Զարգացման բյուջեի փոխարեն՝ ունենք գոյատևման բյուջե

Հարցազրույց ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի հետ

– Պարոն Մելքումյան, Հովիկ Աբրահամյանը որպես վարչապետ՝ առաջին անգամ ներկայացրեց բյուջեի նախագիծ, արդյո՞ք այն ինչ-որ կերպ տարբերվում էր նախորդ կառավարության ներկայացրած նախագծերից:

– 2015թ. բյուջեի նախագիծը 2014թ. բյուջեի օրգանական շարունակությունն է, որովհետև ճիշտ է, վարչապետը և կառավարության կազմը մասնակի փոխվել է, սակայն քաղաքական մեծամասնությունը մնացել է նույնը, և կառավարությունը շարունակում է իրականացնել այդ մեծամասնության ռազմավարությունը: Ճիշտ է, կան մասնակի փոփոխություններ՝ կապված հարկային դաշտի, փոքր և միջին բիզնեսին աջակցության հարցերում, սակայն ռազմավարական առումով նոր կառավարությունը շարունակում է քաղաքական մեծամասնության կողմից անցած 6 տարիներին որդեգրած տնտեսական կուրսի իրականացումը:

Բացի դա, հերթական անգամ խոսելով բյուջեի մասին՝ ավելի շատ խոսվեց ծախսային հոդվածներից, և գրեթե ոչինչ չասվեց եկամտայինի մասին: Նախագծի մեջ կա եկամուտների կառուցվածքը՝ ըստ հարկատեսակների, բայց այնտեղ չկա այն հարկային քաղաքականությունը, որը պատրաստվում է իրականացնել կառավարությունը, մենք չենք տեսնում բյուջեի նախագիծ, որն ուղղված է երկրում տնտեսական աճի խթանմանը: Իսկ մենք իրավունք չունենք համեստ տնտեսական աճի քաղաքականություն իրականացնել և բավարարվել 4,1 տոկոս աճով, որը կանխատեսում է կառավարությունը 2015թ. համար, այն էլ՝ լավագույն պայմանների առկայության դեպքում: Իսկ որոշակի ռիսկերի դեպքում աճի ցուցանիշը կարող է իջնել մինչև 3,3 տոկոս:

Կարդացեք նաև

Օրինակ, այս տարվա բյուջեն էլ կանխատեսվել էր 4 տոկոսից մի փոքր ավելի, մինչդեռ Արժույթի միջազգային հիմնադրամը համարում է, որ փաստացի աճը կարող է կազմել 2,5 տոկոս: Այնպես որ, հաշվի առնելով Ռուսաստանից եկող ռիսկերը, ինչպես նաև՝ համաշխարհային տնտեսության դանդաղման տեմպերը, կարող եմ ասել, որ 2015թ. բյուջեն դարձյալ գոյատևման և ոչ թե զարգացման բյուջե է: Ինչ վերաբերվում է նրան, որ կառավարության ներկայացուցիչներն այս բյուջեն անվանում են սոցիալական, դա ևս բնական է, քանի որ բյուջեի ծախսային մասի 50 և ավելի տոկոսն ուղղվում է սոցիալական ծախսերին` առողջապահություն, սոցիալական ապահովություն և կրթություն:

– ԲՀԿ-ն փորձելո՞ւ է կառավարությանը ներկայացնել իր մոտեցումները, թե՞ դուք համարում եք, որ դա իմաստ չունի, քանի որ քաղաքական մեծամասնությունը, միևնույն է, մերժելու է դրանք:

– Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս մենք ներկայացնելու ենք մեր մոտեցումները, մեր առաջարկները, որոնք կլինեն և՛ կոնցեպտուալ, և՛ առանձին հոդվածների հետ կապված: Օրինակ, մենք առաջարկել էինք գյուղատնտեսության սուբսիդավորման կտրուկ ավելացում: Ճիշտ է, աճ կա՝ 840 միլիոնից այդ թիվը դարձել է 1,3 միլիարդ, բայց դա շատ անբավարար է: Վարչապետն ինքն էլ է ընդունում, որ գոյություն ունեցող բյուջետային միջոցները չեն կարող կտրուկ աճ ապահովել, և ամեն ինչ ուղղված է գոյություն ունեցող ստատուս-քվոն պահպանելուն:

– Ի՞նչ կոնցեպտուալ առաջարկ եք պատրաստվում ներկայացնել կառավարությանը:

– Մեր առաջարկը շատ պարզ է. Հայաստանը դարձնել ներդրումների համար գրավիչ երկիր, քանի որ, իմ հաշվարկներով՝ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը բարելավելու համար անհրաժեշտ է 12 միլիարդ դոլարի ներդրում: Իհա՛րկե, վարչապետը խոսեց գործարար միջավայրի բարելավման և արտահանումը խթանելուն ուղղված քաղաքականության մասին: Բայց ենթադրենք՝ գործարար միջավայրը բարելավվեց. մի՞թե ներդրումները կավելանան. նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ՝ ոչ, որովհետև կառավարությունն անընդհատ արձանագրում էր ներդրումային միջավայրի բարելավում, այդ թվում և՝ միջազգային տարբեր ինդեքսների միջոցով, սակայն ներդրումները տարեցտարի պակասում էին:

Ներդրումների համար գրավիչ միջավայր ապահովելը քաղաքական կամքի դրսևորման խնդիր է. Հայաստանը դարձնել ներդրումների համար ապահով երկիր՝ նշանակում է երեք բան. ներդրողը պետք է կարողանա առանց խոչընդոտի ներդրում կատարել և առանց խոչընդոտի հանել իր ներդրումը: Ներդրումների համար գրավչությունը պահանջում է նաև հարկային համապատասխան օրենսդրության ստեղծում, որպեսզի ներդրողը տեսնի, որ Հայաստանի հարկային համակարգը նպաստում է ավելի շատ եկամուտ ստանալուն, և երրորդ՝ մրցակցային հավասար պայմանների ապահովմանը: Եթե այս երեք պայմանները կառավարությունը կարողանա ապահովել, և ներդրողը դա զգա և տեսնի մի քանի հաջողված ներդրման օրինակ, ապա Հայաստանն իսկապես կդառնա մի երկիր, որտեղ ներդրումների քանակը ոչ թե կնվազի, այլ ընդհակառակը՝ կաճի: Ինչը, ցավոք, մեր իրականության մեջ չենք տեսնում: Մենք նաև առաջարկելու ենք, որ փոքր և միջին բիզնեսին աջակցությունը լինի ոչ թե թղթի վրա կամ խոսքի միջոցով, այլ իրականում:

Մինչդեռ վերջին շրջանի գրեթե բոլոր օրենսդրական նախաձեռնությունները հակառակ ուղղությամբ են գնում: Ի՞նչ է նշանակում՝ փոքր բիզնեսի փաստաթղթավորում, երբ մարդն ընդամենը գոյատևման խնդիր է լուծում: Ինչպե՞ս կարելի է նրա վրա հավելյալ բեռ դնել և ասել, որ՝ պետք է քո ամբողջ տնտեսական գործունեությունը փաստաթղթավորվի: Կամ սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու օրենքը. կառավարությունը հայտարարում է, որ մենք ունենք շրջանառության հարկ վճարող 58 հազար 700 տնտեսվարող, որից 40 հազարը ցույց է տալիս տարեկան մինչև 5 միլիոն շրջանառություն: Եթե 5 միլիոնը բաժանենք տարվա 365 օրերի վրա, ապա կստանանք օրական 12 հազարին մոտ շրջանառություն, իսկ եթե նկատի ունենանք, որ շրջանառության հարկն առևտրի ոլորտում 1 տոկոս է, ստացվում է օրական 120 դրամ շրջանառության հարկ:

Եվ սա՝ լավագույն դեպքում, եթե շրջանառությունը 5 միլիոն է, որովհետև շատ տնտեսվարողների մոտ անհամեմատ ավելի փոքր թվեր են: Հիմա եթե պետությունը սահմանամերձ բնակավայրի տնտեսվարողին ազատում է շրջանառության հարկից, ստացվում է, որ ամսական զիջում է 3 հազարին մոտ գումար: Մի՞թե սա կարելի է համարել լուրջ արտոնություն, և ո՞րն է լինելու սրա էֆեկտն այդ սահմանամերձ բնակավայրի համար:

– ԲՀԿ-ն 2012թ. պայքարել է Տիգրան Սարգսյանի և նրա գլխավորած կառավարության դեմ, իսկ նրա պաշտոնանկությունը դուք գնահատեցիք ձեր մեծագույն հաղթանակը և իշխանության պարտությունը: Արդյո՞ք ներկա կառավարության գործունեությանը նման գնահատական տալով՝ դուք չեք փաստում, որ Տիգրան Սարգսյանի կառավարության դեմ մղած երկու տարվա պայքարը եղել է անիմաստ, և ամեն ինչ մնում է նույնը:

– Գիտեք, մենք արդարացի էինք, երբ համարում էինք, որ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունն արդյունավետ չի աշխատում: Խոսքը միայն նրա անձի մասին չէր, թեև նրա անձը վճռական էր կառավարության աշխատանքում, ինչպես ցանկացած վարչապետի: Մենք ողջունեցինք նրա պաշտոնանկությունը, ասելով, որ, այո՛, այդ փոփոխությունն անհրաժեշտ էր, և դրա համար մենք հետաձգեցինք այն հանրահավաքները, որոնք պետք է տեղի ունենային ապրիլի վերջին: Եկավ նոր կառավարությունը, և ամենաբարձր մակարդակով հնչեցվեց երկու կարևորագույն միտք. պետք է վերականգնվի հասարակության վստահությունը կառավարության նկատմամբ, և կառավարությունը գալիս է ապահովելու ավելի բարձր տնտեսական աճ: Հիմա անցել է վեց ամիս, և մենք տեսանք, որ ո՛չ տնտեսական աճ կա, ո՛չ էլ վստահությունն է վերականգնվել:

Ճիշտ է, մենք արձանագրում ենք, որ նոր կառավարությունը որոշակի քայլեր կատարել է, որոշակի օրենդրական նախաձեռնություններ է անցկացրել, սակայն դրանց տնտեսական էֆեկտը շատ թույլ է: Դրա համար մենք հիմա ասում ենք, որ մեխը կառավարության կազմի փոփոխության կամ վարչապետի անձի փոփոխության մեջ չէ, ով էլ լինի՝ շարունակելու է իրականացնել գործող քաղաքական մեծամասնության քաղաքական գիծը:

– Այսինքն՝ ստացվում է, որ եթե կառավարության փոփոխությամբ հնարավոր չէ հարցերը լուծել, պետք է լուծել քաղաքական մեծամասնության փոփոխությամբ:

– Մենք իշխանությանն ասում ենք, որ երկիրը շեղվել է զարգացման ուղուց, որ մենք երկիրը զարգացման ուղի վերադարձնելու համար ունենք առաջարկներ, սակայն, եթե դուք չեք ուզում ընդունել մեր կողմից ներկայացված աաջարկները, և եթե դուք՝ որպես քաղաքական մեծամասնություն, շարունակեք անտեսել մեր առաջարկները, ապա ոչ իշխանական քաղաքական ուժերն էլ կարող են առաջարկել իրենց լուծումները: Մենք դեմ ենք մայդաններին, բարիկադային պայքարի մեթոդներին, բայց նաև չեմ կարծում, որ իշխանությունն էլ պետք է շարունակի անտեսել հասարակության պահանջները: Երբ տասնյակ-հազարավոր քաղաքացիներ հրապարակներում իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, իշխանության արձագանքներից մեկն էլ, այո՛, կարող է լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Սա իսկապես կարող է լինել մի լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին:

– Ինչպե՞ս է ԲՀԿ-ն քվեարկելու բյուջեի նախագծի քվեարկության ժամանակ. հնարավո՞ր է՝ նախորդ տարվա նման բոյկոտեք քվեարկությունը:

– Հավանականությունը, որ մենք կողմ կքվեարկենք այս բյուջեի նախագծին, զրո է, իսկ թե ինչպես կվարվենք՝ դե՞մ կքվեարկենք, ձեռնպա՞հ, թե՞ ընդհանրապես չենք մասնակցի քվեարկությանը, դա արդեն կորոշվի առաջիկա քննարկումների ժամանակ:

 

Տեսանյութեր

Լրահոս