«Իրանը չի ցանկանում բացահայտորեն սրել հարաբերությունները Թուրքիայի հետ»

Ինչպես հայտնի է, նախօրեին Թեհրանում կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը, որի ժամանակ անդրադարձ է եղել հայ-իրանական հարաբերությունների հեռանկարին և տարածաշրջանային այլ թեմաների: Ի՞նչ փուլում են գտնվում հայ-իրանական հարաբերությունները և ի՞նչ հեռանկար ունեն. այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:

Նրա խոսքով` եթե մենք հայ-իրանական հարաբերությունները դիտարկենք քաղաքական տեսանկյունից, ապա չնայած վերջին տարիներին Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման արդյունքում եղած տնտեսական անկմանը` դրանք մնացել են այնպիսին, ինչպիսին կային, այսինքն` լավի և ավելի լավի միջև ընտրության նախաշեմին. «Այս տեսանկյունից` Իրանում քաղաքական իրավիճակի փոփոխությունը կամ ղեկավարության փոփոխությունը երբևիցե չի բերում Հայաստանի հետ հարաբերությունների վերանայմանը. դրանք կա՛մ ավելի են լավանում, կա՛մ մնում են էլի լավ մակարդակի վրա»:

Ըստ իրանագետի` եթե այցը դիտարկենք տնտեսական ձեռքբերումների տեսանկյունից, ապա շատ կարևոր խնդիրներ են քննարկվել, և այս առումով շատ կարևոր է վարչապետի` Իրան այցի հանգամանքը. «Խոսքը վերաբերում է էներգետիկ ոլորտում ծրագրերի իրականացմանը: Ցավոք, խոշորածավալ ծրագրեր կային, որոնք, կրկին պայմանավորված Իրանի դեմ Արևմուտքի կիրառած պատժամիջոցներով, չէին կարող իրականացվել, բայց այժմ այդ պատժամիջոցների բեռը զգալիորեն թեթևացել է, և ամենայն հավանականությամբ, իրանական կողմն արդեն կսկսի ձեռնամուխ լինել մեզ հետ համագործակցությամբ դրանց առնվազն մի մասի իրականացմանը:

Մասնավորապես` խոսքը վերաբերում է արդեն հայտնի հէկ-ի համատեղ գործարկմանը, բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցմանը: Դրանից բացի` իրանական կողմը հավանաբար կցանկանա մասնակցություն ունենալ Հայաստանում նոր ատոմակայանի շինարարության և գործարկման գործընթացին գոնե ֆինանսական մասով: Կարծում եմ` դա հայ-իրանական հարաբերությունների մակարդակը կբարձրացնի աննախադեպ աստիճանի»:

Ի՞նչ դեր ունի կամ կարող է ունենալ Իրանը Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանային այլ խնդիրների կարգավորման գործում. պատասխանելով մեր այս հարցին` Վ. Ոսկանյանը նշեց, որ Իրանն ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանում ունի որոշակի ստաբիլիզացիոն, կայունացնող դեր. «Բայց պետք է նկատի ունենալ, որ Ղարաբաղյան բանակցությունների ֆորմատը չի փոխվել, և Մինսկի խմբի շրջանակներում է այդ խնդիրն արծարծվում: Այդուհանդերձ, հաշվի առնելով այն, որ թե՛ Հայաստանը, թե՛ Արցախի Հանրապետությունը և թե՛ Ադրբեջանն ընդհանուր սահման ունեն Իրանի հետ` բնականաբար, Իրանը որոշակի դերակատարություն ունի և չի կարող մտահոգ չլինել այդ խնդրով:

Սովորաբար իրանական կողմից պարբերաբար հնչում են միջնորդական առաքելության պատրաստակամության մասին հայտարարություններ: Այս առումով, բնականաբար, թե՛ Հայաստանը, թե՛ Արցախն Իրանը դիտարկում են բարեկամական երկիր, բայց քանի որ ձևաչափի մեջ Իրանը չկա, այդ գործընթացներին նրա մասնակցությունն ինչ-որ առումով սահմանափակ է»:

Հանդիպման ընթացքում վարչապետը Հասան Ռոհանիին է փոխանցել նաև նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: Բայց արդյո՞ք Հասան Ռոհանին կընդունի հրավերը, ներկա կգտնվի Հայաստանում այդ օրը. այս հարցի վերաբերյալ իրանագետի տեսակետը ևս հետաքրքիր էր իմանալ, և պատասխանելով` նա ասաց, որ երկու երկրների հարաբերությունների համար Հասան Ռոհանիի այցը Հայաստան այդ օրերին չի կարող որևէ լուրջ նշանակություն ունենալ.

«Շատ դժվար է կանխատեսել` մինչ այդ ընկած ժամանակահատվածում ինչպիսի զարգացումներ կլինեն, համենայնդեպս, դատելով մինչ այս իրականացրած քաղաքականությունից` Իրանը չի ցանկանում բացահայտորեն սրել հարաբերությունները Թուրքիայի հետ` չնայած բազմաթիվ հակասություններին, առկա բազմաթիվ խնդիրներին` կապված Սիրիայի, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության և այլ հարցերի հետ: Իրանը որոշակի բալանսավորված քաղաքականություն է վարում, բայց իրանական քաղաքական վերնախավում, բնականաբար, Հայաստանի հետ համակրալից վերաբերմունքը գերիշխում է: Այս առումով` այդ վերաբերմունքը ցույց տալու ձևական կողմն արդյոք կապահովվի՞, թե՞ ոչ, կարծում եմ` այնքան էլ կարևոր չէ: Բայց, անշուշտ, մեզ համար ցանկալի կլիներ տեսնել Իրանի նախագահին այդ միջոցառմանը»:

Ինչպես հայտնի է` ռուսական «РИА Новости» գործակալության փոխանցմամբ` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների` նույն ուղղությամբ ընթանալու դեպքում Իրանը կվերածվի շատ ավելի մեծ սպառնալիքի, քան` «Իսլամական պետությունն է», քանի որ իր հազարավոր ցենտրիֆուգներով Իրանը կարող է կարճ ժամանակահատվածում արտադրել միջուկային ռումբի համար նյութեր: Վարդան Ոսկանյանն այս հայտարարությունը որակեց` որպես քարոզչություն: Նրա խոսքով` այդ հայտարարությունն ավելի շատ ունի քարոզչական բնույթ, քան համապատասխանում է Իրանի իրական մտադրություններին. «Իրանը «Վեցյակին» ներկայացվող իր բոլոր փաստաթղթային փաթեթներում ապացուցում է, որ գնում է խաղաղ միջուկային ծրագրի իրականացման ուղղությամբ, բայց եթե մենք նույնիսկ ենթադրելու լինենք, որ ընթանում է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ, ապա Իրանի համեմատությունն «Իսլամական պետության» հետ ուղղակի անհնարին է:

Ընդհանուր առմամբ, եթե նայենք տարածաշրջանին, ապա Իրանը, թերևս, մահմեդական Մերձավոր Արևելքում միակ կայունացնող դերակատարություն ունեցող երկիրն է, որը չի ենթարկվել որևէ քաոսային գործընթացի, ունի հազարամյա պետականության ավանդույթ, այսինքն` այդ պետությունը եթե նույնիսկ ատոմային ռումբ էլ ունենա, ապա այնպես չէ, որ այդ ռումբը կարող է կիրառվել պատահականորեն»:

Իրանագետի խոսքով` մենք տարածաշրջանում ունենք ավելի վտանգավոր պետություններ, ինչպես, օրինակ, Պակիստանը, որը, ի դեպ, մինչև հիմա Հայաստանի Հանրապետության անկախությունը չի ճանաչել և նրա հետ չունի հարաբերություններ. «Այդ պետությունն ունի ատոմային ռումբ, պետություն է, որն ըստ էության իր տարածքի որոշակի հատված նույնիսկ չի էլ վերահսկում. խոսքը հատկապես հյուսիսային հատվածների մասին է: Ես կարծում եմ, եթե այս ամենի համատեքստում նայենք նշված հայտարարությանը, ապա, բնականաբար, Իսրայելի պետությունը տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության մրցակիցն է, և չի ուզենա ունենալ ավելի զորեղ մրցակից»:

Տեսանյութեր

Լրահոս