
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով Սաուդյան Արաբիայում է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Ithra» մշակութային կենտրոնի հրավերով հուլիսի 1-10-ը հյուրախաղերով գտնվում է Սաուդյան Արաբիայի Դահրան քաղաքում։
Ինչպես տեղեկանում ենք Նվագախմբի տարածած հաղորդագրությունից, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Ithra թատրոնում ներկայացնում է «Ուոլթ Դիսնեյ» ընկերության «Սառցե սիրտը» և «Առյուծ արքա» հայտնի մուլտֆիլմերի երաժշտությունը։
Համերգները ղեկավարում է դիրիժոր Էրիկ Օքսները։ Համերգային երեկոները զուգորդվում են նորարարական լուծումներով, էկրանին ցուցադրվող պատկերներով։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս տարի արդեն ելույթներ է ունեցել «Ithra» թատրոնում՝ ներկայացնելով «Game on» համերգային ծրագիրը, որի ընթացքում հնչել են համակարգչային հայտնի խաղերի համար գրված մեղեդիները՝ փոխադրված սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի համար։