Կառավարության նախաձեռնությունն ուղղված է ծնելիության խթանմա՞նը

Լավ հիշողություն ունեցողները այսօր դեժավյուի զգացում կունենան. հղիների նպաստի կրճատման մասին հերթական օրենքի դեմ քաղաքացիները ցույցի են ելնելու կառավարության շենքի մոտ: Բողոքի ակցիա կիրականացվի նաև առաջիկա երկուշաբթի օրը` Ազգային ժողովի մոտ, երբ խորհրդարանում օրինագծի շուրջ լսումներ կանցկացվեն:

Իրավագիտակից քաղաքացիները պնդում են՝ օրինագծի ուժի մեջ մտնելու դեպքում աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման չափի խիստ կրճատումը և մայրության նպաստի վերին շեմի սահմանումը խախտում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ և միջազգային նորմեր: Նախաձեռնության անդամները վստահ են, որ օրինագծով սահմանված փոփոխությունները ոտնահարում են աշխատող կանանց իրավունքները: Բացի այդ, փոփոխությունները կարող են հանգեցնել ծնելիության կրճատման և նպաստել արտագաղթի ավելացմանը: Ու թեև նախաձեռնության անդամները ողջունում են կառավարության` չաշխատող կանանց ծննդաբերության նպաստ վճարելու գաղափարը, սակայն գտնում են, որ այդ փոփոխությունները չպետք է արվեն աշխատող կանանց հաշվին: Առավել ևս` շքեղության հարկի վերացումից հետո:

Կառավարությունն իր հերթին` պնդում է` այսօր հղիության և ծննդաբերության նպաստ է տրվում տարեկան շուրջ 13 հազար աշխատող կնոջ, իսկ առաջարկությունն ընդունվելու դեպքում նպաստ կստանա լրացուցիչ ևս տարեկան մոտ 30 հազար կին: ՀՀ-ում տրվող անաշխատունակության նպաստի ծավալը վերջին 4 տարում 3-4 անգամ ավելացել է ու հասել 12 մլրդ դրամի: 2020-21 թվականներին այդ բեռը կազմելու է 25-30 միլիարդ դրամ: Օրենքի գործողությունը նախատեսվում է 2016 թ.-ից, կանխատեսվում է, որ այդ ժամանակ նվազագույն աշխատավարձը կլինի 80 հազար դրամ, ըստ որի` 140-օրյա ժամանակահատվածի համար հաշվարկված հղիության և ծննդաբերության արձակուրդային գումարը կկազմի 365 հազար դրամ (առանց հարկերի` շուրջ 275 հազար դրամ): Ըստ այդմ` 2016-ին պետական բյուջեի ծախսերը կավելանան 11 մլրդ դրամով (եկամտահարկը հանելու դեպքում՝ 8.5 մլրդ դրամով): Կառավարությունը նաև պնդում է, թե չի հրաժարվում սոցիալական պետության դերից, բայց մատնացույց է անում աշխարհի փորձը` ոչ մի երկրում ժամանակավոր անաշխատունակության պատճառով կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 100%-ով, ինչպես այժմ ՀՀ-ում է:
Թեմայի շուրջ «168 Ժամը» մի քանի հարց ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

– Պարոն նախարար, կառավարության ծրագրում նման փոփոխություն նախատեսված չէր: Ինչո՞ւ հանկարծ որոշվեց գնալ այս քայլին:

Կարդացեք նաև

– Նախատեսված է: Կառավարության ծրագրում, նաև ԱԺ-ում այդ ծրագիրը ներկայացնելիս վարչապետի ելույթում հստակ նշված է, որ այդ 3 ծրագրերը` ժամանակավոր անաշխատունակության, ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների համակարգին անդրադարձ պետք է արվի` առավել համահունչ, հասցեական ու արդյունավետ դարձնելու առումով: Եվ հենց այդ շրջանակներում էլ իրականացվում են այս աշխատանքները:

– ՀՀ քաղաքացիները ոտքի են ելել և բողոքի ակցիաներ են իրականացնելու:

– Մենք նախատեսել ենք հանրային քննարկումներ և, ես կարծում եմ, որ եթե կան առաջարկություններ, ճիշտ ճանապարհը քննարկումներն են: Ցանկացած առաջարկություն, եթե բխում է մեր նպատակների և քաղաքացիների շահերից, պետք է ներկայացվի, քննարկվի, և դրա շրջանակներում ընդունվեն որոշումներ: Ես կարծում եմ, որ անտրամաբանական է` առաջարկություններ չներկայացնելով` բողոքել ինչ-որ երևույթների դեմ:

– Աշխատող մայրերը պնդում են, որ նման փոփոխություններով կառավարությունը դրդում է, որպեսզի աշխատողը նախքան հղիանալը լավ մտածի` արդյոք իր ֆինանսական վիճակը թույլ կտա՞ երեխա ունենալ, թե՞ ոչ: Այսինքն` ծնելիությունը ոչ թե կխթանվի, այլ հակառակը` կնվազի:

– Բացարձակ համաձայն չեմ այդ կարծիքի հետ, որովհետև նախ` այն համակարգը, որն ամբողջականության մեջ դիտարկելով` մենք այսօր ունենք, ինքն ավելի շատ ուղղված է խթանմանը: Առաջարկությունները ևս ընդլայնում են շրջանակը, հետևաբար` ևս ուղղված են խթանմանը, և երբ մենք խոսում ենք որոշում կայացնելու մասին, ես վստահ եմ, որ մեր քաղաքացիները որոշումները կայացնելիս երբևէ չեն առաջնորդվում որոշակի ֆինանսական գնահատականներով: Ընդհանրապես, մեր ազգը բավականին ավանդապաշտ է և ձևավորված մեր ընտանեկան հարաբերությունները, փառք Աստծո, դեռևս պահպանվում են, պահպանվում են մեր բազմասերունդ ընտանիքների հարաբերությունները, որոնք բազմաթիվ այլ երկրներում, կարծես, ի չիք են դարձել, և այս հարաբերությունների շրջանակներում ավելի շատ նշանակություն ունի մեր ընտանեկան միջավայրը, մթնոլորտը, ցանկությունը երեխա ունենալու և այն հնարավորությունները, բնականաբար, որ թույլ են տալիս երեխա ունենալ և լավ պահել:

Եվ այս քայլով մենք միայն ընդլայնում ենք այդ շրջանակը, հնարավորությունները: Ես չեմ կարծում, որ որևէ սահմանում, որ տրվում է այս ծրագրի ներքո, որևէ բանի դեմ է ուղղված: Ես այս գնահատականը համարում եմ զուտ սուբյեկտիվ գնահատական:

– Նաև տեսակետ կա, որ բյուջեն բավականին դժվարին վիճակում է, եկամուտները սուղ են, ու ամեն ինչ արվում է, այդ թվում` այս նախաձեռնությունը, որ բոլոր տեղերից միջոցներ խնայվեն: Թեև կառավարության հաշվարկով` օրենքի արդյունքում բյուջեի բեռը կավելանա:

– Այո, իրականում հակառակն է` այս նախաձեռնությունն ավելացնում է բյուջեի ծախսային բեռը:

– Այդ դեպքում` ինչո՞ւ նման որոշում կայացվեց:

– Վերջին տարիներին խնդրի հետ կապված բազմաթիվ նախաձեռնություններ են եղել, ու պատասխանը եղել է` մեր ռեսուրսները հնարավորություն չեն տալիս ի լրումն, լրացուցիչ ծրագիր իրականացնել: Բայց հիմա, անդրադառնալով ամբողջ կոմպլեքսին, ներկայացվել է այս առաջարկությունը: Արդյունքը, ինչ կընդունվի, կլինի քննարկված և բոլորի կողմից ընդունված նախագիծ: Մենք խոսում ենք սոցիալական պետության կողմից մինչև որոշակի շեմ փոխհատուցում տրամադրելու մասին:

– Այդ շեմն ինչքա՞ն կարող է լինել:

– Մեր առաջարկի համաձայն` նվազագույն աշխատավարձի տասնապատիկը:

– Իսկ եթե ծնելիության բում լինի, եթե շարունակի թիվն աճել, ինչքա՞ն կարող է պետությունը գումար հատկացնել: Թե՞ կրկին փոփոխությունների կարիք կլինի:

– Մենք միայն ուրախ կլինենք, որ ծնելիության բում լինի, և ծնվող երեխաները շատանան, ու այդ բարի նպատակի համար կառավարությունը ստիպված լինի ավելացնել պետական բյուջեի ծախսերը: Դա շատ ողջունելի իրավիճակ կլինի: Մենք պատրաստ ենք այդ ծախսերն անելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս