Շատ գործ ունենք անելու. սա մեծ ճանապարհի սկիզբն է. Նարեկ Կարապետյան

Ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի, այսօր Երևանում հավաք անցկացվեց, այնուհետև բազմահազարանոց երթի մասնակիցները գնացին ԱԱԾ շենքի մոտ, որտեղ այս պահին գտնվում է Սամվել Կարապետյանը։

ԱԱԾ շենքի մոտ փաստաբան Արամ Վարդևանյանն ընթերցեց ԱԱԾ մեկուսարանից գրված Սամվել Կարապետյանի ուղերձը, որտեղ Սամվել Կարապետյանը նշել էր, որ գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը:

Լրագրողները Սամվել Կարապետյանի եղբորորդուց՝ Նարեկ Կարապետյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ անելիքներ կան առաջիկայում, ինչին ի պատասխան՝ նա ասաց.

«Հետագա քայլերի մասին մենք հանդես կգանք հայտարարություններով, չենք ուզում հիմա տեղեկացնել։ Սա մեծ ճանապարհի սկիզբ է, ինչ-որ ձև պետք է անարդարությանը հավասարակշռել, ու մեր ճանապարհը դրա մի քայլն է։

Կարդացեք նաև

Ուզում եմ բոլորիցդ շնորհակալություն հայտնել, հետագայում կտեղեկացնենք մյուս քայլերի մասին։

Զարմացած ենք մարդկանց թվից, շատ շնորհակալ ենք, ժողովուրդ ջան, մենք զգում ենք՝ ինչ մեծ աջակցություն ունենք»,- ընդգծեց Նարեկ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին՝ 2 ամսով։ Ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու հնչեցրած նրա հայտարարությունից հետո իշխանությունը նրան մեղադրում է «իշխանությունը զավթելու» կոչեր անելու մեջ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս