Բաժիններ՝

Լևոն Իգիթյան. «Տաղանդավոր են մեր երեխաները, չկա անտաղանդ հայ, հարցն այն է, թե ում ձեռքն է ընկնում այդ երեխան՝ որպես հումք»

«Մեր ուսումնասիրությունները մեզ թույլ են տալիս բարձրաձայն և պաշտոնապես հայտարարել, որ վերջին 40 տարիների ընթացքում Գեղագիտության ազգային կենտրոնում ստեղծված դպրոցն այսօր հավասարը չունի աշխարհում, և մենք համոզվեցինք, որ դա ո՛չ ռեժիմից է, ո՛չ սոցիալական պայմաններից և ո՛չ էլ մութ ու ցուրտ տարիների հետևանք է, այլ պարզապես այս դպրոցի մանկավարժներն անսահման նվիրյալներ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ արվում է իրենց մոտ, և այն մակարդակը, որ ապահովվում է իրենց կենտրոնում, թույլ է տալիս աշխարհում առաջինը լինել. «Ես ուրիշ մրցակիցներ չեմ տեսնում, քանի որ շատ լավ հետևում և տեսնում ենք, թե աշխարհում ինչ է կատարվում: Դրա համար հպարտությամբ ասում եմ, որ մենք առաջինն ենք աշխարհում, մենք լիդերն ենք: Շրջափակություն, սոցիալական ճգնաժամեր և այլն կապ չունեն նրա հետ, թե մարդն իր գործին ինչպես է վերաբերվում, ինչ տաղանդի տեր է և ինչ որակի երեխաների հետ գործ ունի:

Տաղանդավոր են մեր երեխաները, չկա անտաղանդ հայ: Ամբողջ հարցն այն է, թե ում ձեռքն է ընկնում այդ երեխան՝ որպես հումք, և ինչպես են մշակում: Երբ արտասահմանցիները մեզ հարցնում են, թե ինչում է դրա գաղտնիքը, ես ասում եմ, որ գաղտնիք չկա, պարզապես մեր գեներն են այդպիսին: Մեր մանկավարժները նկարել չեն սովորեցնում, այլ ամեն երեխային հայտնաբերում են հենց իր համար. երբ երեխայի էությունը գտնում ես, նա հրաշքներ է գործում»:

Լ. Իգիթյանի խոսքով՝ իրենք արդեն հինգերորդ տարին է՝ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ անցկացնում են համահայկական մրցույթ-փառատոն:

Կարդացեք նաև

Երեկ Ժամանակակաից արվեստի թանգարանում բացվել է հենց հինգերորդը, որին ցուցադրվել են 15 երկրներից բերված աշխատանքներ՝ թվով մոտ 2000. «Այս փառատոները առիթ դարձան, որ մարզերում ևս նկարչական ստուդիաներ բացվեն: Այժմ մենք ունենք մասնաճյուղեր Գյումրիում, Վանաձորում, Սևանում, Գորիսում և Մեղրիում: Եթե մենք հնարավորություն ունենայինք, ապա կերազեինք, որ Հայաստանի բոլոր երեխաներն այս դպրոցով անցնեին՝ անկախ նրանից, նկարիչ կդառնան թե ոչ. եթե երեխան արվեստի մեջ է աճում, ապա հետագայում ցանկացած մասնագիտության տիրապետելու դեպքում էլ մի գլուխ բարձր է լինելու բոլորից»:

Նշենք, որ Գեղագիտության ազգային կենտրոնը ստեղծվել է 1980թ.: Այժմ կենտրոնում գործում են Կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ստուդիա-քոլեջը՝ իր 11 արվեստանոցներով, «Ծաղկի» թատրոնը՝ հայտնի նաև որպես «Փոքր թատրոն», ֆիլհարմոնիայի մասնաճյուղը, «Մետրո» թատրոնը և Ազգային նվագարանների յոթամյա երաժշտական դպրոցը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս