Դունյա Միյատովիչն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերջ դնել ազատ ԶԼՄ-ների հանդեպ թշնամանքին
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի՝ ԶԼՄ-ների հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, մեկնաբանելով Բաքվում բլոգեր Մեհման Հուսեյնովի ձերբակալությունը, հայտարարել է, որ այդ գործողությունները վկայում են Ադրբեջանում ազատ արտահայտվելու պաշտպանների ու անկախ ԶԼՄ-ների շարունակական ու խստացող հալածանքների մասին:
Միյատովիչը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերջ դնել այդ ամենին: Միյատովիչի խոսքերով՝ Ադրբեջանում նման հալածանքերի են ենթարկվում գործնականում բոլոր անկախ ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնց նկատմամբ հաճախ ներկայացնում են անհիմն մեղադրանքներ:
Հուսեյնովը ձերբակալվել էր երեկ Բաքվի օդանավակայանում, որտեղից նա ցանկանում էր մեկնել Թբիլիսի: Դրանից հետո նրան մի քանի ժամ հարցաքննել են ու ազատ են արձակել:
Միյատովիչն իր լիովին համաձայնությունն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլ Մույժնիեքսի՝ ոչ վաղ անցյալի գնահատականի հետ և Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերջ դնել ազատ ԶԼՄ-ների հանդեպ թշնամանքին:
Միյատովիչը հայտարարել է, որ պատրաստ է այցելել Բաքու, որպեսզի ադրբեջանական իշխանություններին աջակցի այդ վտանգավոր միտումը հաղթահարելու ճանապարհը գտնելու համար: Ներկայումս Միյատովիչը գտնվում է Թբիլիսիում, ուր մասնակցում է ԵԱՀԿ-ի կոնֆերանսին, որին պատրաստվում էր մասնակցել նաև Մեհման Հուսեյնովը:



