
Թուրքիայում ձերբակալվել է Շվեդիայի խոշորագույն հանցավոր կազմակերպություններից մեկի պարագլուխը

Շվեդիայի խոշորագույն հանցավոր կազմակերպություններից մեկի պարագլուխը, որը մեղադրվում է բռնի հանցագործությունների աճ հրահրելու մեջ, ձերբակալվել է Թուրքիայում, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը՝ վկայակոչելով Շվեդիայի ոստիկանությանը։
Ոստիկանությունը չի հրապարակել տղամարդու անունը, սակայն շվեդական լրատվամիջոցները հայտնել են, որ նա 35-ամյա Իսմայիլ Աբդոն է՝ «Ռումբա» հանցավոր կազմակերպության պարագլուխը, որն, ըստ լուրերի, գործողություններ է իրականացրել արտասահմանից։
Աբդոն Շվեդիայի ամենահետախուզվող փախստականներից մեկն է, և նրա նկատմամբ միջազգային ձերբակալման օրդեր է հայտարարվել 2024 թվականից։ Սկանդինավյան երկիրը, որը մի ժամանակ հայտնի էր հանցավորության իր ցածր մակարդակով, տարիներ շարունակ պայքարել է կազմակերպված հանցավորության դեմ։
Հանցավոր ցանցերը ներգրավված են թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության, սոցիալական ապահովության ոլորտում խարդախության, ինչպես նաև վերջին տարիներին երկիրը պատուհասած պարբերաբար կրակոցների և պայթյունների մեջ։ Այս ցանցերը, ըստ հաղորդումների, ներթափանցել են նաև Շվեդիայի սոցիալական ապահովության ոլորտ, տեղական քաղաքականություն, իրավական և կրթական համակարգեր, ինչպես նաև երեխաների խնամքի հաստատություններ։ Ոստիկանությունը հայտնում է, որ հանցավոր ցանցերի առաջնորդներն ավելի ու ավելի հաճախ են գործում արտասահմանից՝ կազմակերպելով սպանություններ և հարձակումներ սոցիալական ցանցերի միջոցով և հարձակումներ իրականացնելու համար հաճախ հավաքագրելով քրեական պատասխանատվության տարիքից փոքր երեխաների։
Աբդոն ժամանակին ղեկավարել է «Ֆոքստրոտ» հանցավոր ցանցը Շվեդիայի մյուս ամենահետախուզվող հանցագործ Ռավա Մաջիդի հետ միասին, և երկուսն էլ կասկածվում են Շվեդիայի թմրանյութերի շուկայի զգալի մասը վերահսկելու մեջ։ Սակայն 2023 թվականին զույգը գժտվեց, և անդադար, աճող բռնության ալիք առաջացավ, երբ Աբդոյի մայրը վրեժխնդրության ակտով 2023 թվականի սեպտեմբերին սպանվեց։
Այդ ժամանակվանից ի վեր Աբդոյի ավազակախումբը դաժան թշնամանքի մեջ է Մաջիդի և Ֆոքստրոտի դեմ։ Ոստիկանության տվյալներով՝ Աբդոն ձերբակալվել է թուրքական անվտանգության ուժերի իրականացրած արշավի ժամանակ։