
Վարշավայի ոստիկանությունը ձերբակալել է Անկախության երթի 215 մասնակցի (տեսանյութ)

TVN24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վարշավայի ոստիկանությունը ձերբակալել է 215 ագրեսիվ ցուցարարի, որոնք մասնակցել են երեկ երեկոյան ավարտված Անկախության երթին:
Իրավապահների հաղորդմամբ՝ երթի մասնակիցների ու ոստիկանների միջև առաջացած կոնֆլիկտի հետևանքով տուժել է 4 մարդ, այդ թվում նաև ոստիկանության երկու սպա: Բախումները սկսվել են Ազգային մարզադաշտից ոչ հեռու, ուր խուլիգանների խումբը հարձակվել է ոստիկանների վրա:
Իրավապահ մարմինների աշխատակիցները նրանց մեկուսացրել են երթի մնացյալ մասնակիցներից, ինչից հետո ագրեսիվ տրամադրված և դիմակավորված երիտասարդ անձինք սկսել են քարեր ու ճայթռուկներ նետել ոստիկանների վրա: Ի պատասխան՝ ոստիկանները ջրաշիթեր են կիրառել նրանց նկատմամբ:
Վարշավայում անցկացված Անկախության երթը նվիրված է եղել Լեհաստանի Անկախության օրվան: Դրան մասնակցել է մի քանի տասնյակ հազար մարդ: