Ո՞ւմ և ի՞նչ հիմքերով են վարձակալության հանձնում մանկապարտեզների տարածքները

«Պետական կառույցները թաքցնում են մանկապարտեզներին հատկացված տարածքների և մանկապարտեզներում հերթագրված երեխաների վերաբերյալ տեղեկատվությունը»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ընդամենը հայտարարում է, որ Երևանում ընդհանուր հաշվով 7 հազար երեխա կա հերթագրված, բայց ի՞նչ դժվարություն է ներկայացնելը, թե յուրաքանչյուր մանկապարտեզում որքան է հերթագրված երեխաների թիվը:

Ես այդ թիվն անպայմանորեն ուզում եմ ունենալ, քանի որ 2014թ. Երևանի զարգացման ծրագրում կա ընդունված կետ՝ իրականացնել մանկապարտեզների վարձակալությամբ տրված տարածքների հաշվառման, գույքագրման և դրանք մանկապարտեզներին աստիճանաբար վերադարձնելու գործընթաց»,- պարզաբանեց տիկին Բախշյանը: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Երևանի բոլոր վարչական շրջանների շատ մանկապարտեզների շենքեր տարիներ առաջ տրվել են վարձակալության, օտարվել են, և 2010-13թթ. Երևանի զարգացման ծրագրում շատ հստակ այդ թիվը կար.

«106 կազմակերպություն մանկապարտեզների շենքերում ունեն տարածքներ: Ես, արդեն մեկուկես տարի է, շարունակում եմ այս հարցումներն ու ուսումնասիրություններն անել, և վերջապես ինձ հաջողվել է ստանալ մի փաստաթուղթ այն մասին, թե որ վարչական շրջանի որ մանկապարտեզում են վարձակալությամբ տարածքներ տրված, որ կազմակերպությանը, ինչքան ժամանակով և ինչ պայմանագրով:

Այդ տեղեկատվությունն ինձ տրամադրել է Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը, իսկ ես հենց երեկ քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակ եմ ուղղել այդ մասին: Ի դեպ, ես նրան խնդրում եմ, որ անձամբ զբաղվի այդ հարցով և այլ մարդկանց չհանձնարարի գործը»: Ըստ Ա. Բախշյանի տեղեկությունների՝ իրավիճակն առավել մտահոգիչ է Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում.

«Արաբկիրում 2013-ի տվյալների համաձայն՝ 2500 երեխա կա հերթագրված, և այնտեղ ոչ մի նոր մանկապարտեզ ու վարձակալված տարածք չի վերադարձվել երեխաներին, ընդհակառակը՝ թիվ 30 և 33 պետական մանկաապարտեզների տարածքներում մասնավոր հիմունքներով բացվել են նախադպրոցական հաստատություններ, այսինքն՝ նույն շենքի մի մասը պետական է, մյուս մասը՝ մասնավոր: Նույն 2013թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3500 հերթագրված երեխա է եղել, և այդտեղի մանկապարտեզներից տարածքներ են տրվել «Հայաստանի էլեկտրական ցանցերին», «Սիփան» համատիրությանը, ապակու ձևավորման արհեստանոցին, «Երքաղլույս» ՓԲԸ-ին, Երկրապահ կամավորական միությանը, և այլն:Մանկապարտեզ էլ կա, որի նախկին տնօրենն ինքն իր համար 80 քմ բնակելի տարածք է վերցրել»:

Տիկին Բախշյանը հարց ուղղեց Կրթության և գիտության նախարարությանը՝ արդյո՞ք իրենք տեղյակ են, որ վարչական այս շրջաններում կան վարձակալված տարածքներ մանկապարտեզների տարածքների հաշվին, ի՞նչ են անում այդ կազմակերպություններն այնտեղ, արդյո՞ք նախարարությունը վերահսկում է այդ ծրագրերը, որ այնտեղ իրականացվում են, որքանո՞վ են դրանք բխում պետական քաղաքականությունից և որքանո՞վ են նպաստում և համապատասխանում սահմանված չափանիշերին:

Տեսանյութեր

Լրահոս