«Հայերի ցեղասպանության ժամանակ զազաները եղբայրաբար օգնեցին մեծ թվով հայերի. թուրքերը չմոռացան այս հանգամանքը»
Հայաստանում հոկտեմբերի 27-30-ը տեղի ունեցավ զազայագիտական միջազգային երկրորդ գիտաժողովը, որին մասնակցում էին մի շարք գիտնականներ Ավստրիայից, Գերմանիայից, Թուրքիայից: Նրանց թվում էր նաև ազգությամբ զազա Մասուդ Քեսքինը: Մասուդն այցելել է Ծիծեռնակաբերդ, եղել է Մատենադարանում, Հայաստանի պատմական նշանավոր վայրերում: Մեծ է նրա հետաքրքրությունը հայ ժողովրդի, նրա մշակույթի, լեզվի նկատմամբ: Մասուդը որոշ չափով տիրապետում է հայերենին, անգամ հասցրել է ուսումնասիրել գրաբարը: Մասուդ Քեսքինի հետ զրուցեցինք զազաների պատմության, հայ-զազայական ընդհանրությունների և առնչությունների մասին:
– Արդեն երրորդ անգամ եք Հայաստանում: Ի՞նչ տպավորություններ եք ստացել այդ այցերից:
– Առաջին անգամ Հայաստան այցելեցի 2011 թվականի նոյեմբերին, աշխարհում զազայագիտական առաջին միջազգային գիտաժողովի շրջանակներում, որը կազմակերպել էր ԵՊՀ իրանագիտության ամբիոնն ու «Մոդուս Վիվենդի» կենտրոնը: Տպավորությունները շատ լավն էին: Շատ մեծ հաճույք ստացա այս այցերից: Ես շատ ընդհանրություններ գտա հայ և զազա ժողովուրդների միջև: Շատ ընդհանրություններ տեսա հատկապես մշակույթի մեջ: Երբ քայլում էի Երևանի փողոցովներով, ինձ թվաց, թե ես իմ հայրենի քաղաքում եմ:
– Երբվանի՞ց է սկիզբ առնում զազաների պատմական հիշողությունը:
– Զազաներն իրանական էթնիկ խումբ են: Մեծամասամբ ապրում են մերօրյա Թուրքիայի արևելյան հատվածում` Արևմտյան Հայաստանի տարածքում: 1000 տարուց ավելի հայերն ու զազաներն ապրել են կողք կողքի: Զազաների լեզուն մոտ է քրդերենին, պարսկերենին, նաև կասպիական մի քանի խոսվածքների (թալիշական, սանգսարի, գորանի): Կա մի վարկած, որ զազաները դլմիկներն են: Նրանց անվանումը հայկական աղբյուրներում դլմիկ է: Այլ աղբյուրներ նշում են, որ զազաները սերում են քրդերից, բայց կարծում եմ, որ այս տեսակետը թուրքական ազդեցություն ունի: Զազաները քուրդ չեն:
Օսմանյան կայսրության շրջանում զազաների և քրդերի միջև տարբերություններ չէին դրվում: Զազաները ենթարկվեցին կոտորածների 1938-1939 թթ.: Նրանց մի մասն իսլամացել է և դարձել է սուննի, մյուս մասը շարունակում է մնալ ալավիզմի գաղափարախոսության հետևորդ: Ալավիներն ապրում են հիմնականում Դիարբեքիրում, Ուրֆայում: Ես կարծում եմ, որ ալավիզմը զազաների շրջանում բավական հեռացել է իսլամից. նրանք չեն պահպանում իսլամի 5 պատվիրանները. նամազ չեն անում, չեն պահում ռամադանի պահքը, ուխտագնացության չեն գնում Մեքքա, և այլն: Նրանք ունեն բնության տարրերի պաշտամունք. պաշտում են ջուրը, հողը, արևը, օջախը:
– Ի՞նչ նմանություններ կան հայերի և զազաների սովորույթներում, և առհասարակ` մշակույթների մեջ:
