Մոտ 30 երկրներ ցանկանում են ազատ առևտրի գոտի ստեղծել Մաքսային միության հետ. Սլեպնև
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևը հայտարարել է, որ մոտ 30 երկիր շահագրգռված է Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մեջ:
Նա հավելել է, որ մինչև տարեվերջ հանձնաժողովն ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններ է վարելու Իսրայելի, ապա՝ Հնդկաստանի հետ. «Որոշում է ընդունվել Եգիպտոսի հետ խմբի աշխատանքները վերսկսելու մասին:
Դա այն օրակարգն է, որն այսօր ունենք, թեև բնականաբար հերթում գտնվողները շատ ավելին են՝ մոտ 30 գործընկեր երկրներ, որոնք այս կամ այն չափով հետաքրքրություն են ցուցաբերել մեր միության հետ ազատ առևտրի ռեժիմին:
Ներկայումս քաղաքական պատճառներով սառեցված են մնում Նոր Զելանդիայի, ինչպես նաև Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի (Իսլանդիա, Շվեյցարիա, Նորվեգիա ու Լիխտեյնշտեյն) հետ բանակցությունները: Մոտ ապագայում Մաքսային միությունը տարբեր պատճառներով պատրաստ չի լինի գործընկերներից շատերի հետ ազատ առևտրի գոտու ստեղծմանը»: