Բաժիններ՝

Ծխախոտ ներմուծողների գործերը լավ չեն

Դատելով ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկից` Հայաստանի ծխախոտի շուկայում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ։ Ներմուծողները դիրքերը զիջում են արտադրողներին։ Կամ ավելի ճիշտ կլինի ասել` 1 արտադրողին, որովհետև ՀՀ ծխախոտ արտադրող երեք խոշոր ընկերություններ` «Գրանդ Տոբակոն», «Ինտերնեշնլ Մասիս Տաբակը» և «Մասիս Տոբակոն» մտնում են նույն` «Գրանդ Հոլդինգի» մեջ։
Սկսենք, թերևս, ծխախոտ ներմուծողներից։

Ծխախոտ ներմուծողների շարքում խոշորագույն հարկատուն «Ֆիլիպ Մորիս» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունն է։ Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում «Marlboro» ապրանքանիշը ներմուծող այս ընկերությունը պետբյուջե է վճարել 4 միլիարդ 933.8 միլիոն դրամի հարկեր և տուրքեր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 5 միլիարդ 342.7 միլիոն դրամի հարկ։ Այսինքն` ընկերությունը հարկերի ծավալը նվազեցրել է 408 միլիոն դրամով կամ 7.6%-ով…

Հարկերի շատ ավելի խոշոր նվազում է գրանցել «Ավերսը», որը Հայաստան է ներկրում «Davidoff» ապրանքանիշը։ Ընկերությունը կիսով չափ կրճատել է հարկերը։ Եթե նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին «Ավերսը» պետբյուջե էր վճարել 3 միլիարդ 112.9 միլիոն դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշն իջել է մինչև 1 միլիարդ 599 միլիոն (48.%-ով կամ 1.5 միլիարդ դրամովքիչ)։
«Վիդիս դիսթրիբյուշնը» հարկերը նվազեցրել է 30%-ով` 211.6 միլիոն դրամից հասցնելով 137.2 միլիոնի։

Կան, իհարկե, նաև ընկերություններ որոնք ավելացրել են հարկերը։
Օրինակ «Արսօյլը», որը Հայաստան է ներմուծում «Japan Tobacco International» ընկերության սիգարետները (Winston, Camel, Sobranie) հարկերն ավելացրել է 13.9%-ով. նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին ընկերությունը պետբյուջե էր վճարել 4 միլիարդ 186.9 միլիոն դրամի հարկեր, իսկ այս տարվա առաջին 9 ամիսներին` 4 միլիարդ 770 միլիոն։ Ընդ որում, խոշոր հարկատուների ցանկում է նաև «Japan Tobacco International»-ի հետ կապված մեկ այլ ընկերություն` «Ջեյ Թի Ինտերնեշնլ Լյուքս Էս Էյ»-ը, որը նույնպես հարկերն ավելացրել է` 73.5 միլիոն դրամից հասցնելով 95.8 միլիոն դրամի։

Եվ վերջապես, հարկերը 22.2%-ով ավելացրել է նաև «Esse» ծխախոտների ներմուծմամբ զբաղվող «Հարդ Լայթսը»` 471 միլիոն դրամից հասցնելով 576.9 միլիոնի։ Թեպետ այս դեպքում դժվար է ասել` արդյո՞ք այս աճը պայմանավորված է ծխախոտի ներմուծմամբ, քանի որ ընկերությունը Հայաստան է ներկրում նաև սննդամթերք։
Չնայած որ, կան նաև հարկերի աճ ունեցող ընկերություններ, ծխախոտի ներմուծմամբ զբաղվող ընկերություններն ընդհանուր առմամբ պակասեցրել են հարկերը։ Այսպես, խոշոր հարկատուների ցանկում առկա 6 ծխախոտ ներմուծող ընկերությունները միասին այս տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջե են վճարել 12.1 միլիարդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը պակաս է շուրջ 1.3 միլիարդ դրամով կամ 9.6%-ով։

Ծխախոտի ներմուծման ծավալների անկումը երևում է նաև Մաքսային ծառայության տվյալներից։ Այսպես, այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստան է ներմուծվել 1472.7 միլիոն հատ սիգարետ` 21.1 միլիոն դոլար մաքսային արժեքով։ Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծվել էր 1732.7 միլիոն հատ սիգարետ` 33.9 միլիոն դոլար արժեքով։

Ինչ-որ տեղ կարելի է այս վիճակագրության մեջ ուրախանալու առիթներ փնտրել։ Օրինակ, նվազումը բացատրել այն հանգամանքով, որ հայերը սկսել են ավելի քիչ ծխել և հետևել առողջ ապրելակերպին։ Սակայն առավել տրամաբանական է այն հանգամանքը, որ ծխախոտի ներմուծման (հետևաբար` նաև սպառման) ծավալների անկումը պայմանավորված է բնակչության գնողունակության անկմամբ։
Ոլորտի ընկերությունները, Հայաստանում ձևավորված տխուր ավանդույթի համաձայն, խուսափում են մեկնաբանել թե՛ հարկերի աճը, թե՛ նվազումը։ Միայն «Ավերսից» մեզ պատասխանեցին, որ հարկերի նվազումը պայմանավորված է պահանջարկի նվազմամբ, ինչը կարող է արտագաղթի հետևանք լինել։

Եթե ծխախոտի ներմուծումը ծանր ժամանակներ է ապրում, նույնը չի կարելի ասել տեղական ծխախոտ արտադրողների մասին։

Պաշտոնական վիճակագրության համաձայն` այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 44 միլիարդ 756 միլիոն դրամի ծխախոտ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից բարձր է 26.3%-ով։
Դա արտացոլվում է նաև հայկական ծխախոտ արտադրողների վճարած հարկերում։
Ամենատպավորիչ աճը գրանցել է «Գրանդ Տոբակոն»։ Ընկերությունը հարկերն ու տուրքերն ավելացրել է 2.4 անգամ` 2 միլիարդ 993.9 միլիոն դրամից հասցնելով 7 միլիարդ 259.2 միլիոն դրամի։

«Ինտերնեշնլ Մասիս Տաբակն». այս տարվա առաջին 9 ամիսներին վճարել է 4 միլիարդ 205.9 միլիոն դրամի հարկեր, որը 394 միլիոն դրամով կամ 10.3%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Հարկերի 60%-անոց նվազում արձանագրել է միայն «Մասիս Տոբակոն»` 2 միլիարդ 964 միլիոն դրամից հասցնելով 1 միլիարդ 161 միլիոնի։

Սակայն այստեղ հարկ է նշել, որ նշված բոլոր 3 ընկերություններն էլ մտնում են մեկ` «Գրանդ Հոլդինգի» մեջ։ Ու ստացվում է, որ «Գրանդ Հոլդինգը» միայն ծխախոտի գծով պետբյուջե է վճարել 12.6 միլիարդ դրամի հարկեր, ինչը 29.2%-ով գերազանցում է նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի ցուցանիշը։

Ավելացնենք նաև, որ դատելով Մաքսային ծառայության տվյալներից` հարկերի աճը տեղի է ունեցել շնորհիվ արտահանման ծավալների մեծացման։ Այսպես, 2014թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանվել է 7426.5 միլիոն հատ ծխախոտ` 81.1 միլիոն դոլար մաքսային արժեքով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 4499.3 միլիոն հատ` 50.7 միլիոն դոլար մաքսային արժեքով։

Այնպես որ, կարելի է ասել` ծխախոտագործությունն առայժմ փրկում է ՀՀ արտաքին առևտրի դեմքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս