Հանրահավաքի իրական «դերձակները» շատ լավ գիտակցում են, որ հանրահավաքների միջոցով իշխանափոխություն անել հնարավոր չէ. Մանվել Բադեյան

ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Մանվել Բադեյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում՝ խոսելով եռյակի հանրահավաքի մասին, ասաց, որ ընդդիմության ակտիվությանը դրական է նայում, որովհետև  նրանց «սուրբ գործն» է ակտիվ դիրքորոշում ունենալը, այլապես անհասկանալի կլինի, թե ինչու են իրենց հայտարարում ընդդիմություն:

«Պայքարի ձևերից մեկը հանրահավաքների կազմակերպումն է, որին հանգիստ եմ նայում, որևէ արտառոց բան դրա մեջ չեմ տեսնում: Վերջապես, յուրաքանչյուր հանրահավաք, յուրաքանչյուր երկրում ձևերից մեկն է` սրել թե՛ իշխանության, թե հասարակության ուշադրությունը այս կամ այն խնդրի վրա:

Առաջ քաշած հարցերի մեջ իրոք կան այնպիսինները, որոնք լուծման կարիք ունեն, և իշխանությունը պետք է ուշադիր լսի դրանք: Այլ խնդիր է, երբ էքստրեմիստական լոզունգներ են առաջ քաշվում՝ իշխանափոխություն, չգիտեմ ինչ… Պարզ է, որ այդտեղ արդեն կոնստրուկտիվ դաշտից հեռանում ենք և դրանով իսկ փակվում է երկխոսության հնարավորությունը»,-ասաց նա:

Մանվել Բադեյանը ենթադրում է, որ հանրահավաքի իրական «դերձակները» պատասխանատու մարդիկ են և ըստ նրա՝ շատ լավ գիտակցում են, որ հանրահավաքների միջոցով իշխանափոխություն անել հնարավոր չէ՝ տարբեր պատճառներով.

«Սակայն իշխանությանը լարվածության մեջ պահելու տեսակետից գուցեև մարտավարությունը ճիշտ է:

Այդ ձևով իշխանափոխություն անել հնարավոր չէ, որովհետև դա կլինի ապօրինի: Մենք ունենք Սահմանադրություն, որտեղ իշխանափոխության ձևերը սահմանված են: Իսկ եթե դրանից դուրս ապօրինի քայլեր են անում, ապա իշխանությունն ունի բավարար ռեսուրս դրանք սանձելու»,-նշեց նա:

Նրա կարծիքով՝ ընդդիմությունը ունի բավականին խոհեմություն և ժողովրդին բախման չի տանի, իսկ եթե ուզենա էլ տանել, ապա դժվար թե ժողովուրդը դրան գնա.

«Լևոն Տեր Պետրոսյանը սաստեց որևէ մի ինքնագործունեություն, դրանով իսկ կառավարելի դարձնելով միտինգը: Ժողովրդի մեջ գուցե լինի էքստրեմիստորեն տրամադրված մի հատված, բայց դրանք փոքրամասնություն են կազմում և հանրահավաքը ցույց տվեց, որ մարդիկ բախում չեն ուզում, այլապես չէին քվեարկի:

Ժողովուրդն ուզում է ինչ-որ փոփոխություններ, որոնք նույնիսկ անհետաձգելի են, բայց այդ փոփոխություններին հնարավոր է հասնել միայն երկոսության ռեժիմում»,-ասաց նա:

Ռազմիկ Մարտիրոսյան

Տեսանյութեր

Լրահոս