Ապագա մայրերը պատրաստ են դիմել անգամ ՍԴ

Ապագա մայրերն իրենց դեռ չծնված երեխաների հետ երեկ ստիպված էին մի քանի ժամ անցկացնել Ազգային ժողովի խստաշունչ պատերի ներսում, իսկ մայրիկների մի բազմություն էլ խորհրդարանի մուտքի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպել:

ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և հարակից օրենքներում նախատեսվող փոփոխությունների շուրջ, և նախաձեռնության դեմ հանդես եկող ակտիվ մայրերն ու իրավապաշտպանները փորձում էին իրենց ձայնը լսելի դարձնել պետական այրերին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ու Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը ներկայացրին հիմնավորումները, թե ինչու են անհրաժեշտ փոփոխությունները, ինչու պետք է աշխատող կանայք առնվազն ավելի քիչ մայրության նպաստ ստանան, քան հիմա է, թե ինչու է կառավարությունը որոշել աշխատող կանանց գրպանից «լավություն անել» և մայրության նպաստ վճարել չաշխատող կանանց, և այլն: Բնականաբար, հիշատակվեցին Վերահսկիչ պալատի բացահայտումները, որ կինն աշխատանքի է անցնում ծննդաբերությունից 1-2 ամիս առաջ, օրինակ, անցած տարի հղիության նպաստ ստացած 8500 քաղաքացուց 1500-ը մինչև 6 ամիս ժամանակահատվածում է անցել աշխատանքի: Պաշտոնյաները փաստեցին, որ ՀՀ-ում վերջին տարիներին ծնելիությունը չի ավելացել, իսկ ժամանակավոր անաշխատունակության ծախսերն ավելացել են 3 անգամ, հիվանդության դեպքում անաշխատունակ անձը ստանում է ավելի մեծ գումար, քան աշխատողը, և չաշխատելն ավելի ձեռնտու է, քան աշխատելը, իսկ առկա ընթացակարգերը բացառում են գործընթացի վրա արդյունավետ վերահսկողություն սահմանելու հնարավորությունը:

Լսումների ողջ ընթացքում մի քանի անգամ կառավարության անդամներն ընդգծում էին, թե շատ քիչ երկրներ կան, որ 100%-ով փոխհատուցում են աշխատող կանանց, բայց այդ դեպքում էլ այլ սահմանափակումներ ունեն՝ ժամկետներ և այլն: Ի պատասխան` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հիշեցրեց, որ այդ երկրներում չկան Հայաստանի խնդիրները` դեմոգրաֆիական ծանր վիճակ, արտագաղթ և այլն: Ընդ որում, նախարարն ու ՍԱՊԾ փոխղեկավարը դիվանագիտորեն շրջանցեցին այն իրողությունը, որ այդ «շատ քիչ» երկրների շարքում են Գերմանիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան և այլն, որտեղ, ի դեպ, աշխատավարձը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, իսկ եթե այնտեղ որևէ փոփոխություն է արվում, ապա միայն ի օգուտ մայրերի:

Կարդացեք նաև

Ներկա և ապագա մայրիկների ելույթները շատ սրտառուչ էին: «Հղի կինն աշխատում է օրնիբուն, արդյոք արժի՞ այդ կնոջը վնաս հասցնել»,- հարցադրում արեց փոքրիկի սպասող Անուշ Բաբայանը` ներկայացնելով, որ նախքան հղիության արձակուրդ գնալն ինքը ստիպված է եղել ավելի շատ աշխատել` գործերն ավարտելու կամ փոխարինողին առավել ավարտուն վիճակում հանձնելու համար: Ա.Բաբայանի կարծիքով` չի կարելի շատ աշխատող կնոջը քիչ վճարել, չէ՞ որ նա աշխատել ու հարկեր է վճարել:
Հղիության 3-րդ ամսում գտնվող Տաթև Դավթյանը հայտարարեց, որ աշխատող կանանց հղիության նպաստի կրճատումը պատիժ է` միայն սեռով պայմանավորված:

Նա շեշտեց, որ պաշտոնյաներն այդպես էլ անպատասխան թողեցին իր հարցը` ինչո՞ւ զորավարժության մեկնող տղամարդու եկամուտը չի կրճատվում. «Զինվորները ինկուբատորներո՞ւմ են աճում: Էդ մայրերն են ծնում, սնում ու աճեցնում: Դուք երկրի անվտանգության այս վեհ կապը չեք տեսնում»: «Սա պետական մակարդակով դիսկրիմինացիա է, որն անթույլատրելի է: Երբ պետական պաշտոնյան իր օրինակով է դիսկրիմինացիա տարածում, էլ ի՞նչ ուզենք այն անգրագետ տղամարդուց, որ կնոջը երկրորդ սորտի մարդ է համարում»,- ասաց Տաթևն ու զգուշացրեց, որ սրա հետևանքներն աղետալի են լինելու: Նա միայն մեկ առաջարկ-պահանջ արեց` բոլոր աշխատող մայրերը պետք է 100%-ով փոխհատուցվեն:

Ի՞նչ են ասում պետական այրերը
«Որևէ առաջարկ չենք անտեսելու, ստացած առաջարկները կամփոփվեն, կքննարկվեն, արդյունքում դուրս կբերվեն այն մոտեցումները, որոնք օրենսդրական նախաձեռնության նպատակի ու խնդիրների հետ կարգավորումներ կապահովեն, և հնչած խնդիրներին ու մտահոգություններին լուծումներ կտրվեն: Նպատակն է` ապահովել մեր բոլոր մայրերի համապատասխան սոցիալական ապահովության երաշխիքները»,- վստահեցնում է նախարար Արտեմ Ասատրյանը: «168 Ժամի» հարցին` աշխատողների համար կպահպանվի՞ արդյոք 100% փոխհատուցումը, նախարարը պատասխանեց, թե որպես առաջարկ` չի ուզում բացառել, որ որպես լուծում` ընդունելի կլինի, բայց պետք է նայել խնդրի բոլոր կողմերը:

Մեզ հետ զրույցում ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հավաստիացրեց, թե հանձնաժողովը լսումները կազմակերպել է հատուկ մայրերի կարծիքը լսելու համար, և արդյունքում` բոլոր կանայք դեմ էին աշխատող մայրերի վճարովի արձակուրդի 100%-ից պակաս սկզբունքին: Լսելի կլինի՞ մայրերի ձայնն օրենսդիրների համար, Հ.Հակոբյանը խորհուրդ տվեց սպասել առաջիկային:

Ի՞նչ են թաքցնում պետական այրերը
Շատ ուշագրավ մի փաստ կա, որի մասին պաշտոնյաները լռում են: Այս ամառվա վերջին Ռուսաստանի կառավարությունը հանդես է եկել համանման նախաձեռնությամբ և առաջ է քաշել ՌԴ-ում մայրերին տրվող մայրական կապիտալից բոլորովին հրաժարվելու գաղափարը: Բնականաբար, այդ պայծառ միտքը պաշտոնյաները մտմտում են շատ ավելի վաղուց, ուղղակի հիմա ուզում են միս ու արյուն հաղորդել դրան: Հիմնավորումը նույնն է, ինչ Հայաստանում՝ պետական ծախսերի կրճատում ու արդյունավետության բարձրացում: Եվ, ինչպես մեր պաշտոնյաները, ՌԴ կառավարությունն էլ ասում է, թե գումարային մեծությունները ծնելիության մակարդակի վրա չեն ազդում:

Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեցինք՝ ծանո՞թ է ՌԴ կառավարության նախաձեռնությանը, չէ՞ որ ՀՀ կառավարությունը վաղուց ավանդույթ է դարձրել ամեն ինչում կրկնօրինակել «մեծ եղբորը»: «Կոնկրետ Ձեր նշած նախագծի մասին ես որևէ տեղեկություն չունեմ»,- հավաստիացրեց նախարարը:

Նույն հարցն ուղղեցինք Հ.Հակոբյանին. «Ես կառավարության անունից չեմ կարող ասել: Իմ համար սկզբունքը դա չէ: Կա հայ հասարակություն, կան հայ մայրեր, կա ՀՀ ԱԺ, որն իր որոշումը կկայացնի»:

Հ.Գ. Հղիության նպաստի փոփոխությունների դեմ հանդես եկող քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Նիկողոսյանը տեղեկացրեց, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներով շարունակելու են պայքարը և անհրաժեշտության դեպքում, երբ նախաձեռնությունը դառնա օրենք, անգամ կդիմեն Սահմանադրական դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս