ, որ ոչ մի սահմանափակում չկա որևէ մեկի հանդեպ:

– Հաճախ եք լինում Հայաստանում, ինչպե՞ս եք տեսնում երկիրը:

– Խնդիրներն, անշուշտ, տեսնում եմ և՛ գործազրկությունը, և՛ արտագաղթը: Հանդիպում եմ երիտասարդների, որոնք հենց վաղն էլ որևէ վիզա ունենան՝ կգնան, բայց ինձ ուրախացնում են այն երիտասարդները, որոնք միայն այստեղ են պատկերացնում իրենց ապագան, համոզված են, որ լավ է լինելու, համոզված են ապրում և ինչ-որ մի բանով նպաստում են այդ լավին: Նրանք գիտեն, որ ամեն ինչ միանգամից չի տրվում, ոչ մի երկրի չի տրվել, պետք է հասնել դրան, թեկուզ՝ դանդաղ քայլերով: Իսկ այդ դանդաղ քայլերը կան. տասը տարվա, նույնիսկ հինգ տարվա մեջ փոփոխություն կա: Մի պարզ բան ասեմ. հեռավոր Լուիզիանայի մեր փոքրիկ քաղաքի սուպերմարկետներում հայկական արտադրության մուրաբա, հյութեր են վաճառվում: Դա խոսում է այն մասին, որ արտահանման ծավալները մեծացել են, դա էլ առաջընթաց է:

– Ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլը:

– Ես միշտ ասում եմ՝ հայրենիքիս զինվորն եմ, ինչ որ ասեն, այն էլ կանեմ:

Տեսանյութեր

Լրահոս