– Ես կարծում եմ, որ ալավի զազաներն ավելի շատ ընդհանրություններ ունեն հայերի, քան քրդերի հետ: Դերսիմի զազաները նման են Սասունի հայերին. նրանց պես քաջ են, սիրում են կռվել, պաշտպանել իրենց տունը: Կան շատ ընդհանրություններ նաև ազգային պարերի, որոշ երգերի մեջ: Զազաներն ու հայերը նվագում են նման երաժշտական գործիքներով:
– Իսկ կա՞ն նման բառեր զազաերենում և հայերենում:
– Մենք էլ ունենք շատ բարդ բառեր, որոնք ազդեցություն են կրել հայերենից: Այս մասին ես խոսել եմ 2011թ. նոյեմբերին Հայաստանում կայացած առաջին գիտաժողովի ժամանակ: Զազաները կիրառում են մի շարք հայկական բառեր: Օրինակ՝ սոխառած, կոճակ, պուպուշ, կոշիկ, կոշկար (կոշկակար) բառերը: Աղջիկների անուններից տարածված են Անին, Մարիամը, Աստղիկը:
– Ի՞նչ հարաբերություններ ունեն հայերն ու զազաները Դերսիմում:
– Հայերի և զազաների բարեկամությունը հաճախ ամրապնդվում է քավոր-սանիկ հարաբերությամբ, ամուսնություններով: Իհարկե, կան զազաների շրջանում տոհմեր, որոնք արմատներով առավել մոտ են հայերին, քան մյուս զազաները: 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանության ժամանակ զազաները եղբայրաբար օգնեցին մեծ թվով հայերի, նրանց կացարան տվեցին: Կարելի է ասել, որ սա հիմք դրեց հայ-զազայական բարեկամությանը: Թուրքերը չմոռացան այս հանգամանքը, և հետագայում սա պատճառներից մեկը դարձավ, որ 1938 թվականին ավելի դաժանորեն կոտորեն զազաներին:
– Վերջերս սկսել է շրջանառվել Զազաիստան տերմինը: Որքանո՞վ է այն իրական:
– Դա միայն քաղաքական տերմին է՝ ստեղծված մի խումբ զազա ազգայնականների կողմից, ինչպես Քուրդիստանը: Բայց այդ տերմինը լայն տարածում չունի զազաների շրջանում: Թեև այդ տարածքը մենք համարում ենք մեր հայրենիքը, բայց դա միայն երազանք է:
– Ի՞նչ հիմնախնդիրներ ունեն զազաները Թուրքիայում առ այսօր:
– Մինչ 1940 թվականը ազգային փոքրամասնությունների լեզուները ճնշման տակ էին: Ճիշտ է, վերջին 25-30 տարիների ընթացքում զազաերենով հրատարակվում են գրքեր, թերթեր և ամսագրեր, սակայն դրանք ևս պետական հսկողության տակ են: Արդեն մի քանի տարի է, ինչ կա թուրքական մի հեռուստաալիք, որը 24 ժամ անդրադառնում է ազգային փոքրամասնություններին, սակայն այն հիմնականում քրդերեն է, և միայն մի քանի ժամ է հատկացվում զազաերենով հեռարձակվող հաղորդաշարերին, որոնք վերաբերում են կրոնական ու մշակութային հարցերին: 2008 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն զազաերենը ներառել է 15 վտանգված լեզուների ցանկում: Դպրոցներում զազաերենը չի դասավանդվում: Կան միայն անհատական կուրսեր, որոնք ուսուցանում են լեզուն:
Օրինակ, ես Ֆրանկֆուրտի համալսարանում ունեմ զազաների մի խումբ, որոնց դասավանդում եմ իրենց մայրենին: Իհարկե, զազա մտավորականների շրջանում կա երազանք` կապված դպրոցներում զազաերենի դասավանդման հետ, սակայն Թուրքիայում առկա իրավիճակը բարդացնում է այդ գործընթացը: Ես կարծում եմ, որ լեզվի ուսուցումը պետք է սկսել դեռ մանկուց: