Ի՞նչ են գուժում Երվանդ Զախարյանի առաջարկները

168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերջապես կառավարությանն է ներկայացրել «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ խոստացված առաջարկությունների փաթեթը: Այն փաթեթը, որ դեռ պետք է ներկայացնեին օգոստոսի վերջին, ապա սեպտեմբերի 15-16-ին, ապա սեպտեմբերի վերջին, և այլն:

Մինչդեռ, ի պատասխան նախարար Երվանդ Զախարյանին ուղղված մեր հարցման, թե արդյոք պատրա՞ստ է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման շուրջ առաջարկությունների փաթեթը, ո՞ւմ է այն ներկայացվել, ուղարկվե՞լ է կառավարություն, ի՞նչ ընթացք է տրվել, այդ փաթեթով ի՞նչ է առաջարկվում, ի՞նչ ժամկետների համար, ստացել ենք պատասխան, որ «առաջարկությունների փաթեթը դեռ մշակման փուլում է»:
Այն, որ նախարարությունը չի շտապում հրապարակել այդ «փաթեթ» կոչվածի բովանդակությունը, թերևս, հասկանալի է: Խնդիրն այն է, որ մեր հավաստի աղբյուրների փոխացմամբ, սույն փաթեթի բուն բովանդակությունը բաղկացած է ընդամենը 2 էջից: Ընդ որում՝ դրանում ներառված առաջարկությունները ոչ թե գործարանի վերագործարկման, այլ բոլորովին այլ նպատակ են հետապնդում:

Գործարանում նեկայումս աշխատում է 2246 մարդ: Նախարարությունն առաջարկում է նրանց շարքերից հեռացնել 543 թոշակառուներին: Այսինքն, քողարկվելով ՀՀ օրենսդրությամբ, աշխատանքից ազատել այն անձանց, ում կարելի է վստահաբար անվանել գործարանի ուղեղը, քանի որ այդ փորձառու մասնագետների բացակայության պայմաններում «Նաիրիտը» կրկին աշխատացնելը գրեթե անհնար կլինի: Իսկ մասնագետների պակասի փաստն այսօր ընդունում են հենց պաշտոնյաներն ու գործարանի ղեկավարությունը:

Երբ այս շատ երկար մշակված ծրագիրը գործի դրվի, առաջարկվում է 2 ամիս անց աշխատանքից հեռացնել ևս 1225 մարդու՝ նրանց պատշաճ ծանուցելուց հետո՝ հետևելով օրենքի տառին: Ընդհանուր ստացվում է 1768 մարդ: Ու այս «բալաստն» առաջարկների հեղինակները մտադիր են իրենց ուսերից թոթափել մինչև այս տարվա վերջ: Հաշվարկել են, որ 2015թ. հունվարի 1-ի դրությամբ աշխատանքից ազատվողների վերջնահաշվարկը կկազմի 6 մլրդ 539.3 մլն դրամ:

Որտեղի՞ց կամ ո՞վ է վճարելու այս գումարը` հայտնի չէ:
Գործարանի պահպանությունն ու անվտանգության նվազագույն միջոցառումներն էլ կվստահվեն ընդամենը 478 աշխատակիցների: Եվ, ըստ ամենայնի, նախարարությունը (հավանաբար գործարանի ղեկավարության հետ միասին) արդեն իսկ կազմել է այս արտոնյալների ցանկը: Նրանց մի մասը պահակներն են, մի մասը՝ բանվորները, մի մասն էլ՝ վարչական աշխատակիցները: Բայց ուշագրավ է, որ բանվորների ու ղեկավարների թիվը գրեթե հավասար է, այսինքն՝ ամեն մի բանվորին պետք է ղեկավարի մի վարչական աշխատակից:

Նախարարությունը նաև հստակ հաշվարկներ է արել: Այս արտոնյալների ընդհանուր աշխատավարձը ներկայումս 115.2 մլն դրամ է: Նախարարությունը ցանկանում է աշխատավարձի ֆոնդի ու գործարանի պահպանության, անվտանգության անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար հատկացնել 149 մլն դրամ (մոտ 365 հազար դոլար): Սա, իհարկե, անհամեմատ քիչ է չաշխատող գործարանի վրա մինչ այս ծախսվող գումարից. «Նաիրիտը» կառավարությանն արժե ամսական գրեթե 2 մլն դոլար, որից մոտ 1 մլն դոլարն աշխատավարձերն են:

Ամեն դեպքում, թե որտեղից է կառավարությունը հայթայթելու այդ 149 մլն դրամը, պարզ չէ: Մինչդեռ նախարարությունն իր փաթեթում գուժում է, որ «Նաիրիտի» շուրջ այս իրավիճակը շարունակվելու է դեռևս 8-12 ամիս: Մինչ այդ կստեղծեն հերթական հանձնաժողովը, որն ավելի մանրամասնորեն կմշակի այս ծրագիրը: Եվ ինչպես նախորդ կառավարության օրոք, հերթական անգամ կհայտարարեն միջազգային մրցույթ, որի հաղթող ենթադրյալ անկախ ընկերությունը նոր միայն կմշակի «Նաիրիտի» չարչրկված վերագործարկման ծրագիրը:

Այս ամենը կառավարության համար հերթական առիթն է ստեղծել՝ նոր վարկ վերցնելու և ՀՀ պարտքային բեռը մի փոքր էլ ծանրացնելու համար: Նախարարությունն արդեն իսկ Համաշխարհային բանկի հետ բանակցել է՝ ֆինանսավորում ստանալու ակնկալիքով: Սակայն կրկին պարզ չէ, թե ինչո՞ւ է կառավարությունը բանակցում ՀԲ հետ մի մասնավոր գործարանի համար: Չէ՞ որ դեռ սեպտեմբերին ՀՀ էներգետիկայի նախարարությունում «Նաիրիտի» խնդիրներին նվիրված քննարկմանը Երվանդ Զախարյանը հայտարարեց, թե կառավարությունն ընդամենը մշակելու է վերագործարկման առաջարկությունների փաթեթն ու այն ներկայացնելու է սեփականատիրոջը կամ տնօրենների խորհդին: Բայց այժմ սեղանին դրված փաթեթում այս մասին կարծես թե մոռացվել է ու ոչ մի սեփականատիրոջ անուն չի հիշատակվում:

Ստացվում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը զուր է 400 հազար դոլար վճարել անգլիական «Ջեյքոբս» ընկերությանը, որն անցած տարի օգոստոսին գործարանում աուդիտ անցկացրեց, արյունքներն էլ ներկայացրեց «Ռոսնեֆթին» ու ՀՀ կառավարությանը: Հիմա այդ աուդիտի արդյունքները դրվելու են տարիներով կուտակված համանման աուդիտների կամ ծրագրերի փոշոտ դարակում ու վարկային բեռի տակ մի նոր կազմակերպություն գործարանում աուդիտ կանցկացնի՝ պարզելու, թե ինչ կերպ ավելի լավ կլինի այն վերաթողարկել: Պարզից էլ պարզ է, որ սա նախորդ կառավարության որդեգրած ռազմավարությունն է, որ ոչ մի լուծման չի հանգեցնում ու միայն երկարացնում է «Նաիրիտի» հոգեվարքը:

Հ.Գ. Միակ դրական կետը, որ կա այս առաջարկություններում՝ վճարել «Նաիրիտի» աշխատակիցների կուտակված պարտքը, որն այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ հասել է 5 մլրդ 634.5 մլն դրամի:

Տեսանյութեր

Լրահոս