Ծառուկյանը կնստի Ազատության հրապարակի աստիճանների՞ն, թե՞ բանակցությունների սեղանի շուրջ

Երեկ եռյակի խորհրդարանական ներկայացուցիչները վերջապես համատեղ նիստ անցկացրեցին: Նրանք համատեղ նիստ չէին անցկացրել երկու շաբաթից մի փոքր ավելի ժամանակ, և այդ ընթացքում ի հայտ էին եկել տակտիկական
բնույթի մի շարք տարաձայնություններ, որոնք վերաբերում էին առաջիկայում հանրահավաք հրավիրելու ժամկետներին:

Երեկ նիստում եռյակի ներկայացուցիչները փորձել են կոնսենսուսի հասնել այդ տարաձայնությունների շուրջ, սակայն որևէ էական արդյունքի չհասնելով՝ որոշել են նիստը հետաձգել երկու օրով: Այս երկու օրվա ընթացքում ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչները ծանոթանալու են երկուստեք ներկայացվող մոտեցումներին, խորհրդակցելու են իրենց ղեկավարների հետ և փորձելու են համաձայնության գալ: Մոտեցումների մեջ որևէ նորություն չկա, և դրանց մենք արդեն անդրադարձել ենք:
ՀԱԿ-ը պահանջում է արագ գործողություններ, պահանջում է հնարավորինս կարճ ժամկետում վճռական հանրահավաքի հրավիրում, որը կվերածվի շուրջօրյա հանրահավաքի, որի հիմնական պահանջը կլինի արտահերթ ընտրությունների անցկացումը:

ՀԱԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ իրենք չգիտեն՝ ի՞նչ պատասխանեն իրենց կուսակցականներին և համախոհներին, որոնք իրենց հարցնում են, թե ինչո՞ւ նոր հանրահավաքներ չեն հրավիրվում, ինչո՞ւ ՀԱԿ-ը կամ եռյակը հետևողական չէ իր պահանջների և ծրագրերի իրականացման, մասնավորապես` իշխանափոխություն իրականացնելու հարցում: Քանի որ նոր հանրահավաքի կամ ակտիվ գործողություններ կազմակերպելու որոշումը կախված չէ ՀԱԿ-ից, նրանք ընդամենը մի պատասխան ունեն, որ դա պետք է որոշեն եռյակի լիդերները, և պետք է համբերություն դրսևորել: ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի լիդերները սկզբունքային համաձայնություն ունեն, որ նրանք գնալու են մինչև վերջ, գնալու են մինչև իշխանափոխություն, սակայն նրանք համաձայնություն չունեն դետալների շուրջ:

Հիմա, երբ հերթը հասել է այդ իշխանափոխությունն իրականացնելու համար անհրաժեշտ քայլերի իրականացմանը, ՀԱԿ ներկայացուցիչները տեսնում են, որ ԲՀԿ-ականներն այնքան էլ հետևողական չեն, և անընդհատ ժամանակ են ձգում: Ընդ որում, բանակցողները ոչինչ չեն որոշում, և նրանք իրավունք չունեն որևէ հարցում համաձայնության գալու կամ չգալու, այլ լիազորված են միայն ղեկավարությանը տեղեկություններ փոխանցել բանակցությունների ժամանակ քննարկվող հարցերի վերաբերյալ:

Կարդացեք նաև

ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը երեկ եռյակի նիստի ավարտից հետո հայտարարեց, որ իրենք շարունակում են գնալ դեպի արտահերթ ընտրություններ, որ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջը մնում է իրենց օրակարգում: Ճշտող հարցին պատասխանելով` ավելացրեց, որ իրենք պահանջում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում, իսկ թե որը՝ որից առաջ ու հետո, կորոշեն ընթացքում: Խոսելով հանրահավաք անցկացնելու մասին, Մարգարյանը հերթական անգամ հստակեցրեց, որ իրենք անպայման հանրահավաք կազմակերպելու են, խնդիրը վերաբերում է միայն այդ հանրահավաքի հրավիրման ժամկետներին:

Ըստ Մարգարյանի, այժմ իրենք զբաղված են «Համազգային շարժման» շտաբների ձևավորմամբ, և, երբ աշխատանքն ավարտված կլինի, և իրենք կզգան, որ իրենց թիկունքն ամուր է, հանրահավաք կհրավիրեն: Մարգարյանն ակնարկեց, որ դա չի լինելու շարքային հանրահավաք, այլ այնպիսին, որը կապահովի իրենց պահանջների իրականացումը: ԲՀԿ-ի ասածն այն է, որ իրենք ցանկանում են լավ պատրաստվել վճռական հանրահավաքին, ցանկանում են տեղերում ունենալ տարածքային շտաբներ, որոնք կապահովեն հանրահավաքի մասնակիցներին Երևան տեղափոխելու գործը, և այդ հանրահավաքը կլինի այնպիսին, որ իշխանությունն ի վերջո ստիպված կլինի տեղի տալ իրենց պահանջներից առնվազն մեկի կատարմանը. եթե ոչ` արտահերթ նախագահական, ապա գոնե խորհրդարանական ընտրությունների անցկացում:

ԲՀԿ-ականները համոզված են, որ եթե իրենք որոշեն շուրջօրյա հանրահավաքի նստել, ապա այդ ժամանակ կկարողանան Երևան բերել ոչ թե 30 կամ 40 հազար, այլ առնվազն 100 հազար մարդ, և այդ մարդկային զանգվածի առկայությունն այն աստիճան երկրի կառավարելիությունը դուրս կբերի իշխանությունների վերահսկողությունից, որ նրանք որպես փոխզիջում` կառաջարկեն լուծարել խորհրդարանը: Իհարկե, դա այնքան էլ հեշտ գործ չէ, և պետք է, որպեսզի ապահովվեն խորհրդարանը լուծարելու համար անհրաժեշտ սահմանադրական հիմքերը, սակայն դա ընդամենը տեխնիկայի հարց է. պետք է միայն ցանկություն, և խորհրդարանն իսկապես անգործունակության հիմնավորմամբ կարելի կլինի լուծարել:

Իսկ ինչո՞ւ դա հնարավոր չէ անել հենց վաղը, ինչո՞ւ հնարավոր չէ թեկուզ այս ուրբաթ հայտարարել հանրահավաք, այն դարձնել շուրջօրյա: ԲՀԿ-ի հիմնավորումները` շտաբներ ձևավորելու և դրանց միջոցով թիկունքն ապահով դարձնելու մասին, ՀԱԿ-ի համար այնքան էլ հիմնավոր չեն թվում: ՀԱԿ-ի ներկայացուցիչները համարում են, որ այդ շտաբներն էական ոչ մի գործառույթ չեն իրականացնելու և իրականում ԲՀԿ տարածքային գրասենյակները մի ինչ-որ ժամանակով վերանվանվելու են «Համազգային շարժման» շտաբների, և ուրիշ ոչինչ։

Հնարավոր է, որ իսկապես ԲՀԿ տարածքային գրասենյակների ու նոր ձևավորվող շտաբների միջև որևէ էական տարբերություն չկա, և այդ շտաբների ձևավորումն ընդամենը ձևական բնույթ է կրում: Եվ երբ Ստեփան Մարգարյանն ասում է, որ իրենք հանրահավաք կհրավիրեն այն ժամանակ, երբ պատրաստ կլինեն, վերաբերում է ոչ թե կուսակցությանը, այլ ընդամենը մեկ անձի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Ծառուկյանը հասկանում է, որ հաջորդ հանրահավաքն այլևս չի կարող շարքային հանրահավաք լինել, որտեղ ինքը ելույթ կունենա և տուն կգնա:

Հաջորդ հանրահավաքը լինելու է շուրջօրյա, որի ժամանակ ինքը պետք է նստի Ազատության հրապարակի հարթակի աստիճաններին և պահանջի արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Տեսականորեն հնարավոր է, որ Ծառուկյանը պատրաստ է նստել Ազատության հրապարակի աստիճանների վրա, բայց գործնականում նա փորձում է հնարավորինս ձգել հրապարակում նստելու ժամկետը: Դա անվերջ շարունակվել չի կարող. մի պահի Ծառուկյանը պետք է որոշում կայացնի՝ կամ պետք է հայտարարի հանրահավաքի օրը և գնա ու նստի Ազատության հրապարակում, կամ ասի, որ իրենք պետք է իշխանությունների հետ նստեն բանակցությունների և հարցերը լուծեն ոչ թե` ուլտիմատումների, այլ` համագործակցության միջոցով:

Սերժ Սարգսյանը, ըստ էության, ձեռք է մեկնում ԲՀԿ նախագահին` առաջարկելով կառավարությանն անդրադառնալ ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված 12 կետանոց պահանջագրին: Եթե ԲՀԿ նախագահը հոգեբանորեն պատրաստ չէ իշխանության հետ բացահայտ հակամարտության, սա կարող է լավ հնարավորություն դառնալ հաջորդ հանրահավաքի հրավիրման ժամկետը ձգձգելու համար:

Տեսանյութեր

Լրահոս