Բաժիններ՝

«Տղամարդիկ չեն պատկերացնում, որ իրենք էլ կարող են կրծքագեղձի քաղցկեղ ունենալ և գալիս են արդեն քայքայման փուլում». Խաչանուշ Հակոբյան

Հայաստանում յուրաքանչյուր 16-րդ կնոջ մոտ հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղ: Որո՞նք են հիվանդության առաջացման պատճառները, կանխարգելման և բուժման հնարավորությունները: Այս թեմաների շուրջ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսեց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Նրա խոսքով` թեման, իրոք, արդիական է. կանայք ուղղակի պարտավոր են առողջ ապրել հանուն իրենց ընտանիքների, հանուն իրենց երեխաների. «Հիվանդությունը շատ դանդաղ ընթացք ունի և շատ աննկատ է զարգանում: Կինը կարող է տարիներով քաղցկեղ ունենալ և դրա մասին պատկերացում անգամ չունենալ: Դա է պատճառը, որ մենք հորդորում ենք կանանց ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ և տարին գոնե մեկ անգամ զննություն անցնել, մանավանդ եթե իրենք 40-ից բարձր տարիքի են: Եթե հիվանդությունը հայտնաբերում ենք վաղ փուլում, ապա բուժումը 100 տոկոսով երաշխավորվում է: Դրա մասին են վկայում փրկված այն 4 հազար կանանց կյանքերը»:

Ըստ Խ. Հակոբյանի` քաղցկեղը բավականին երիտասարդացել է և սկսել ախտահարել ավելի երիտասարդ կանանց կրծքագեղձը: Դրա արդյունքում ամեն 13-14-րդ կին հիվանդանում է կրծքագեղձի քաղցկեղով:

Հիվանդության առաջացման բուն պատճառների մասին բժշկագիտությունը դեռևս լուռ է, սակայն կան գործոններ, որոնք նպաստում են հիվանդության զարգացմանը: Խ. Հակոբյանի խոսքով` որպես առաջին գործոն նշվում է գենետիկ գործոնը, որից մենք ուղղակի կախված ենք, հետո սթրեսներն են, որին բոլորս էլ ենթակա ենք, գիրությունը, շատ կարևորվում է ժամանակին ամուսնանալը, երեխային կրծքով կերակրելը, ծննդաբերելը, ժամանակին դաշտանի սկսվելը և դաշտանադադարը, չծխելը, չխմելը, մի խոսքով` առողջ ապրելակերպը:

Կարդացեք նաև

Որքան էլ որ զարմանալի կամ անսովոր հնչի, տղամարդիկ ևս հիվանդանում են կրծքագեղձի քաղցկեղով, և այդ տղամարդկանց թիվը, ցավոք, քիչ չէ: Խաչանուշ Հակոբյանի խոսքով` տղամարդիկ ընդհանրապես չեն պատկերացնում, որ իրենք կարող են նման հիվանդություն ունենալ. դա նրանց համար անընդունելի, անհասկանալի փաստ է.

«Դուք չեք պատկերացնի, թե նրանք ինչ սթրես են տանում, երբ իմանում են, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեն: Տղամարդիկ հիմնականում գալիս են քայքայման փուլում, երբ արդեն կարծր շոշոփում են կամ արդեն վերք ունեն կրծքի վրա: Ասեմ, որ նրանց մոտ քաղցկեղն ավելի հեշտ և շուտ է բուժվում, բայց նրանք գալիս են այնքան ուշացած, որ արդեն փրկել գրեթե հնարավոր չի լինում: Մենք մինչև հիմա ունեցել ենք 1013 տղամարդ այցելու, որոնցից մոտ 401-ն ունեցել է գինեկոմաստիա, 36-ը` քաղցկեղ, իսկ այդ 36-ից 21-ը մահացել է, քանի որ, ինչպես արդեն նշեցի, եկել էին չափազանց ուշ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս