Գերման Ավագյան. «Դեմքը մարդու սեփականությունն է, և նույնիսկ մահից հետո ոչ ոք իրավունք չունի այն օգտագործել». media.am
Լուսանկարիչ Գերման Ավագյանը լուսանկարելուց առաջ աշխատում է խորասուզվել մարդկային ճակատագրերի ու իրադրության մեջ այնքան, որքան թույլ է տալիս իրավիճակն ու իր ներքին զգայական համակարգը: Երկար զրուցում է մարդու հետ, ընկերանում, հարցեր տալիս և, ամենակարևորը, լսում է: Լսածն ու վերապրածը դառնում են շրջանակված մի ակնթարթ, որի հետևում միշտ պատմություն է:
Ի վերջո, լուսանկարչի պրոֆեսիոնալիզմը հենց պատմություն ակնարկելն է, այլ ոչ թե միայն հոգեցունց, շշմեցնող ու սկանդալային կադրեր տարածելը:
Գերման Ավագյանն աշխատել է և՛ որպես ֆոտոլրագրող (նաև միջազգային համբավ ունեցող CNN-ի համար), և՛ սեփական հեղինակային վավերագրական ֆոտոնախագծեր է ստեղծել: Նա վստահ է, որ ցանկացած լուսանկար պիտի փոխի դիտողին, կամ էլ գոնե դրդի նրան մտորել, հուզականորեն հարստացնել, այլ ոչ թե իր ներգործման էֆեկտով «հարվածել» ուղեղին: Մեր մեդիա դաշտի խնդիրներից մեկը, ըստ Գերման Ավագյանի, լրագրողի ու հատկապես ֆոտոլրագրողի մասնագիտության արժեզրկումն է: Նաև դա փոխելու նպատակով էլ նա ցանկանում է Երևանում ֆոտոդպրոց հիմնել: «Մի գաղտնիք բացեմ. ոչ մի լուսանկարիչ ոչինչ սովորեցնել չի կարող, սովորեցնելն ընդհանրապես անհնարին է, կարելի է միայն միասին աշխատել: Ուզում եմ միասին ընտրենք, կառուցենք, զգանք ֆոտոժապավենի հետ շփման հաճույքը»,- ասում է նա:
– Ինտերնետի գոյությունն առաջին հերթին` ազդեց վիզուալ դաշտի վրա: Ահռելի քանակի պատկերներ լցվեցին մեր կյանք՝ խճճելով այն: Այս ֆոտոգրոհն ինչպե՞ս ազդեց մեդիա դաշտի վրա:
– Լրագրողական ու վավերագրական ֆոտոները տարբեր են: Ես գտնում եմ, որ լուսանկարը բացիկ չէ, այլ պատմություն է, և այդ սկզբունքով էլ աշխատում եմ տարիներ շարունակ: Իսկ ինտերնետն ազդեց ոչ միայն ֆոտոների, այլև տեքստի վրա: Ի՞նչ է, մեդիա դաշտում հայտնվող լրագրողական հոդվածները չե՞ն խճճում: Բառերը նույնքան շատ ու հաճախ անորակ են, որքան պատկերները: Ինձ ավելի շատ բարկացնում է, որ Հայաստանում ամեն ինչ արվում է լրագրողի (և հատկապես ֆոտոլրագրողի) մասնագիտությունը վարկաբեկելու համար:
Ստեղծվում է ագրեսիվ, կիսագրագետ լրագրողի կերպար, որը մարդկանց կյանք է ներխուժում ու ինչ ուզում` լուսանկարում է, ինչպես ուզում` վարվում է: Կամ իշխանություններն են չափազանց խելացի, որ կարողանում են այդ աստիճան արժեզրկել լրագրողի մասնագիտությունը, կամ էլ հասարակությունն է անպատրաստ դիմադրել: Ադրբեջանում, օրինակ, լրագրողներին բանտ են նետում, իսկ մեզ մոտ վարկաբեկում են՝ նույն հարթության վրա դնելով ոչ պրոֆեսիոնալ, ագրեսիվ ինքնահավանների հետ: Խոսքի ազատություն կա, բայց խոսքն արժեք չունի, քանի որ քեզ կարող են ասել՝ բա դա չե՞ք: Եվ ստացվում է, որ ես էլ եմ ֆոտոլրագրող, ոմն կիսագրագետը, բայց հայտնին՝ նույնպես: Լրագրողի վարկանիշը բարձրացնելու և վերջերս արձանի արժանացած լրագրողական զանգվածին չնմանվելու համար լուրջ ջանքեր է հարկավոր գործադրել:
– Ինչպե՞ս վարվել, երբ լուրի, ինֆորմացիայի հիմքը ցնցումն է, մահը, և հարկ է ցույց տալ մահացածներին, արյուն, վթար, աղետ: Լրագրողական էթիկան ու իրականությունը պատկերելու պարտքը հաճախ հակասում են իրար:
– Խնդիրը ոչ թե լրագրողական, այլ պարզ մարդկային էթիկան է: Միշտ ասել եմ, որ չի կարելի նկարահանել ու ցուցադրել մահացած մարդկանց դեմքերը: Ի վերջո, ֆոտոլրագրողի պրոֆեսիոնալիզմը պարտադրում է այնպիսի լուսանկար անել, որտեղ կերևա աղետը, բայց մահացածի դեմքը չի երևա: Հիշում եմ՝ 1988թ. երկրաշարժից հետո բազմաթիվ լուսանկարների շարքում տեսա մի լուսանկար, որը պատկերում էր բակում դրված դագաղներ: Բոլոր մահացած մարդկանց դեմքերը փակ էին, բայց մեկը բաց էր՝ առանց ծածկոցի: Հարցրի լուսանկարչին՝ ինչպե՞ս են մոռացել ծածկել:
Պատասխանեց՝ ես եմ բացել, ուզում էի ավելի ազդեցիկ լուսանկար անել: Համոզված եմ, որ նա այդպես վարվելու իրավունք չուներ, դեմքը մարդու սեփականությունն է, և նույնիսկ մահից հետո ոչ ոք իրավունք չունի այդ սեփականությունն օգտագործել: Դա մարդու իրավունքների խախտում է, նույնիսկ, եթե մեծ էֆեկտ ունեցող ֆոտո է ծնվում: Անգամ ամենաէժանագին հոլիվուդյան ֆիլմերում տեսնում ենք, որ առաջին հերթին փակում են մահացած մարդու դեմքը: Ոստիկանը մոտենում է, հանում իր բաճկոնն ու արագ փակում դիակի դեմքը: Դա է կարգը:
– Մահն ու աղետն ավելի ազդեցիկ են լուսանկարներում, քան, երբ բառերով են նկարագրվում: Իսկ մեդիան ուզում է ազդեցիկ նյութեր անել:
– Ի՞նչ իմաստ կա լուսանկարել դագաղում պառկած մարդուն: Եթե գրեն, որ նա մահացել է, դա բավական չի՞ լինի, չե՞ն հավատա: Կան լուսանկարիչներ, որոնք հանգիստ նկարում են, ես դա անել չեմ կարող: Երբ 2010 թ. Օլիմպիական խաղերի օրերին զոհված մարզիկի թաղումն էր, ես գնացի Բակուրիանի՝ թաղմանը, և լուսանկարեցի: Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում էր ոչ թե մահացածը, այլ ծիսակարգը, արարողության պատրաստումը:
Որոշ կադրերում նաև դագաղն է երևում, բայց այդ ֆոտոները ես երբեք չեմ ցուցադրել: Լուսանկարից արդեն իսկ պարզ է, որ սա թաղում է, էլ ի՞նչ կարիք կա մահացածի դեմքը ցուցադրել: Հասկանում եք, մարդն այնպիսի էակ է, որը սահմանափակ քանակությամբ էմոցիաներ է ընկալում: Եվ եթե մեդիան ուզում է ազդեցիկ նյութ անել, այդ սահմանը պիտի հաշվարկի, այլապես հակառակ էֆեկտը կստանա. ցնցվելու փոխարեն` լսարանն ավելի անտարբեր կդառնա: Գոյություն ունի զգացմունքայնության շեմ, որն անցնելով` մարդը դադարում է ընկալել ու զգալ ցավը, վտանգը: Նրա համար ամեն ինչը միևնույն է դառնում: Եթե մի տեսանյութ հարյուր անգամ ցույց տաս ու տարածես, մարդը կդադարի ընկալել այն շատ պարզ պատճառով՝ կբթանա նրա ընկալողությունը:
