Հազարավոր մարդկանց օգնած բժիշկն օգնության կարիք ունի
tesankyun.am-ը գրում է. Բորիկ Կոստանյանը խորհրդային տարիներին բնակվել է Բյուրեղավանում, որպես բժիշկ աշխատել Երեւանի տարբեր բուժհիմնարկներում: 1989թ. վերջին հատուկ տնտեսական ծրագրերի կոմիտեի կողմից որպես բժիշկ- կոնսուլտանտ ուղարկվել է Շահումյանի շրջան: 1991թ. մարտի 25-ին վիրավորներին մարտադաշտից դուրս բերելու ժամանակ արկի պայթյունից ծանր վիրավորվել է, կոնտուզիա ստացել, դարձել հաշմանդամ:
1991-ին ամուսնալուծվելով, առանց գրացվելու բնակություն է հաստատել հայրենի Սարիգյուղում, չամուսնացած քրոջ՝ Ամալյայի հետ՝ վերջինիս ժառանգած հայրական տանը: Բ. Կոստանյանը Գետաշենից 300 փախստականների սննդի եւ հագուստի աջակցություն է տրամադրել, բուժօգնություն՝ Ոսկեպարում վիրավորվածներին: Նա մեզ ցույց տվեց Ադրբեջանից փախստականներին տոննաներով շաքարավազի, հազարավոր տուփ պահածոների բաշխման վերաբերյալ փաստաթղթեր:
1991թ. Նոյեմբերյանի շրջանային «Ծիածան» թերթը դրվատանքով է գրել Բ. Կոստանյանի բարեգործությունների մասին: Վերջինս ուլտրաձայնային հետազոտության սարքով հարյուրավոր մարդկանց զննել է, ստացված հասույթը՝ 42 հազար ռուբլին փոխանցել Նոյեմբերյանի «Օջախ»բարեգործական կազմակերպությանը: 2006թ. Բ. Կոստանյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով, 2012-ին ՊՆ « ՀՀ զինված ուժերի 20-ամյակը», 2014-ին՝ «Ծովակալ Իսակով» մեդալներով:
Ստացած վերքերից տարիների ընթացքում նրա առողջությունը վատթարացել է: 2005թ. նա ճանաչվել է 3-րդ խմբի զինվորական հաշմանդամ, 2007-ին՝ ցմահ 2-րդ խմբի զինվորական հաշմանդամ: 2008թ. նա դիմել է որպես 2-րդ խմբի զիվորական հաշմանդամ բնակարան ստանալու համար:
Կոստանյանը համոզված է, որ դա պատճառ է դարձել, որ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովն օրենքի խախտումով 2011թ. հոկտեմբերի 24-ին «իջեցնի» իր հաշմանդամության խումբը, ճանաչելով որպես 3-րդ խմբի զինվորական հաշմանդամ: Նա հանձնաժողովի այդ որոշումը բողոքարկել է վարչական դատարան: Դատական գործընթացը տեւել է 2 տարի 8 ամիս: 2014թ. փետրվարի 17-ից Բ. Կոստանյանը վերստին ցմահ 2-րդ խմբի զինվորական հաշմանդամ է :
Այս ամենի հետեւանքով, ունեցած ծանր ապրումներից նա հիվանդացելէ շաքարախտով, ունեցել սրտամկանի կաթված, տառապում է ընկնավորությամբ, լսողությունը եւ տեսողությունը վատացել են: Այդ պատճառով 2013թ. մարտի 20-ին զրկվել է Սարիգյուղի դպրոցում ուսուցչի աշխատանքից :
Որպես 2-րդ խմբի զինվորական հաշմանդամ նա 68800 դրամ թոշակ էր ստանում, որպես 3-րդ խմբի հաշմանդամ՝ 28 հազար: Կորցրած առողջությունը վերականգնելու, դեղորայք գնելու համար համար նա 4 անգամ վարկ է վերցրել: Սկզբում պարտաճանաչ մարել է վարկային պարտավարությունները, սակայն ուսուցչի աշխատանքը կորցնելով՝ հայտնվել դժվարին վիճակում:
Այժմ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում քննվում են ընդդեմ 65-ամյա Բորիկ Կոստանյանի, գումարի բռնագանձման պահանջով 4 գործ՝ 2-ը «Արեգակ» վարկային կազմակերպության, մեկական՝ «Արդշինինվեստբանկ» եւ «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկերի հայցերով: 4 հայցով չմարված վարկային պարտավարությունների ընդհանուր գումարը կազմում է մոտ 400 հազար դրամ:
Դժբախտությունները ուղեկցել են Կոստանյաններին: 2012թ. ապրիլին Խաշթառակի խաչմերուկում ավտովթարից վիրավորվել է Ամալյա Կոստանյանը: Հետո մահացել են նրա ավագ քույրը,քրոջ որդին: Ղարաբաղյան պատերազմի մասնակից բժիշկ, այժմ չաշխատող Ա. Կոստանյանը իր առողջության վերականգնման, հարազատների թաղման ծախսերը հոգալու համար սարիգյուղացի մի կնոջ հետ «Ֆինկա» վարկային կազմակերպությունից 500 հազար դրամի վարկ է վերցրել, գրավ դնելով իր տունը, սակայն այդ կինը չի մարել իր հասանելիք 250 հազար դրամի վարկային պարտավորությունը:
Իջեւանի տարածաշրջանից իրավաբան մի տիկին բարձր տոկոսադրույքով գումար է պարտք տվել Ամալյային,ապա՝որպես վարկատու ներգրավել նաեւ իր ընկերուհուն:
«Ֆինկայի» եւ այդ 2 կանանց ներկայացրած դատական հայցերի հետեւանքով , դատական վճռով կայացած հարկադիր էլեկտրոնային աճուրդի հետեւանքով Ամալյայի երկհարկանի տունը 2014թ. մարտի 31-ին 810 հազար դրամով գնել է Կիրանցի մի բնակչուհու: Ա. Կոստանյանը հիմա դատական կարգով վիճարկում է այդ գործընթացի օրինականությունը:
Բժիշկ Բորիկ Կոստանյանը առաջիկայում աչքի գլաուկոմայի վիրահատության է ենթարկվելու: Հազարավոր մարդկանց օգնած, ներկայումս դժվարին վիճակում հայտնված Բ. Կոստանյանը հույս է տածում, որ պետությունը կամ բարեգործները իրեն կօգնեն վարկային պարտքից դուրս գալու համար: