
Թուրքիան Սև ծովում ռուսական 4 մարտական ինքնաթիռների հայտնվելուց հետո օդ է բարձրացրել իր կործանիչները

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Սև ծովում միջազգային օդային տիրույթում սովորականից ավելի ռուսական մարտական ինքնաթիռների հայտնվելուց հետո օդ են բարձրացվել թուրքական կործանիչներ: Միջադեպը գրանցվել է երեկ՝ կեսօրից հետո:
Թուրքական կողմը Սև ծովի միջազգային օդային տիրույթում ֆիքսել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի միանգամից 4 ինքնաթիռ. Tu-95 տիպի երկու ռազմավարական ռմբակոծիչ ու դրանց ուղեկցող Su-27 տիպի երկու կործանիչ: Դրանից հետո օդ են բարձրացվել թուրքական կործանիչներ:
ՆԱՏՕ-ն իր հերթին Ռուսաստանի ռազմաօդային ուժերի մեծ ակտիվություն է ֆիքսել Բալթիկ ու Հյուսիսային ծովերում, Ատլանտյան օվկիանոսում: Խոսքը գնում է Ռուսաստանին պատկանող ռմբակոծիչների, կործանիչների ու լիցքավորիչ ինքնաթիռների մասին:
Նրանց ֆիքսել են Նորվեգիան, Գերմանիան, Դանիան, Մեծ Բրիտանիան ու Պորտուգալիան: ՆԱՏՕ-ն այս տարի 100 անգամ ֆիքսել է ռուսական մարտական ինքնաթիռների նմանատիպ ակտիվություն: Դա եռակի ավելին է՝ համեմատած 2013 թվականին: