Արման Նավասարդյանը` նոր նախարարության մասին. Տեղի է ունենալու միջգերատեսչական կրքերի բորբոքում

ՀՀ կառավարության երեկվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ առաջարկվում է փոփոխություններ կատարել կառավարության կառուցվածքում, մասնավորապես` կառավարության կազմը համալրել նոր`ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունով: Ո՞րն է լինելու այս նախարարության գործառույթը և որքանո՞վ էր նպատակահարմար այն ստեղծելը: Այն զբաղվելու է ավելի շատ եվրասիակա՞ն, թե՞ եվրոպական ինտեգրման հարցերով:
Խոսելով այս հարցի շուրջ` քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօրվա ասուլիսում կարծիք հայտնեց, որ սա պարզապես պետական բյուջեի վատնում է և արյունակցական հարաբերությունների շրջանակում ինչ-որ մեկին «լավություն անելու» հերթական օրինակ:

«Թող մի մարդ նշանակեին, համակարգեր այդ աշխատանքը` անկախ նրանից` Եվրասիական միության հարցերով է զբաղվելու, թե Եվրամիության: Հավանաբար, ինչ-որ մեկին ուզում են առաջ քաշել, նախարար դարձնել: Հայաստանն ի՞նչ տնտեսական պոտենցիալ ունի, որ տնտեսական հարցերի նախարարությունը չի կարող այդ հարցերը լուծել»,- հայտարարեց Լևոն Շիրինյանը:

Արտակարգ և լիազոր դեսպան, դիվանագետ Արման Նավասարյանն էլ մի փոքր կասկածանքով է մոտենում այս նախաձեռնությանը: Դիվանագետի մեկնաբանությամբ, մի կողմից` համաշխարհային մակարդակով սա լավ երևույթ է, որովհետև ամբողջ աշխարհում այսօր տեղի է ունենում, այսպես կոչված, հասարակական դիվանագիտության առաջընթաց, և արտգործնախարարության կողքին նման նախարարություն ստեղծելը դրա ձևերից մեկն է:

Բայց մյուս կողմից` Արման Նավասարդյանը մտավախություն ունի, որ Հայաստանի պայմաններում դա այնքան էլ լավ տարբերակ չի լինի, որովհետև նկատի ունենալով մեր ռեսուրսները, մեր հարաբերությունները և ընդհանրապես մեր կադրերը` նման նախարարություն ստեղծելը պարզապես բյուջեի վրա նոր բալանս կարող է առաջ բերել, ուրիշ ոչինչ:

Կարդացեք նաև

«Ես գրեթե համոզված եմ, որ տեղի է ունենալու միջգերատեսչական կրքերի բորբոքում. արտաքին գործերի նախարարությունը միշտ իրեն համարում է մենաշնորհ բոլոր խնդիրներում, այդ թվում նաև սփյուռքի նախարարությունում, և նա դրա իրավունքն ունի, որովհետև, եթե հիշում եք, դեռ երեք դար առաջ Ռիշելյեն ասում էր, որ պետք է ստեղծել արտաքին գործերի նախարարություն, որը պետք է պատասխանատու լինի արտաքին բոլոր կապերի համար: Հիմա օրենքով, դասական առումով արտաքին գործերի նախարարությունը պետք է չափ տա և կանոնավորի բոլոր հարաբերությունները, բայց մեզ մոտ այնքան ճապաղ է ամեն ինչ:

Չկա մի նախարարություն, որն իր մեջ չունենա արտաքին գործերի նախարարություն, ամեն մի նախարար իրեն համարում է արտաքին գործերի նախարար, և դա դեռ սովետական ժամանակներից է գալիս: Հիմա թե սա ինչ կտա, ես չեմ կարող ասել: Վերջին հաշվով, ճիշտ ասաց Շիրինյանը` կարելի էր արտաքին գործերի նախարարությունում մի մարդ նստեցնել, ով կհամակարգեր այդ ամենը»,- ասաց Արման Նավասարդյանը:

Տեսանյութեր

Լրահոս