Ավդուռը, Մանիկ տատիկն ու 50-ից ավելի ծնունդները
Այս շենքում տարիներ առաջ ապրում էր մի գերդաստան: 4 տներն իրար կից այնպես են կառուցված, որ մեկի դուռը մյուսինն էլ էր: Ինչպես շատ հայկական ընտանիքներում այս տանն էլ 4 զավակ էր մեծացել ու 4 ընտանիք էր ապրում, ամեն մեկում մոտ 10 հոգի: Տարիներ առաջ շենքն այս աղմուկով ու գույներով էր աչքի ընկնում: Այժմ այդ մեծ գերդաստանից փլվող ապարանքում մնացել է միայն 4 հարսերից մեկը՝ Մանյա Սաֆարյան-Աղաջանյանը:
73-ամյա Մանիկ տատիկն էլ 3 երեխա ունի, երկու աղջիկ եւ մեկ տղա, ով զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ: «Բալաս երազի պես եկավ ու գնաց»,- որդու՝ Սամվել Սաֆարյանի մասին այսպես է խոսում մայրը: 6 թոռ ու մեկ ծոռ ունի տատը, բայց ոչ մեկը գյուղում չի ապրում: Մարտունու շրջանի Ավդուռ գյուղը, որ շրջանի ամենահին գյուղերից մեկն է, այսօր չբնակեցված տներ շատ ունի:
Բուժքույր Մանիկ մայրիկին գյուղում բոլորը գիտեն, պատերազմի տարիներին, երբ գյուղում համարյա մարդ չկար, զինվորականների հետ էր նա՝ միշտ պատրաստ իր մասնագիտական պարտքը կատարել՝ օգնել վիրավորներին: 20 տարեկանից աշխատում է, իրենց եւ հարակից գյուղերում քա՜նի տարի է օգնել մարդկանց: Երբ տրանսպորտ չկար՝ ոտքով նույնիսկ մի քանի անգամ ստիպված էր գնալ-գալ, միայն թե հիվանդներին տեսներ, ժամանակին դեղը տար,-պատմում է նա:
Հիմա գյուղում տրանսպորտ կա, բայց ջուրն են քիչ ստանում՝ամեն օր կես ժամով: Երկհարկանի տնից Մանիկ մայրիկը հավաքում եւ իջեցնում է բոլոր դույլերը՝ ջուր պաշարելու համար:
Կիսադատարկ ապարանքի սենյակներից մեկում դրված է մի երկարավուն սեղան: Այդ սեղանի վրա ծնվել են 50-ից ավելի երեխաներ՝ թե հայ, թե ադրբեջանցի: Տարիներ առաջ մանկաբարձ էլ էր Մանիկ մայրիկը, եւ գյուղում կան մարդիկ, որոնց լույս աշխարհ գալուն մասնակից է եղել ինքը: Ծիծաղելով ասում է. « Մեր գյուղապետի ծնունդն էլ եմ ես ընդունել»:
Մարիամ Սարգսյան