Հենց դա տեղի ունեցավ 2001թ. սեպտեմբերի 11-ին, երբ Նյու Յորքում պայթեցվեցին զույգ աշտարակները:
Այդ ժամանակ Ամերիկայում էի ապրում, և հիշում եմ, թե ինչպես էին պայթյունի կադրերն ազդում մարդկանց վրա. սկզբում սարսափ էր, կարեկցանք, իսկ հետո զգացմունքները բթացան, արձագանքը թուլացավ: Եթե ֆոտոլրագրողը դաստիարակված մարդ է, նա չի լուսանկարի նաև հոգեկան հիվանդներին, ասենք, մերկ կամ նսեմացնող իրավիճակում: Եթե հանկարծ մի հիվանդ այնպիսի շարժում անի, որ կուրծքը երևա, ես ոչ միայն խցիկը, այլև հայացքս կփախցնեմ: Գիտեմ մի հեղինակի, ով հատուկ նախագիծ էր արել հոսփիսում՝ լուսանկարելով մարդկանց մահից առաջ ու հետո:
Շատ հետաքրքիր դիմանկարներ էին: Բայց հեղինակը դեռևս կենդանության օրոք այդ մարդկանցից իրենց լուսանկարելու թույլտվություն էր ստացել, բացի այդ՝ լուսանկարները մի քանի տարի տևած աշխատանքի, շփման արդյունք էին: Իսկ մեզ մոտ լուսանկարիչները գալիս են, արագ-արագ չխկացնում են իրենց սարքերով ու միանգամից տարածում պատկերները:
– Ձեր բոլոր ֆոտոնախագծերը փորձում են կապ ստեղծել տարբեր տարիների, հերոսների միջև: Կարելի՞ է ասել, որ լուսանկարը փոխում է մոտեցումն այս կամ այն խնդրի հանդեպ:
– Միշտ ուզում եմ, որ այդպես լինի: Երկար տարիներ լուսանկարել եմ Արցախի պատերազմից հետո մնացած պայթուցիկ զինամթերքի, ականների պատճառով հաշմանդամ դարձած երեխաներին (շատերը հիմա իմ ընկերներն են): Այո, այդ նախագծից հետո շատ բան փոխվեց: Ցանկացած վավերագրական նախագիծ, որը հայտնվում է մեդիայում (լայն իմաստով` նաև ամենուրեք, քանի որ ամեն ինչն էլ մեդիա է), պիտի ազդեցություն թողնի հենց կյանքի վրա, այլապես ինչի՞ համար է այն արվել:
Մի անգամ 1997 թ. լուրջ սխալ գործեցի: «Առավոտ» թերթում էի աշխատում, երբ տեղեկություն ստացանք, որ Կիևյան կամրջից նետվելով` մի մարդ է ինքնասպան եղել: Շատ արագ հասա դեպքի վայր, անգամ ոստիկաններից ու բժիշկներից շուտ, լուսանկարեցի ու գնացի: Ֆոտոները տպագրվեցին, բայց նույնիսկ հիմա՝ տարիներ անց, զղջում եմ արածիս համար: Միշտ մտածում եմ՝ եթե մի քանի րոպե շուտ հասնեի, խոսեի մարդու հետ, արդյո՞ք կստացվեր կանխել ինքնասպանությունը: Երևի թե չէր ստացվի, բայց փորձել պետք է, քանի որ կյանքը մեզ տրված ամենագեղեցիկ նվերն է, և դրա մասին կարելի է հիշեցնել հենց լուսանկարների միջոցով: Առաջարկում եմ Կիևյան կամրջի մոտակայքում պաստառներ փակցնել, որոնք կհիշեցնեն հենց կյանքի արժեքի մասին: Lուսանկարն ավելի մեծ ներգործություն ունի, քան տեսագրությունը. ֆոտոյի առավելությունը վիդեոյի նկատմամբ հենց հիշվելու հատկությունն է: Չարժե կադրն անիմաստ բաներին ծառայեցնել:
Հարցազրույցը` ՆՈՒՆԵ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ
Լուսանկարը` ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
media.am