Բուժում Գերմանիայում. Արյան քաղցկեղը բուժվում է առանց քիմիոթերապիայի
Ֆրայբուրգի համալսարանական կլինիկան կանգնած է նոր թերապիայի ակունքներում:
Հսկայական մասշտաբի ուսումնասիրությունների շրջանակներում գերմանացի և իտալացի գիտնականներին հաջողվեց օգնել արյան քաղցկեղի հազվադեպ տարատեսակով հիվանդների գրեթե 100%-ին, այն էլ բոլորովին առանց քիմիոթերապիայի:
Գերմանիայում տարեկան կտրվածքով 300 մարդ հիվանդանում է սուր պրոմիելոցիտար լեյկեմիայով (ՍՊԼ): Հիվանդության առաջացման պատճառ է հանդիսանում թերի/սխալ գենը, և արդյունքում առաջանում է քաղցկեղածին ֆուզիոն պրոտեինը` PML-RARα: Այս սպիտակուցը /պրոտեինը/ խոչընդոտում է արյան սպիտակ գնդիկների առաջացումն ու զարգացումը, որոնք ողողում են ոսկրածուծը և առաջացնում արյունակազմական խանգարումներ:
Որպես հետևանք ի հայտ են գալիս կյանքին վտանգ սպառնացող, արյունահոսություններով ուղեկցվող մակարդելության խանգարումներ կամ արյան թանձրուկներ: Մինչ այժմ սուր պրոմիելոցիտար լեյկեմիան բուժվում էր քիմիոթերապիայի և վիտամին A-արտադրողի /դերիվատ/ ամբողջական տրանս-ռետինաթթվի (ATRA) համադրությամբ, որը մասսամբ նպատակայնորեն քայքայում է քաղցկեղածին գենը: Այս մեթոդով կարողացել են բուժվել ՍՊԼ-ով հիվանդների մոտ 90 տոկոսը:
40 իտալական և 27 գերմանական կենտրոններում անցկացված հետազոտությունների արդյունքում գիտնականները տարիներ շարունակ ստանդարտ թերապիան համեմատել են ATRA-ի և արսենի եռօքսիդի նոր համադրության հետ. գիտական փորձում ներառվել է մոտ 160 հիվանդ: Գերմանական կողմի հետազոտությունները գլխավորել են Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի հեմատոլոգները, մասնակցել են նաև արյունաբան-պրոֆեսորներ Դրեզդենից և Ուլմից, իտալական կողմից հանդես են եկել արյունաբաններ Հռոմից:
Բուժումն ազդում է դեֆեկտավոր գենի վրա երկու ուղղվածությամբ. մինչ ATRA-ն քայքայում է ռետինաթթվի ալֆա ռեցեպտորի մասը, արսենի եռօքսիդը ապաակտիվացնում է պրոգրեսիվող մուլտիֆոկալ լեյկոէնցեֆալոպաթիան: Այս մեթոդով գիտնականները հասան 98% ցուցանիշի, իսկ ստանդարտ թերապիան արդյունավետ էր միայն 91%-ով. արդյունքում նոր մեթոդով բուժվողներն ապրում են գրեթե 2 տարի ավել:
«Ընդհանուր առմամբ նոր թերապիայի ժամանակ փոքր-ինչ շատ են կողմնակի ազդեցությունները, որոնց դեպքում, սակայն, հազվադեպ է կյանքին վտանգ սպառնում», – նշում է Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի Ներքին բժշկության II կլինիկայի արյունաբան-օնկոլոգ պրոֆ. դոկ. Միխաել Լյուբբերտը:
Նախապես անցկացվող արսենային թերապիան դադարեցնելուց հետո հնարավոր է դառնում հսկողության տակ պահել լյարդի հակադարձող վնասումը, ինչպես նաև ԷՍԳ-փոփոխությունները, իսկ ստանդարտ թերապիայի դեպքում բավականին հաճախ ունենում էինք արյան պատկերի փոփոխություններով ուղեկցվող ոսկրածուծի սուպրեսիա, ինչը հանգեցնում էր իմունիտետի թուլացմանը և, այդուհանդերձ, նաև կյանքին վտանգ սպառնացող ինֆեկցիաների:
Բուժման այս նոր մեթոդի առավելություններից է ոչ միայն թեթև տանելիությունը, այլ նաև տևողությունը. նախկին 2 տարիների փոխարեն այս մեթոդով բուժումը տևում է ընդամենը 6 ամիս և հիմնականում անց է կացվում ամբուլատոր կարգով: Նշանակում է` շահում ենք հիվանդի կյանքի որակը բարելավելու իմաստով:
Նոր կոմբինացված թերապիայի շնորհիվ մենք կարողացանք բուժել լեյկեմիան առանց քիմիոթերապիայի: Սա հանդիսանում է գենոտիպով ուղղորդվող և մոլեկուլյար նպատակային թերապիայի փայլուն օրինակ: Փորձագետները համակարծիք են, որ համակցված բուժման այս նոր մեթոդը շուտով ամբողջությամբ կփոխարինի նախկինում ընդունված ստանդարտ թերապիային: