Ուղղաթիռի խոցմամբ Ադրբեջանը ցանկանում է Մինսկի խմբին հասկացնել, որ կոնֆլիկտային գործընթացը չի մնա նախկին մակարդակի վրա. քաղաքագետ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Новости-Азербайджан լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի ռազմական քաղաքագետների ասոցիացիայի անդամ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Փերենջիևը մեկնաբանել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ ՌՕՈՒ-ի «Մի-24» տիպի ուղղաթիռը խոցելը.

«Շփման գծում պաշտոնական Բաքվի առավել կոշտ դիրքորոշումը կապված է ՄԱԿ-ի կողմից ԼՂ-ի խնդրի շուրջ բանակցություններն ու խորհրդակցությունները հետաձգելու հետ: Այդպիսով, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ցանկանում է Մինսկի խմբի մասնակիցներին հասկացնել, որ կոնֆլիկտային գործընթացը չի մնա նախկին մակարդակի վրա, որ այն հետագայում զարգանալու է սրման ուղղությամբ, եթե միջազգային հանրությունը շարունակի որևէ ժամանակահատված անուշադրության մատնել այն»:

Այսինքն, ստացվում է, որ Բաքուն միջազգային հանրության հանդեպ որդեգրել է շանտաժի մարտավարությունը: Հոկտեմբերի 27-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով հայտարարվեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի առաջընթացի մասին:

Եվ ահա չնայած դրան՝ հայտարարվեց նաև, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը հնարավոր է միայն մեկ տարի անց՝ Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ-ի հոբելյանական (70-րդ) գագաթաժողովի ժամանակ: Այդպիսով, էստաֆետն Օլանդից չընդունեցին ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ էլ Մոսկվայում:

Տեսանյութեր

Լրահոս