15-րդ դարից հետո առաջին անգամ կատարվելու է սրբադասում
Այսօր առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աշխատանքները սկսեց Հայաստանյայց Առաքելական Ս. եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության 76 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից 58-ի մասնակցությամբ:
Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևոր բարձրագույն իշխանության մարմին է, որը կայացնում է եկեղեցական արարողություններին վերաբերող կարևոր որոշումները: Չնայած, ըստ կարգի՝ բարձրագույն այս ժողովի փոխնախագահներ են համարվում Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքները, բայց Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը (ով անցյալ տարի էլ չէր մասնակցում Եպիսկոպոսաց ժողովին) այս տարի նույնպես չէր ժամանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
1651 թվականից հետո՝ անցյալ տարի առաջին անգամ գումարվելով հայ իրականության մեջ՝ Եպիսկոպոսաց ժողովը համարվեց պատմական իրադարձություն, որը դարավոր ընդմիջումից հետո փորձ էր անում համախմբել Հայ եկեղեցու սրբազան հայրերին: Նույնիսկ այդ հանգամանքի առկայության դեպքում Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկի ղեկավարը՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքը, չժամանեց Էջմիածին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Նուրհան արք. Մանուկյանը ներեկեղեցական ինչ-ինչ հարցերի պատճառով նեղացած էր Ամենայն Հայոց կաթողիկոսից (նույնիսկ զայրալից տոնով նամակ էր հղել նրան), սակայն այս տարի հունիսի 21-ին պատրիարք Մանուկյանն այցելել էր Էջմիածին, հանդիպել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, ինչը մեկնաբանվել էր՝ իբրև հաշտության այց:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց, թե չգիտի Երուսաղեմի Հայոց պատրիարքի այս տարվա բացակայության պատճառը.
«Բոլոր եպիսկոպոսները հրավիրված են ժողովին, նրանք, ովքեր չեն կարողացել գալ, հիմնականում տեղեկացրել են պատճառի մասին՝ առողջական խնդիրներ կամ այլ հարցեր են եղել: Իսկ Երուսաղեմի Հայոց պատրիարքի բացակայության մասին տեղյակ չեմ»:
Եպիսկոպոսաց համագումարի օրակարգում կա երկու հիմնական հարց՝ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումը և Սուրբ Մկրտության խորհրդին առնչվող փաթեթի ընդունումը, ինչպես նաև ճշտվելու է հաջորդ Եպիսկոպոսաց ժողովի օրակարգը: Հատկապես սրբադասման հարցը, որ քննարկվում է անցյալ տարվանից, և որի համար 2006 թվականից ստեղծվել է միացյալ հանձնախումբ, բոլոր եպիսկոպոսների կողմից չէ, որ միանշանակ է ընդունվում:
168.am-ի հետ զրույցի ընթացքում նրանցից ոմանք նշեցին տարակուսանքի տեղիք տվող որոշ հարցեր՝ արդյո՞ք ընդունելի տարբերակ է հավաքական սրբադասումը, չէ՞ որ 1,5 միլիոն զոհերի շարքում եղել են նաև անհավատներ, եղել են ոչ սպանվածներ, այլ՝ դիպվածների պատճառով զոհվածներ, եղել են հավատուրացներ, որոնք ուրացել են քրիստոնեությունը, սակայն հետո կրկին սպանվել են:
Նրանք հիմնականում կողմ էին, որ սրբադասվեն միայն իրենց քրիստոնեական հավատին կառչած մնացած և այդ պատճառով սպանվածները, մի բան, որը դժվարացնում է հարցը, քանի որ հստակ թիվ չկա, թե 1915-ին քանի՞ հոգի է հանուն հավատի նահատակվել:
Մասնակիցների մոտ առաջացած հարցերից էր նաև այն, թե արդյո՞ք հավատի համար զոհվածներն առանձին են սրբադասվելու, իսկ Կոմիտաս վարդապետը՝ առանձին (քննարկվում է նաև Կոմիտասին առանձին սրբադասելու հարցը), ինչպե՞ս է կատարվելու նրանց հոգեհանգստյան կարգը՝ այն դեպքում, երբ, ինչպես նշեց սրբազաններից մեկը՝ «սրբերի համար հոգեհանգիստ չի կատարվում, այլ նրանք են երկնքից աղոթում մեզ համար»:
Բոլոր այս հարցերը քննարկվելու են առաջիկա օրերին, և նոյեմբերի 13-ին Եպիսկոպոսաց ժողովը, 15-րդ դարից հետո առաջին անգամ հայ իրականության մեջ, կատարելու է սրբադասում:
«Եկեղեցին զորանում է իր սրբերով»,- այսօր առավոտյան ժողովի մասնակիցներին ողջունելով՝ իր խոսքում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Հայ եկեղեցին վերջին անգամ սրբադասել է Հովհան Որոտնեցուն և Գրիգոր Տաթևացուն: