«Մեկին տասը կարող ենք պատասխանել, բայց այդ ասելը դատարկ խոսք է»

Չկա այսօր այն ուժը, որը բռնի միջազգային իրավունքը խախտողի` տհասի ձեռքից,-
այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարեց Լարիսա Ալավերդյանը` նոյեմբերի 12-ի միջադեպը, գնահատելով միջազգային իրավունքի տեսանկյունից: Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ադրբեջանի զինված ուժերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին խոցեցին հայկական ՄԻ-24 ուղղաթիռը:

«Ժնևյան կոնվենցիաները և օժանդակ արձանագրությունները վաղուց արդեն Ադրբեջանի համար որևէ նշանակություն չունեն»,- ասում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ-ի ղեկավարը:

Լարիսա Ալավերդյանի խոսքով` Ադրբեջանը, որ հայտարարում է, թե «Լեռնային Ղարաբաղի օդային տիրույթը թռիչքային գոտի չէ», հղում է անում այն փաստին, որ ԼՂՀ-ն ԻԿԱՕ-ի անդամ չէ, բայց դրանից չի բխում, որ կարելի է խոցել ԼՂՀ-ի օդային տարածքում հայտնված օբյեկտներին. «Դա կա´մ անգրագիտություն է, կա´մ լկտիություն»:

Միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի ամենախոցելի կողմը նրա պատժելիության սկզբունքի իրականացումն է, այդ իսկ պատճառով չափազանց դժվար է Ադրբեջանի «ձեռքը բռնելը» և նմանատիպ սադրանքները կանխելը:

Կարդացեք նաև

Ըստ Լարիսա Ալավերդյանի` Բաքուն այս միջադեպերը չի դիտարկում` որպես 1994 թ. զինադադարից հետո ինչ-որ աննախադեպ իրադարձություն, այլ հետևում է իր որդեգրած շարունակական քաղաքականությանը, որը կարելի է բնորոշել ընդամենը մեկ նախադասության մեջ` «Հայաստանի կողմից օկուպացված տարածքներ»:

«Միայն արցախյան հարցի շուրջ է, որ ամենաբարձր` երեք խոշոր պետությունների նախագահների մակարդակով ներկայացված է Մինսկի խումբը: Դա արդեն իսկ նշանակում է, թե այս տարածաշրջանում ինչ մեծ տեղ է տրվում այդ հարցին: Այդ առումով անգրագիտություն եմ համարում Ադրբեջանի հայտարարությունը, թե դա նրանց տարածքն է, և դիվերսանտները կարող են ազատ գնալ, մարդ սպանել, անասուն մորթել: Ամենևին այդպես չէ. կա հստակեցված գիծ, այդ շփման գիծը միջազգային հարաբերությունների և իրավունքի մեջ ևս ունի շատ կարևոր նշանակություն»,- հայտարարեց նա:

Այս համատեքստում Լ. Ալավերդյանը նկատեց` չպետք է զարմանանք, թե ինչու միջազգային հանրությունն այսպես արձագանքեց, այնպես արձագանքեց կամ այնպես չարձագանքեց, ինչպես մենք կուզեինք, որովհետև միջազգային իրավունքը մշտապես ստորադասվում է գերտերությունների աշխարհաքաղաքական շահերին:

Գրականագետ, արցախյան պատերազմի մասնակից Վարդան Դևրիկյանն էլ իր հերթին մեկնաբանեց այն հարցը, թե արդյոք ճի՞շտ կլինի ադրբեջանական կողմի այս քայլին պատասխանելը կամ պատասխան քայլը ո՞րը պետք է լինի:

«Մենք բոլորս կարող ենք ասել` մեկին տասը կարող ենք պատասխանել, բայց այդ ասելը էժան, դատարկ խոսք է, եթե դա զինվորական հրամանատարությունը չի ասում, որովհետև մենք ո´չ դրա քաղաքական հետևանքները գիտենք, ո´չ ուժային հարաբերակցությունը: Եվ անկախ մեր ներքին կյանքից, թե ինչ թերացումներ կան, այս հարցում, կարծում եմ, կարող ենք բացարձակ վստահել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որովհետև նրանք պատերազմն անցած են, գիտեն` մարտական կորուստն ինչ է, գիտեն` պատերազմն ինչ ահավորություն ունի և ամենակարևորը` գիտեն երկու բան, որ մի կողմից` չի կարելի հակառակորդին անպատիժ թողնել, որ նա չլկտիանա, և մյուս կողմից` չի կարելի անվերահսկելի քայլեր կատարել»,- հայտարարեց Վարդան Դևրիկյանը, ում կարծիքով`այս քայլով Ադրբեջանը զինադադարի խախտումը բարձրացրել է ռազմատեխնիկական մի նոր աստիճանի:

Հիշելով, որ ուղղաթիռային պատերազմը եղել է արցախյան պատերազմի ամենասկզբից, և այն ժամանակ էլ օդային ճանապարհը փակելը Ադրբեջանի գլխավոր խնդիրն է եղել, Վարդան Դևրիկյանն ավելացրեց, որ, իր կարծիքով,Ադրբեջանի այս քայլին նպաստեցին հուլիս-օգոստոսյան մեր փայլուն հակահարվածները Ադրբեջանին. «Ադրբեջանը, ցամաքի վրա տանուլ տալով, որոշեց այդ պատերազմը տեղափոխել օդ: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի վախենում իրավիճակն անընդհատ սրելուց, հերթական էսկալացիայից: Ադրբեջանը բացարձակ անհաջողությունը ցամաքային գործողություններն էին. Ադրբեջանը երկար տարիներ դիպուկահարների, ցամաքային շփումների միջոցով փորձում էր խոցելի կետ գտնել ցամաքի վրա և այդ կետը չգտնելով` նա տեղափոխեց այլ հարթություն»:

 

Տեսանյութեր

Լրահոս