«Մեր խոշոր արտադրողների մեծ մասը սովոր է լինել կոռումպացված, աշխատել ստվերում, միայն ախպերության մեջ». Գագիկ Մակարյան
«Մեր խոշոր արտադրողների մեծ մասը սովոր է ինկուբատորային իրավիճակի, այսինքն՝ լինել կոռումպացված, աշխատել ստվերում, միայն ախպերության մեջ, որպեսզի իրենց ոչ ոք չխանգարի, չդիպչի, որ ներքին շուկայում հանգիստ վաճառեն:
Երբ իրենց ասում են՝ գնացեք դուրս՝ այլ շուկաներ, իրենք նմանվում են այն թռչունին, որ սեզոնից կախված՝ պիտի թռչի իր երկիր, որ այնտեղ տաքության, սննդի շնորհիվ շարունակի իր գոյությունը: Քանի որ այսօրվա իրավիճակում այստեղ իրենք իրենց գոյությունը լավ էլ պահում են, այդ իսկ պատճառով էլ չեն մտածում մարքեթինգ զարգացնելու, վաճառք զարգացնելու, արտահանման խթանման մասին»,- ասում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Ըստ նրա՝ եթե երկրում լիներ հավասար մրցակցություն, չլիներ այդքան ստվեր, այդքան կոռուպցիա, ապա գործատուներն ուզած-չուզած պիտի մտածեին այլ շուկաներում իրենց եկամուտներն ապահովելու մասին, բայց քանի որ իրենց տրված է ինկուբատորային վիճակ, և այդ մարդկանց մեծ մասը գտնվում է նաև պառլամենտում, իրենք չեն ուզում իրենց նեղություն պատճառել՝ այլ շուկաներ գրավելու համար. «Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա. արդյո՞ք նրանք հույսները դրել են այն բանի վրա, որ Մաքսային միության շրջանակում պիտի նույն մեթոդներով շարունակեն աշխատել, թե՞ ոչ:
Կարծում եմ՝ Բելառուսում դա չի ստացվի, քանի որ այնտեղ բավականին խիստ են պայմանները, Ռուսաստանում ու Ղազախստանում, ցավոք, կստացվի: Բայց Ղազախստանը մեզ համար ամենավերջին տեղում պետք է լինի և՛ այս առևտրային ցուցանիշներով, հեռավորությամբ, և՛ մեր թռիչքների ու տրանսպորտային խնդիրների, և՛ տրամադրությունների ընդհանուր իրավիճակից»:
Գագիկ Մակարյանի խոսքով՝ մենք հիմա պիտի մտածեինք, թե ինչ անենք, որ Ռուսաստանից օգտվեինք, բայց անում ենք հակառակը. «Հիմա մենք պիտի ձեռ ու ոտ ընկած չարչարվեինք, առաքեինք, խմբեր ուղարկեինք, Զարգացման գործակալությունն իր ֆորումներն այնտեղ պիտի ուղղեր: Բայց մենք ընկած ենք դես ու դեն, ինչ-որ տարբեր երկրներից անընդհատ մարդիկ են գնում-գալիս: Մենք չենք նայում՝ մեր առաջնահերթությունները որոնք են այսօր, ինչի վրա պետք է սևեռվենք: Կառավարությունն այս խնդիրները պետք է դնի: Երբ հրավիրում է հանդիպումների և աջակցման մեխանիզմներ է առաջարկում, կամավորական սկզբունքից պիտի մի քիչ հեռանան, պիտի հորդորման մեխանիզմներն ուժեղանան: Մեր պետությունը պետք է քվոտավորման մասին մտածի և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության հետ կապված: Մենք մեր այսօրվա խնդիրները պետք է տարանջատենք ապագայի տեսլականներից և մտածենք դրանց լուծման ուղղությամբ»: