Ստեփան Սաֆարյան. Ադրբեջանի թիրախներից մեկը շարունակում է մնալ Ստեփանակերտի օդանավակայանը
«Ինձ զարմացնում է` ինչպե՞ս կարելի էր սահմանին մոտ թռիչքներ իրականացնել»,- այս հարցն է ամենից շատ հետաքրքրում քաղաքական Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանին:
Այսօրվա ասուլիսում Ս. Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռը խոցելու միջադեպը և ադրբեջանական կողմի պահվածքն ուղղակի տապալում են ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ որևէ բանակցություն, և դժվար թե Հայաստանի կամ ԼՂՀ նախագահը համաձայնություն տան բարի կամքի հիման վրա քննարկել ինչ-որ մի տարբերակ, եթե Ադրբեջանը նույնիսկ բարի կամք չունի վերադարձնելու ուղղաթիռի անձնակազմի երեք աճյունները:
Ըստ վերլուծաբանի` Ադրբեջանը դիմել է այդ քայլին, որովհետև շատ ծանր է տարել գարնանը հայկական ուժերի առաջընթացը Նախիջևանում, հուլիսին ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծումը, այնուհետև նաև օգոստոսյան իրադարձությունները, որոնք չընթացան Ադրբեջանի պատկերացրած դիպաշարով.
«Պետք էր հասկանալ, որ Ադրբեջանը դժվար թե կուլ տա այս ամենը: Իհարկե, դժվար նաև մարսի այն, ինչ արել է, որովհետև որքան էլ վրիպումներ նկատենք հայկական պաշտպանական ստրատեգիաներում, այնուամենայնիվ, հայկական կողմը ցույց է տվել, որ սիրում է կործանել, քան մեծ-մեծ խոսել: Ադրբեջանը բացառապես դրանով է զբաղված: Ադրբեջանը փորձեց այս երեք միջադեպերի պատասխանը տալ ուղղաթիռը խոցելով»:
Այս իմաստով Ս. Սաֆարյանի համար անհասկանալի է մնում հարցը, թե ինչպե՞ս կարող էր հայկական կողմը չիմանալ այս ամենը, չպատկերացնել իրավիճակը և սահմանին մոտ զորավարժություններ անել ու թռիչքներ իրականացնել, թեկուզև ուսումնավարժական:
«Ինձ համար սա անհասկանալի է, որովհետև Ադրբեջանը հիմա իրականացրեց այն, ինչ սպառնում էր անել Երևան-Ստեփանակերտ թռիչքի պարագայում: Նրանք ի սկզբանե նպատակ ունեին և նրանց թիրախներից մեկը շարունակում է մնալ Ստեփանակերտի օդանավակայանը»,- ասաց նա:
Վերլուծաբանը նաև ավելացրեց, որ այս անհաջողություններից հետո ադրբեջանցիները սակարկության առարկա ենմ դարձնել աճյունները վերադարձնելու հարցը և իրենց տմարդի, հակամարդկային գործողություններով փորձ է անում ադրբեջանական պետության հզոր կերպար ստեղծել` ցույց տալով, թե հայկական կողմին թույլ չեն տա վերադարձնել հայ զինծառայողների աճյունները:
Այս համատեքստում Ս. Սաֆարյանը մտահոգիչ է համարում հակամարտությամբ զբաղվող միակ մասնագիտացված կառույցի` ԵԱՀԿ-ի բավական պասիվ պահվածքը.
«Ադրբեջանը բացահայտ ձեռնոց է նետել նաև միջազգային կառույցներին, և այս իմաստով ԵԱՀԿ-ն թերևս պետք է շատ լուրջ գնահատի իրավիճակը: Եթե սա է ԵԱՀԿ-ի կարողությունը, ապա ԵԱՀԿ-ն շատ ավելի լարված իրավիճակներում օպերատիվ արձագանքելու որևէ կարողություն չունի, որովհետև Կասպրշիկն ակնարկել է, որ մշտադիտարկման աշխատանքները վաղօրոք պլանավորված են եղել, և երկրորդը` ադրբեջանական կողմը թույլ չի տալիս (այցելել դեպքի վայր)»: